Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը բացասական է ազդում ՀՀ տնտեսության վրա. ակնկալվում է պետական պարտքի աճ. Fitch

Ապրիլ 04,2020 15:18

Fitch վարկանշային միջազգային գործակալությունը վերանայել է Հայաստանի կառավարության արտարժույթով, ինչպես նաև ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները` դրանք պահպանելով «BB-» մակարդակի վրա,  «դրականը» փոխարինելով  «բացասական» հեռանկարով:

Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ կորոնավիրուսը բացասական է ազդում  Հայաստանի տնտեսության վրա` հաշվի առնելով  վերջինիս  կախվածությունը ներմուծումից, Ռուսաստանի տնտեսությունից (մասնավոր փոխանցումների, առեւտրի և  ներդրումների առումներով) և զբոսաշրջությունից: Fitch-ի կանխատեսման համաձայն` Հայաստանը բախվելու է պետական պարտքի աճի` չնայած մակրոտնտեսական քաղաքականությանը և շարունակական բարեփոխումների: Գործակալությունում կարծում են, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը նվազելու է 2019-ի 7.6%-ից մինչև 0.5%`  կորոնավիրուսով պայմանավորված: Fitch-ը կանխատեսում է, որ ՀՆԱ-ի աճը մասամբ կվերականգնվի 2021-ին՝ մինչև 5.5%։  Միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանում իրավիճակը կախված կլինի աշխարհում համավարակի ընթացքից, եթե վարակի երկրորդ ալիք բռնկվի, տնտեսական և ֆիսկալ կանխատեսումները կարող են էականորեն փոխվել:

Գործակալության կանխատեսումների համաձայն`  ընդհանուր պետական պարտքը 2020-ին 53.6%-ից կաճի մինչև 59.2%, իսկ 2021-ին կիջնի 56.0%: Նշվում է նաև, որ կորոնավիրուսի շոկի հետևանքով կթուլանան բանկային ոլորտի հիմքերը: Բացի այդ ստեղված իրավիճակը մեծացրել է արտաքին ռիսկերը ՀՀ տնտեսության համար: Fitch- ի կանխատեսումներով` երկրի ընթացիկ հաշվի դեֆիցիտը կշարունակի բարձր մնալ` 8% 2020-ին, 8.1% 2021-ին` ՀՆԱ հարաբերակցությամբ:

Fitch-ը ենթադրում է, որ Հայաստանը կշարունակի ունենալ հասարակական և քաղաքական կայունություն, իսկ արցախյան հակամարտությունը չի հասնի այն մակարդակին, որ ազդի երկրի տնտեսական և ֆինանսական կայունության վրա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930