Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը Գյումրու քաղաքային տրանսպորտը լավ չի վերահսկում

Մարտ 25,2020 18:23

Այսօր վաղ առավոտից  ճանապարհային ոստիկանության մեքենաները շրջում են Գյումրու բոլոր թաղերով, տների ու շենքերի բակերով՝ նախազգուշացնելով մնալ տանը ու կատարել ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ  պարետի որոշումը։

Այսօր շրջել ենք Գյումրու բանուկ հատվածներում, ամենամեծ թաղամասերից մեկում՝ «Անի»-ում։ Փողոցները համարյա  դատարկ են, հատուկենտ մարդիկ են դրսում, ընդ որում բժշկական դիմակներով, ձեռնոցներով  ու նկատելի էր, որ հենց առևտուր անելու համար էին տանից դուրս եկել․ ձեռքերին սնունդով լի տոպրակներ էին։
   

Պարետի որոշումը հատկապես կենտրոնական հատվածներում  արտակարգ էր  պահպանվում, նույնիսկ այն աստիճան, որ մի պահ այնպիսի տպավորություն ունեցա, թե այս քաղաքի միակ բնակիչը ե՛ս եմ։

Ոստիկանության մեքենաները «Հայուհու» հրապարակում կանգնած հսկում էին մեքենաների տեղաշարժը, ուղևորների քանակը։  Ականատես եղանք, որ  Գյումրու քաղաքապետարանը  գրեթե բոլոր փողոցներում ախտահանման աշխատանքներ էր իրականացնում՝ գեթ մեկ վայրկյան դադար չտալով։

Աղբարկղները դատարկ էին, նկատելի էր, որ  ամեն ինչ անում են հիգիենայի կանոնները պահպանելու համար։

Սակայն նկատենք, որ Գյումրու քաղաքային տրանսպորտը որոշ ժամերի ծանրաբեռնված է աշխատում․ ահազանգ ստացել էինք առավոտյան շուտ, որ միկրոավտոբուսները բավական մեծ թվով ուղևորներով են երթևեկում, ինքներս համոզվեցինք՝ տրանսպորտ նստելով։

Ուղևորները շատ զգուշավոր էին՝ դիմակներով, ձեռնոցներով, երբեմն ախտահանում էին ձեռքերը հենց տրանսպորտի մեջ, հումոր էին անում կորոնավիրուսի թեմայով, սակայն կային նաև կանգնած ուղևորներ։ Իհարկե, գծի տերերին ևս կարելի է հասկանալ․ 1-2 ուղևորով երթևեկելը նրանց ֆինանսական կրախի առջև կկանգնեցի, այդ պատճառով էլ  դանդաղ են աշխատում՝ 45-50 րոպեն մեկ՝ ուղևոր հավաքելով, ամեն դեպքում պարետի որոշումը խախտելը ևս ճիշտ չէ, վարորդները գոնե պիտի հրաժարվեն կանգնած վիճակում ուղևոր տեղափոխելուց։

Իհարկե, մեկ անգամ ևս նշենք, որ ոչ բոլոր ժամերին է այսպես․ քիչ առաջ՝ ժամը 16․00-ի սահմաններում միկրոավտոբուսներն արդեն կիսադատարկ  էին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031