Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վերջին երկու շաբաթներին ռիսկային երկրներից Գեղարքունիքի մարզ են ժամանել 21 համաքաղաքացիներ

Մարտ 12,2020 22:55

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքային թիմ

Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքերով պայմանավորված Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ստեղծվել է աշխատանքային թիմ, որի առաջին նիստը տեղի ունեցավ 2020 թվականի մարտի 12-ին, Գեղարքունիքի մարզպետարանում՝ աշխատանքային թիմի անդամների մասնակցությամբ: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետ, աշխատանքային թիմի ղեկավար Գնել Սանոսյանը: Մարզում կորոնավիրուսով պայմանավորված դեպքերի հետ կապված իրավիճակը ներկայացրեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղի աշխատակից Ժաննա Մակարյանը: Նա նշեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ռիսկային երկրներից մարզ են ժամանել 21 համաքաղաքացիներ, որոնցից այս պահի դրությամբ հսկողության տակ են գտնվում 4-ը: Մնացած քաղաքացիները միանգամայն առողջ վիճակում են:

Հրահանգված է կրթական և նախակրթական հաստատություններն ապահովել մշտական ջրով և ախտահանիչ նյութերով, բուժաշխատակիցների միջոցով ապահովված է ամենօրյա հերթապահություն և վերահսկողություն: Ինչպես նշեց թիմի անդամ, մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Սիմոն Մանուկյանը, մարզում առանձնացված են այն չորս հյուրանոցային համալիրները, որտեղ, անհրաժեշտության դեպքում, կմեկուսացվեն և բուժում կստանան հայտնաբերված հիվանդները: Աշխատանքային թիմի մյուս անդամների առաջարկությամբ՝ նպատակահարմար գտնվեց չեղարկել նախoրոք հայտարարված մասսայական բնույթի միջոցառումները և նվազագույնի հասցնել մարդկային կուտակումները և շփումները:

«Մենք առաջին հերթին պետք է ի հայտ բերենք ռիսկային բոլոր վտանգները և հստակեցնենք մեր գործողությունների պլանը: Առաջին հերթին հարկավոր է այնպես անել, որ մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ չստեղծվեն: Հարկավոր է աշխատանքային ժամերից դուրս պահպանել հերթապահության ռեժիմը առաջնային առողջության պահպանման օղակում և հայտնաբերված դեպքերի մասով ձեռնարկել համապատասխան միջոցներ: Այն դպրոցներում, որտեղ բուժքույրերի կարիք է զգացվում, հարկավոր է բացը լրացնել բուժամբուլատորիաների մասնագետների հաշվին»,- նշեց Գնել Սանոսյանը:

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծված աշխատանքային թիմին հանձնարարվեց Գեղարքունիքի մարզպետի հաստատմանը ներկայացնել երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով /դեպքերով (COVID-19) պայմանավորված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման և գործողությունների պլանը:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031