Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է աշխատանքային կցորդներ ունենալ գոնե այն երկրներում, որտեղ ամենաշատ աշխատանքային միգրանտներ կան ՀՀ-ից. Տաթևիկ Բեժանյան

Մարտ 13,2020 18:26

ՆԵՐԱԾՈւԹՅՈւՆ

Դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանում պլանային տնտեսության պայմաններում Հայաստանում գոյություն ունեին արտագնա աշխատանքի մեկնողներ (այսպես կոչված՝ խոպանչիներ), որոնք, որպես կանոն, մեկնում էին ԽՍՀՄ անդամ երկրներ։

ԽՍՀՄ փլուզումը, արտադրական հզոր ձեռնարկությունների գործունեության դադարեցումը, տնտեսության անցումը պլանայինից շուկայականի, 1988թ․ երկրաշարժի ավերածությունները հանգեցրեցին գործազրկության կտրուկ աճի ու աշխատանքային էմիգրացիոն մեծ հոսքերի։ Հոսքերն արդեն ուղղված էին դեպի նախկին ԽՍՀՄ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն։ Սա ուներ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Առաջինը կապերն էին, որոնք դեռևս կային, երկրորդը՝ ընդհանուր լեզվի՝ ռուսերենի իմացությունն այդ երկրներում, երրորդը՝ միևնույն երկրում կարճատև ապրած լինելու հանգամանքը։

1988-1994թթ․ Հայաստանից մեկնեցին նաև գիտա-մշակութային գործիչները, ովքեր ոչ միշտ էին որպես աշխատանքային միգրանտներ մեկնում ու ոչ միշտ էին կարողանում մասնագիտական աշխատանքով զբաղվել։ Այս տարիները համարվում են «ուղեղների արտահոսքի» շրջան։

Աշխատանքային էմիգրացիոն հոսքերն այսօր էլ շարունակվում են։ Իհարկե, հստակ հնարավոր չէ ասել, թե որքան աշխատանքային միգրանտ ունի ՀՀ-ը, սակայն հետազոտությունները տալիս են որոշակի պատկերացումներ այդ հոսքերի և դրանց միտումների մասին։

Համաձայն 2017թ․ և 2019թ․ իրականացված «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը» հետազոտությունների տվյալների՝ 2017թ․ արտագնա աշխատանքներն ապահովում էին երկրի բնակչության աշխատանքային զբաղվածության շուրջ 15%-ը[1],  2018թ․՝ 10%-ից քիչ ավելին[2]։

ՀՀ-ից ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտները մշտապես կազմել են ՀՀ-ից աշխատանքային միգրացիայի առյուծի բաժինը։ Սակայն ՌԴ մեկնում են ոչ բարձր որակավորում պահանջող մասնագիտությունների գծով աշխատելու նպատակով՝ հիմնականում շինարարության և ծառայությունների ոլորտներում։

2000-ականների վերջից ԵՄ երկրները՝ պայմանավորված բնակչության քանակի նվազմամբ և բարձր որակավորում ունեցող մասնագետների թվի նվազմամբ, որոշեցին այդ բացը համալրել ոչ ԵՄ անդամ, երրորդ երկրների մասնագետների միջոցով։ 2009թ․ մշակվեց մի գործիք, որը  ստացավ «Կապույտ քարտ» անվանումը, ինչը բարձր որակավորում ունեցող մասնագետներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ  մուտք գործել ԵՄ աշխատաշուկա։

Վերջին 3-4 տարիների ընթացքում ՀՀ աշխատանքային միգրացիայի նոր ուղղություն է բացվել դեպի Չինաստանի ժողովրդական Հանրապետություն։ Այս ուղղությունը յուրօրինակ կրթա-մշակութային աշխատանքային միգրացիա է, քանի որ այդ երկիր մեկնում են օտար լեզուների մասնագետները (անգլերեն, ռուսերեն) և արվեստի (պար, նկարչություն, երաժշտություն) ու սպորտի բնագավառներում աշխատողները։

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻՆ ՈւՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

2014թ. մայիսի 29-ին կնքվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը[3], որն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 2-ից։ Անդամ երկրներն են` Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը։

