Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ երաժշտություն՝ արտակարգ դրության պայմաններում

Ապրիլ 09,2020 12:30

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյան, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան)  հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Դալլաքյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ինչպես արվեստի բնագավառի շատ հաստատություններ, ՀԱՖՆ-ը ՀՀ-ում արտակարգ դրության սահմանումից հետո հնարավորություն չունի հանդիսատեսի հետ կապը պահպանելու, ապա մանրամասնեց. «Մենք չենք կարող համավարակի այս պայմաններում նույնիսկ առանց հանդիսատեսի ուղիղ հեռարձակմամբ համերգներ կազմակերպել, քանի որ սիմֆոնիկ նվագախումբն արդեն ակնկալում է մեկ վայրում հարյուր եւ ավելի երաժիշտների ներկայություն: Նշեմ, որ ֆիլհարմոնիկի երաժիշտները շատ արագ ադապտացվեցին այս իրավիճակին: Նվագախմբի շատ երաժիշտներ անհատական կամ երկու-երեք հոգանոց անսամբլներով կարճ տեսագրություններ են անում՝ կատարելով Բախի, Շուբերտի, Հենդելի, նաեւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Շատերը ցուցադրում են վիրտուոզ կատարողական տեխնիկա եւ ձայնագրության յուրահատուկ հնարներ:  Տեսանյութերում նաեւ հորդորում են ունկնդիրներին մնալ տանը, լսել լավ երաժշտություն եւ չվտանգել իրենց եւ շրջապատի առողջությունը»:

Դիտարկմանը, թե օրերս առցանց «ներկա գտնվեցինք» Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայի իսկապես բարձրարվեստ մեկնաբանմանը, մեր զրուցակիցն ասաց. «Սկսել ենք ՀԱՖՆ-ի համերգների լավագույն տեսագրությունների հեռարձակումները մեր ֆեյսբուքյան էջով: Այո, հեռարձակել ենք Արամ Խաչատրյանի Թիվ 2 սիմֆոնիան, որը տեսագրվել էր 2019թ.-ին DakApp իսպանական ընկերության կողմից եւ երբեւէ չէր հրապարակվել: Մինչ հեռարձակումը, ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ում ղեկավարությամբ անցել է համերգը, տեսանյութի միջոցով խոսեց Խաչատրյանի այս հանճարեղ սիմֆոնիայի երաժշտական յուրահատկությունների մասին եւ հայ ժողովրդի ու համաշխարհային երաժշտության պատմության մեջ վերջինիս դերի եւ արժեքի մասին: Որոշ ցուցադրություններից առաջ նման ճանաչողական տեսանյութերը պարբերական բնույթ կկրեն»: Հավելեց նաեւ, որ ցուցադրել են Վիվալդիի «Տարվա չորս եղանակները» ջութակի կոնցերտը՝ հայտնի ջութակահար Անուշ Նիկողոսյանի եւ «Ասոնանս» անսամբլի կատարմամբ, որը կազմված է  նվագախմբի լավագույն արտիստներից:

«Անցած շաբաթ հեռարձակեցինք թավջութակահար Նարեկ Հախնազարյանի,  ջութակահար Խաչատուր Ալմազյանի եւ ՀԱՖՆ-ի կատարմամբ, Ջիովաննի Սոլլիմայի «Tarantulae Cadenzas» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան եւ աշխարհահռչակ Գոտիե Կապյուսոնի համերգը, որտեղ նա ֆիլհարմոնիկի հետ կատարում է Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը: Այս շաբաթ կներկայացնենք Գերշվինի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը՝ անվանի դաշնակահար Ֆրեդդի Քեմփֆի կատարմամբ եւ դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ: Հետագայում կհնչեն Չայկովսկու 5-րդ եւ 6-րդ սիմֆոնիաների բացառիկ ձայնագրությունները՝ Է. Թոփչյանի ղեկավարությամբ եւ Դվորժակի 9-րդ սիմֆոնիան՝ դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի մեկնաբանմամբ: Ի դեպ, այսօր մեկնարկեցինք «Շնորհակալություն բուժաշխատողին» սոցցանցային ֆլեշմոբը՝  նվագախմբի եւ  մեզ հետ համագործակցած հայտնի հայ եւ օտարերկրյա երաժիշտների մասնակցությամբ:  Ինչպես տեսնում եք, առցանց հարթակում բավականին ակտիվ ենք: Այնպես որ, հետեւեք մեզ, դեռ կլինեն շատ երաժշտական անակնկալներ»,- հավաստիացրեց Աստղիկ Դալլաքյանը:

Խնդրեցինք տեղեկացնել չեղարկված ծրագրերի եւ համավարակից հետո սպասվելիք համերգների մասին։ «Ինչպես գիտեք, այս տարին ֆիլհարմոնիկի համար հոբելյանական է. լրանում է ՀԱՖՆ-ի գործունեության 95 տարին: Իսկապես շատ կարեւոր համերգներ եւ միջոցառումներ հետաձգվեցին: Սպասում էինք հյուրընկալել մեծանուն դիրիժորներ Անդրեյ Բորեյկոյին, Չարլզ Դյութուային, լուրջ բանակցությունների մեջ էինք աշխարհահռչակ Ռիկարդո Մուտիի հետ: Հուսով ենք, դեռ ամեն ինչ կհասցնենք իրականացնել: Այս տարի ողջ աշխարհը նշում է Բեթհովենի 250-ամյակը, մենք նույնպես միացել ենք այդ տոնակատարությանը՝ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» մեկամյա փառատոնով: Ողջ տարվա ընթացքում ծրագրել ենք ներկայացնել նրա գրեթե բոլոր սիմֆոնիաներն ու կոնցերտները՝ այլ հարակից միջոցառումների ուղեկցությամբ: Արտակարգ իրադրության պատճառով հետաձգեցինք նաեւ այս փառատոնի մեկնարկը: Լիահույս ենք, որ այս իրավիճակի ավարտից հետո նոր թափով կանցնենք աշխատանքի, կհասցնենք իրականացնել մեր ծրագրերը եւ բազում հաճելի երաժշտական երեկոներ կպարգեւենք մեր ունկնդրին»,- հուսադրեց ֆիլհարմոնիկի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ
08.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930