Պայմանագրի XXVI բաժինը կոչվում է  «Աշխատանքային միգրացիա», որի 3 հոդվածները վերաբերվում են միայն և բացառապես աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքի անդամներին․

Հոդված 96․ Աշխատանքային միգրացիայի ոլորտում անդամ պետությունների համագործակցությունը

Հոդված 97․   Անդամ պետությունների աշխատավորների աշխատանքային գործունեությունը

Հոդված 98․   Անդամ պետության աշխատավորի իրավունքները և պարտականությունները։

ԵԱՏՄ համաձայնագրով սահմանվում է, որ աշխատանքային միգրանտների ներգրավումն աշխատանքի տեղավորման պետության գործատուների կողմից իրականացվում է առանց ազգային աշխատաշուկայի պաշտպանության նկատառումներով սահմանափակումների կիրառման, իսկ աշխատանքային միգրանտներից չի պահանջվում Կողմերի պետությունների տարածքներում աշխատանքային գործունեության իրականացման նպատակով թույլտվություն:

Փաստաթուղթը երկու հիմնական հարցերի է առնչվում, որոնցով սահմանվում են այլ նորմեր, քան օտարերկրացիների համար ԵԱՏՄ անդամ պետություններում սահմանված նորմերն են: Դրանք են`

ա) աշխատանքային միգրանտներից չի պահանջվում Կողմերի պետությունների տարածքներում աշխատանքային գործունեության իրականացման նպատակով թույլտվություն,

բ) աշխատող միգրանտները և նրանց ընտանիքի անդամներն ազատվում են աշխատանքի տեղավորման, պետության իրավասու մարմիններում գրանցման/հաշվառման կանգնելուց աշխատանքի տեղավորման պետություն մուտք գործելու պահից 30 օրվա ընթացքում։[4]

ԵԱՏՄ պայմանագրի 97-րդ հոդվածը սահմանում է աշխատանքային միգրանտների իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝ մասնագիտական աշխատանքով զբաղվելը, սոցիալական պաշտպանությունը, անհետաձգելի բժշկական օգնությունը, ունեցվածքի տնօրինումը, արհմիություններին անդամակցությունը։

2016թ. հոկտեմբերի 27-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջև միգրացիոն գործընկերության վերաբերյալ» համաձայնագիրը։ Համաձայնագրի նպատակն է զարգացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը և գործընկերությունը միգրացիայի բնագավառում։

Համաձայնագրով սահմանվում են ուսանողների, երիտասարդ մասնագետների, որակավորված  մասնագետների տեղաշարժերի ընթացակարգերը, աշխատանքի նպատակով կացության քարտի տրամադրումը, սոցիալական և տնտեսական վերաինտեգրումը, անօրինական ներգաղթի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը։ Հայկական  կողմը  վավերացրել  է   համաձայնագիրը,  իսկ ֆրանսիական կողմը՝ դեռևս ոչ։

2018թ․ փետրվարի 12-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագիր[5]: Համաձայնագիրը վերաբերվում է աշխատողների այն կատեգորիաներին, ովքեր համաձայնագրի շրջանակներում կնքել են աշխատանքային պայմանագիր և ում տրամադրվել է կացության թույլտվություն՝

ա) աշխատողներ՝ մեկ տարի սկզբնական ժամկետով՝ մինչև ընդհանուր երեք տարի ժամկետով հետագա երկարաձգման հնարավորությամբ,

բ) սեզոնային աշխատողներ՝ յուրաքանչյուր տարի՝ ոչ ավել, քան ինն ամիս ժամկետով։

Համաձայնագրի շրջանակներում մյուս կողմի տարածքում ՀՀ և ԲՀ քաղաքացիների մուտքի, գտնվելու և զբաղվածության հետ կապված հարցերը կարգավորվում են ընդունող կողմի ներպետական օրենսդրությամբ։ Աշխատանքային միգրանտներին կարող են ուղեկցել նրանց ընտանիքի անդամները՝ համաձայն ընդունող կողմի ներպետական օրենսդրության։

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԷՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԸ ՀՀ-ԻՑ ԴԵՊԻ ՌԴ

ՀՀ-ից մեկնող էմիգրացիոն հոսքերի 93%-ը կազմում են աշխատանքային միգրանտները, որոնց հիմնական մասը սեզոնային աշխատանքային միգրանտներն են, իսկ աշխատանքային միգրանտների 89%-ը մեկնում է ՌԴ[6]։ Հետևաբար ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, ՌԴ տնտեսության վիճակի տատանումներն անմիջական ազդեցություն են ունենում ՀՀ-ից էմիգրացիոն հոսքերի վրա։ ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտները հիմնականում ոչ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, որոնք զբաղված են շինարարության և ծառայությունների ոլորտներում։

ԵԱՏՄ անդամակցությունից հետո ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների գործունեությունը որոշակիորեն հեշտացավ։ Այլևս թույլտվության բնույթի փաստաթղթերի կարիք չկար ՌԴ-ում աշխատելու համար, սակայն, սրան զուգահեռ խստացավ միգրացիոն օրենսդրությունը (2015թ․ հունվարի 2-ից)։ Շուրջ 11 գերատեսչությունների գծով միգրանտի կատարած խախտման համար սահմանվեց մուտքի արգելք 1-10 տարի ժամկետով։ Իսկ 3 գերատեսչությունների՝ Սանիտարահիգիենիկ պետական հսկողության ծառայության, Արդարադատության նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության կողմից մուտքի արգելք կարող է դրվել անժամկետ։ Եթե առաջին 2-ի դեպքում որոշումը հնարավոր է բողոքարկել դատարանում և ապացույցների առկայության դեպքում դատարանի վճռով վերացնել արգելքը, ապա Անվտանգության դաշնային ծառայության պարագայում դա պարզապես անհնար է։

Ի՞նչ պետք է իմանա աշխատանքային միգրանտը ՌԴ մեկնելիս

ա) ՌԴ մուտք գործելիս սահմանին անհրաժեշտ է լրացնել միգրացիոն քարտ, որտեղ «Այցի նպատակը» բաժնում աշխատանքային միգրանտը պետք է նշի «Աշխատանք» բառը, հակառակ դեպքում նա չի կարող աշխատել ՌԴ տարածքում։ Միգրացիոն քարտի A մասը մնում է սահմանապահի մոտ, Б մասը՝ միգրանտի, իսկ երկրից դուրս գալիս այն   անհրաժեշտ է վերադարձնել սահմանապահին։ Միգրացիոն քարտի կորստի դեպքում միգրանտի  մուտքը կարող է  փակվել։

բ) ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում աշխատելու համար պատենտ և թույլտվական բնույթի այլ փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտություն չունեն։ Պարզապես ՌԴ մուտք գործելուց հետո 90 օրվա ընթացքում ՀՀ քաղաքացին պետք է կնքի աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր։

գ) մուտքի օրվանից սկսած 30 օրվա ընթացքում պետք է կանգնել Միգրացիոն հաշվառման միայն  փաստացի բնակության վայրում։ Եթե արդեն աշխատում եք ՌԴ-ում և ՌԴ տարածքում մի վայրից տեղափոխվում եք մեկ այլ վայր աշխատելու և բնակվելու համար, միգրացիոն հաշվառման պետք է կանգնել 7-օրյա ժամկետում։

Աշխատանքի վայրի հասցեով հաշվառումը հանվել է (Գործատուն աշխատանքի վայրի հասցեում չի կարող հաշվառել միգրանտին, եթե միգրանտը չի բնակվում տվյալ հասցեում)[7]:

Երեխային միգրացիոն հաշվառման կանգնեցնելը պարտադիր է։ Ծնվելը միգրացիոն հաշվառման վերցնելու հիմքերից մեկն է (ծննդյան վկայականը)։ Միգրացիոն հաշվառման բացակայությունը հիմք է խնամակալության մարմինների կողմից երեխային վերցնելու համար։

Միգրացիոն հաշվառումից հանելու հիմքերն են՝

1.Օտարերկրացու կողմից ՌԴ տարածքը լքելը,

2.Օտարերկրացու մահը ՌԴ տարածքում,

3.ՌԴ տարածքում գտնվող օտարերկրացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի ուժի մեջ մտած վճիռը,

4.Օտարերկրացու կողմից ՌԴ քաղաքացիության ձեռքբերումը։

2018թ. օգոստոսի 10-ից ուժի մեջ է մտել նաև 5-րդ կետը, համաձայն որի՝ միգրացիոն հաշվառումից հանելու հիմք է նաև միգրանտի հեռանալը գտնվելու վայրից (местo пребывания)։ Թե՛ միգրացիոն հաշվառումը, թե՛ հաշվառումից հանելն իրականացնում է ընդունող կողմը[8]։

 Շտապ բժշկական օգնություն

Շտապ բժշկական օգնությունը, որն անհրաժեշտ է դարձել հանկարծահաս հիվանդությունների, դժբախտ պատահարների, վնասվածքների, թունավորումների դեպքում, անվճար է և կապ չունի՝ անձը ՌԴ-ում օրինական է գտնվում, ունի բժշկական ապահովագրություն, թե ոչ: Նման դեպքերում առաջին օգնությունը սովորաբար տրամադրում  են հրշեջները, փրկարարները և շտապօգնության բրիգադները:

Շտապ բժշկական օգնությունը բժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրվում է հանկարծահաս հիվանդությունների, դժբախտ պատահարների, վնասվածքների, թունավորումների և անհապաղ բժշկական միջամտություն պահանջող այլ պայմանների դեպքում: Բժիշկները հիվանդին բերում են կայուն վիճակի, բայց հետագա բուժումը հնարավոր է իրականացնել միայն բժշկական ապահովագրության առկայության կամ ծառայությունների դիմաց վճարի դեպքում:

ՀՀ քաղաքացի միգրանտների կատարած հիմնական խախտումները ՌԴ-ում

ա) Գտնվելու ժամկետների խախտում

Եթե ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը խախտել են և առանց աշխատանքային պայմանագրի այնտեղ գտնվել  91-180 օր, ապա նրանց մուտքը կարգելվի 3 տարով:

Եթե ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը խախտել են և այնտեղ մնացել 181-270 օր, ապա նրանց մուտքը կարգելվի 5 տարով:

Եթե ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը խախտել են և այնտեղ մնացել 271 օր և ավելի, ապա նրանց մուտքը կարգելվի 10 տարով:

բ) Անօրինական միգրացիայի կազմակերպում

ՀՀ քաղաքացիները հաճախ ոչ կանխամտածված դառնում են անօրինական միգրացիայի կազմակերպիչներ։ Դա վերաբերում է  այն դեպքերին, երբ միգրանտներին որպես աշխատուժ տանում են ՌԴ և չեն ապահովում, որ նրանց հետ կնքվի աշխատանքային պայմանագիր և նրանք հաշվառվեն իրենց փաստացի բնակության վայրում։ Նման փաստի հայտնաբերման դեպքում, անձը մեղադրվում է անօրինական միգրացիայի կազմակերպման մեջ, միգրանտներին սովորաբար վտարում են երկրից, իսկ տվյալ անձին դատապարտում որպես քրեական հանցագործի:

գ) Անօրինական մուտք

2015թ․ ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումներից հետ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների մուտքն արգելվեց ՌԴ տարածք տարբեր պատճառներով և տարբեր ժամկետներով։ Ինչ-ինչ պատճառներով մուտքի արգելքով կամ դատարանի վճռով արտաքսված ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ փորձեցին մուտքի արգելքի պարագայում մուտք գործել ՌԴ՝ անուն, ազգանուն կամ այլ տվյալներ փոխելով և նոր փաստաթղթեր ձեռք բերելով։ Սա համարվում է անօրինական մուտք: Եթե խախտումը հայտնաբերվում է սահմանին, թույլ չեն տալիս մուտք գործել երկիր, եթե հայտնաբերվում է երկրի ներսում, կա՛մ արտաքսում են մինչև 10 տարով կա՛մ դատապարտում են որպես քրեական հանցագործի:

դ) Ալկոհոլի օգտագործումը հասարակական վայրում

Հասարակական վայրում ալկոհոլ օգտագործելը (ինչպես նաև բնակելի շենքերից մինչև 15 մետր շառավղով տարածքում ծխելը) համարվում է վարչական խախտում և պատժվում է տուգանքով 500 ռուբլու չափով: 2 վարչական խախտման դեպքում անձի մուտքն արգելվում է ՌԴ տարածք 3 տարի ժամկետով:

ե) Ոչ պարկեշտ բառերի օգտագործումը հասարակական վայրում

Հասարակական վայրում ոչ պարկեշտ բառերի օգտագործելը համարվում է վարչական խախտում և պատժվում է տուգանքով 500 ռուբլու չափով: 2 վարչական խախտման դեպքում անձի մուտքն արգելվում է ՌԴ տարածք 3 տարի ժամկետով:

զ) Ոստիկանության աշխատակցին վիրավորելը ծառայողական պարտականությունները կատարելիս

Ոստիկանության աշխատակիցը համարվում է իշխանության ներկայացուցիչ, և նրան վիրավորելը ծառայողական պարտականությունները կատարելիս համարվում է պատժելի արարք, ինչի համար նախատեսվում է տուգանք 10․000-40․000 ռուբլու չափով:

է) Կաշառք տալը

ՌԴ-ում որևէ խնդրի հանդիպելիս պետք չէ շտապ գումար տալ և լուծել այն: Կաշառք տալը քրեորեն հետապնդելի արարք է և կարող է պատժվել 50․000 ռուբլի տուգանքից մինչև 3 տարի ազատազրկմամբ:

ը) Ձեռնարկատիրությամբ զբաղվելը

ՌԴ-ում ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար ՀՀ քաղաքացիները գնում են ՌԴ քաղաքացու անվամբ գրանցված ԱՁ-ի փաստաթուղթ, ինչը քրեական հանցագործություն է և կարող է հանգեցնել արտաքսման մինչև 10 տարի ժամկետով։ Միգրանտների համար կա ձեռնարկատիրությամբ զբաղվելու ավելի հեշտ և օրինական ճանապարհ։

Միգրանտների՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելը

Ո՛չ ԱՁ (անհատ ձեռնարկատեր), ո՛չ կորպորատիվ, ո՛չ ԲԸ (բաժնետիրական ընկերություն), այլ ՍՊԸ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) գրանցելն է ամենահարմար տարբերակը միգրանտների համար: Գրանցումն անհամեմատ հեշտ է, մշտական (կամ որևէ) գրանցում պետք չէ, հարկերը վճարելու մեխանիզմն է դժվար, բայց հարկերն անհամեմատ քիչ են:

ՍՊԸ  գրանցելու  համար անհրաժեշտ է՝

1.Վարձակալել գրասենյակ (պահեստ, վաճառակետ, արտադրական տարածք) իրավաբանական հասցեով:

2.Վճարել պետական տուրք 4․000 ռուբլու չափով:

3.Թարգմանել անձնագիրը նոտարական վավերացմամբ:

4.Գրանցման ծառայությունների վճարման համար բանկում բացել անձնական հաշիվ (մոտավորապես 15.000 ռուբլի + գրասենյակի վարձակալությունը):

5.Անձամբ դիմել հարկային ծառայություն (լրացնել ձևաթուղթը) կամ դիմել փոքր ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիայի տարածքային կենտրոն (ТАРМБ), որը տրամադրում է պետական աջակցություն մատչելի գներով և կարճ ժամանակահատվածում:

6.Ստանալ  հարկայինի և ոչ բյուջետային ֆոնդերի գրանցման ձևաթղթերը:

7.Ինքներդ Ձեզ նշանակել տնօրեն, Ձեզ հետ կնքել պայմանագիր և պայմանագրի կնքման մասին տեղեկացնել միգրացիոն ծառայությանը:

8.Հետագայում հնարավոր է երկարաձգել մնալը պայմանագրի ժամկետով (1 տարի, 3 տարի, 5 տարի):

9.Կարելի է դիմել միգրանտների հաշվապահական ֆիրմաներ (ավելի էժան է) և վարձել հաշվապահի փաստաթղթերի կազմման ժամանակ:

10.Վճարել այն բոլոր հարկերը, որը կառաջարկի հաշվապահը:

11.Այլ միգրանտների՝ որպես աշխատուժ վարձելու դեպքում նրանց հետ կնքած պայմանագրերն անպայման ուղարկել միգրացիոն ծառայության տարածքային կենտրոն:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԷՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԸ ՀՀ-ԻՑ ԴԵՊԻ ԵՄ

ԵՄ երկրներն աշխատանքային էմիգրացիոն հոսքերը կարգավորում են՝ ելնելով սեփական աշխատաշուկայի պաշտպանությունից։ Գործատուն պետք է հիմնավորի, թե ինչու է ցանկանում վարձել օտարերկրյա աշխատողի։

ԵՄ երկրները ոչ ԵՄ անդամ երկրներից հիմնականում տանում են բարձր որակավորում ունեցող մասնագետներին։ Տարբեր երկրներ տարբեր չափորոշիչներ են կիրառում սահմանելու համար, թե ով է բարձր որակավորում ունեցող մասնագետը։ Հիմնականում բարձր որակավորման աշխատող է համարվում այն անձը, ում տարեկան աշխատավարձն (հարկերը ներառյալ) առնվազն 1,5 անգամ գերազանցում է տվյալ երկրի միջին բազային աշխատավարձը (օրինակ, Ֆրանսիայի դեպքում դա կազմում է 53․836․50 եվրո տարեկան, հարկերը ներառյալ, Բելգիայի դեպքում՝ 40,124)[9]։

Որպես կանոն աշխատանքի թույլտվությունն անհրաժեշտ է ստանալ մինչև մեկնելը: Աշխատանքի  թույլտվության  ստացման  հարցով  զբաղվում է  գործատուն։

  • ԵՄ երկրներում վարձու աշխատանք կատարելու ցանկություն ունեցող օտարերկրացիներն  աշխատանքի թույլտվության հիման վրա կարող են դիմել    մուտքի  արտոնագիր  ստանալու  համար:
  • Իսկ տվյալ երկիր մուտք գործելուց հետո անհրաժեշտ է դիմել կացության թույլտվություն  ստանալու համար,  որը տրվում է այն նույն ժամկետով, որը տրվել  է  աշխատանքի թույլտվության համար:

   Աշխատանքի  թույլտվությունն անվավեր  է առանց կացության թույլտվության։

Բարձր որակավորում ունեցող մասնագետները պետք է ներկայացնեն՝

  • Բարձր մասնագիտական որակավորման ապացույց,
  • Աշխատանքային պայմանագիր առնվազն 1 տարի ժամկետով,
  • Ճամփորդական փաստաթղթեր,
  • Առողջության ապահովագրության ապացույց։

Կապույտ քարտ[10]

Կապույտ քարտը բնակության և աշխատանքի հատուկ թույլտվություն է, որը դյուրացնում է այն ձեռք բերողի մուտքն աշխատաշուկա, նրան տալիս է ապրելու և աշխատելու, ընտանիքի վերամիավորման  և ԵՄ-ի տարածքում ազատ տեղաշարժի իրավունք։ Քարտն ապահովում է նաև համահավասար մոտեցում ընդունող երկրի քաղաքացիների հետ հետևյալ հարցերում՝

  • Աշխատանքային պայմաններ,
  • Մասնագիտական կրթություն և ուսուցում,
  • Դիպլոմների և որակավորման ճանաչում,
  • Սոցիալական ապահովություն,
  • Հանրությանն առաջարկվող ապրանքների և ծառայությունների/տրանսպորտ, թանգարան, ռեստորան և այլն/ մատչելիություն/հասանելիություն։

Ինչպե՞ս ստանալ

Անհրաժեշտ է դիմել համապատասխան ազգային իշխանություններին անձամբ կամ գործատուի միջոցով։ Կախված երկրի օրենսդրությունից՝ հնարավոր է դիմումավճար մուծելու անհրաժեշտություն լինի։ Քարտը տրվում է 1-4 տարի ժամկետով, կարող է նորացվել միևնույն ժամանակահատվածի համար, քանի դեռ պայմանները բավարարված են։ Որոշումը կայացվում է դիմումի գրանցումից հետո 90 օրվա ընթացքում։

Դիմումը պարտադիր կմերժվի, եթե պայմանները բավարարված չեն, ոչ ճիշտ տեղեկատվություններ են ներկայացված կամ դիմողը կարող է սպառնալիք հանդիսանալ հանրային անվտանգությանը, առողջությանը։

  • Դիմումը կարող է մերժվել, եթե տվյալ երկրի բնակիչը կամ ԵՄ անդամ երկրի աշխատողը կարող է լրացնել թափուր տվյալ աշխատատեղը,
  • գործատուն աշխատանքի է ընդունել մեծ թվաքանակով միգրանտների՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի, ելքի երկիրը ունի տվյալ որակավորված մասնագետի կարիքը։

Կարող է չեղյալ համարվել կամ մերժվել նորացնելը, եթե միգրանտը չունի բավարար ֆինանսական միջոցներ իրեն և իր ընտանիքի անդամներին պահելու համար, կամ միգրանտը 3 ամիս շարունակ գործազուրկ է։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԷՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԸ ՀՀ-ԻՑ ԴԵՊԻ ՉԺՀ[11]

Վերջին 2-3 տարիների ընթացքում աշխատանքային միգրացիայի նոր ուղղություն է դարձել Չինաստանը։ Այս ուղղությամբ մեկնում են օտար լեզուների մասնագետները (անգլերեն, ռուսերեն) և արվեստի (պար, նկարչություն, երաժշտություն) ու սպորտի բնագավառների աշխատողները։

Տարբեր գնահատականներով՝ 2019թ․ հայկական անձնագրերով անձանց թիվը Չինաստանում կազմել է 2500: Նրանց հիմնական մասը երիտասարդներ են՝ մինչև 35 տարեկան։

Ի՞նչ պայմանների պետք է բավարարել Չինաստանում աշխատանք գտնելու համար

Չինական դպրոցներում կարող է դասավանդել այն մասնագետը, ով ունի դասավանդման միջազգային նորմերին համապատասխանող որակավորում ու կարող է ապացուցել իր գիտելիքներն ու փորձը:

Աշխատելու նպատակով Չինաստան մեկնելու համար անհրաժեշտ է ունենալ աշխատանքային վիզա[12], իսկ աշխատանքային վիզա ստանալու համար՝ հրավեր։ Աշխատանքային վիզա պետք է ստանալ այն մասնագիտության համար, որով պետք է աշխատել։ Առանց աշխատանքային վիզայի կամ այլ մասնագիտության համար ձեռք բերված աշխատանքային վիզայի դասավանդելը կարող է հանգեցնել արտաքսման և 5 տարով Չինաստան մուտքի արգելքի։

 ԱՄՓՈՓՈՒՄ

ՀՀ անկախությունից ի վեր աշխատանքային միգրացիան եղել է երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի և գործազրկության մեղմման գործոն։ Տարբեր տարիներին աշխատանքային միգրացիայի արդյունքում արտերկրից դրամական փոխանցումները կազմել են ՀՀ ՀՆԱ-ի մինչև 20%-ը՝ փաստացի աշխատանքային միգրացիան դարձնելով ՀՀ տնտեսության ոչ ֆորմալ ճյուղերից մեկը։

Ուղարկված ֆինանսական միջոցները ծախսվել են կրթության, առողջապահության, բնակարանի ձեռքբերման, առօրյա, կենցաղային խնդիրները լուծելու նպատակով։ Ցավոք ներդրումները շատ քիչ տոկոս են կազմել, օրինակ 2016թ․՝ 1,6 %[13]։ Ի հակադրություն այս ցուցանիշի՝ նշված ժամանակահատվածում միգրանտների կողմից ՀՀ-ում կառուցվել է 200 նոր եկեղեցի[14]։

ՀՀ  քաղաքացի աշխատանքային միգրանտները և նրանց ընտանիքի անդամները կարիք ունեն ֆինանսական գրագիտության։ Մյուս կողմից ուրախալի է, որ ՀՀ-ում արդեն սկսել են  ներդրվել այնպիսի գործիքներ, որոնց շնորհիվ միգրանտի ուղարկած դրամական փոխանցումները կներդրվեն տնտեսության մեջ։

2020թ․-ից մեկնարկում է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (lEAD)՝ ԵՄ-ի կողմից  ֆինանսավորվող ծրագիրը, որի բաղադրիչներից մեկն էլ  ուղղված  է աշխատանքային միգրանտների, վերադարձող քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների զորեղացմանը՝ արտերկրից դրամական փոխանցումները տեղական զարգացման մեջ ներդնելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով։ Ծրագրի  շրջանակներում ՀՀ-ում բիզնես սկսող միգրանտին կամ նրա ընտանիքի անդամին իրենց կողմից կատարված ներդրման չափով ֆինանսական միջոցներ կտրամադրվեն։ Սակայն այս դաշտը դեռ նոր է ձևավորվում և զարգացման մեծ հնարավորություններ ունի։

Այս ամենով հանդերձ՝ ՀՀ աշխատանքային միգրանտներն արտերկրում, մասնավորապես՝ ՌԴ-ում, շարունակում են մնալ անպաշտպան և ոտնահարված իրավունքների պարագայում միայնակ՝ իրենց խնդիրների հետ։ Վաղուց անհրաժեշտություն է նրանց իրավունքների պաշտպանությունն արտերկրում, մասնավորապես՝ ՌԴ-ում։ Այսօր այդ գործն իրենց վրա են վերցրել դաշտում գործող հասարակական կազմակերպությունները։

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը ՌԴ-ում գործող «Թոնգ Ջահոնի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության միջոցով իրականացնում է աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանություն ՌԴ-ում, եթե ծագել են միգրացիոն խնդիրներ ոստիկանության աշխատակիցների, միգրացիոն ծառայության աշխատակիցների, սահմանապահների և մաքսային ծառայողների, գործատուի, վարձակալած բնակարանի սեփականատիրոջ հետ, անհրաժեշտության դեպքում ներկայացնում են նրա շահերը դատարանում[15], և այս ամենը, բնականաբար, անվճար։

Սակայն սրանք ժամանակավոր լուծումներ են, անհրաժեշտ է համակարգային լուծում։ Ժամանակն է ունենալ աշխատանքային կցորդներ գոնե այն երկրներում, որտեղ ունենք ամենաշատ աշխատանքային միգրանտները, դիցուք՝ ՌԴ-ում։ Հակառակ դեպքում ստացվում է, որ պետությունը միայն օգտվողի դերում է, իսկ երբ գալիս է իրավունքների պաշտպանության փուլը, նա պարզապես բացակայում է։

Տաթևիկ ԲԵԺԱՆՅԱՆ

ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ,  

Միգրացիայի հարցերով փորձագետ 

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը», Հայ-սլավոնական համալսարան, 2017թ․

[2] «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը», Հայ-սլավոնական համալսարան, 2019թ․

[3]Договор о Евразийском экономическом союзе

[4] 30 օրից ավելի մնալու պարագայում պարտավոր են 30-րդ օրն ունենալ միգրացիոն հաշվառում, հակառակ դեպքում կարող են հայտնվել անօրինական միգրանտի կարգավիճակում (հեղինակային)։

[5]Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին համաձայնագիր

[6] «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը», Հայ-ռուսական համալսարան, 2019թ․

[7] Статья 2. Основные понятия, используемые в настоящем Федеральном законе

[8] Օտարերկրացի բնակչին 7 օրից ավել հաշվառման հասցեից բացակայելու պարագայում միգրացիոն հաշվառումից չհանելու դեպքում բնակարանի սեփականատերը տուգանվում է  2000-5000 ռուբլով։

[9] Moving to the European Union?

[10] Migration and Home Affairs

[11] Թվերը և տվյալները տրամադրվել են ՉԺՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից։

[12] About Chinese Visa

[13] «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը», Հայ-ռուսական համալսարան, 2016թ․

[14] Անտոնյան Յուլյա, «Միգրանտների եկեղեցիները․ կրոնը որպես սոցիալական ինտեգրման գործիք» գրքի պրեզենտացիան ներկայացվել է «Արևելյան քրիստոնեություն. միգրացիա և հաշտություն» թեմայով գիտաժողովի ժամանակ։

[15] Միգրանտների աջակցություն և խորհրդատվություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031