Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Մենք միանգամից անձին կզանգենք, կասենք՝ դու շփվել ես վարակակրի հետ, եղբայր կամ քույր իմ». Ավինյանը բացատրում է, թե ինչու են վախեցնում քաղաքացիներին

Ապրիլ 13,2020 16:59 Share

«Ինքնամեկուսացվել է մոտ 7000 անձ: Մի մասը տարբեր ժամանակներում դուրս է եկել, մի մասը վերադարձել է ինքնամեկուսացման: Մոտ 400 խախտում է արձանագրվել, բացատրություն են տվել ոստիկանությունում, թե ուր են գնացել»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել՝ արտակարգ դրության ժամկետը, իրավական ռեժիմը երկարաձգելու հարցով: Նման որոշում էր կայացրել կառավարությունը:

«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը հարցրեց՝ կա՞ն կարմիր գծեր, որոնց հատելու դեպքում հնարավոր է խոսքի ազատության սահմանափակումների վերադառնալ: Ավինյանը պատասխանեց, որ իհարկե, կան, այդ կարմիր գծերը ստեղծվել են արտակարգ դրության նախորդ որոշմամբ, որ վարակակիրների տվյալների վերաբերյալ ապատեղեկատվություն չհրապարակեին, մանիպուլյացիաների չտրվեին. «Մենք հուսով ենք, որ ԶԼՄ-ները եւ առհասարակ հասարակությունը բավականին օբյեկտիվ է գնահատում իրավիճակը ու պաշտոնական տեղեկատվության նկատմամբ կա մեծ վստահություն ու մենք այս պահին ռիսկ չենք տեսնում, որ ԶԼՄ-ները ակտիվ ապատեղեկատվություն կփորձեն տարածել: Եթե նման ռիսկ առաջանա, մենք կվերանայենք որոշումը:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթվանից, կախված, իհարկե, այս շաբաթվա արդյունքներից, նախատեսում են մշակող արդյունաբերության մեջ թույլատրել հագուստի արտադրությունը, ապրիլի 20-ից, 30-ից նախատեսում են մանրածախ առեւտրի որոշ տեսակներ թույլատրել, անշարժ գույքի գործունեությունը թույլատրել, գիտահետազոտական մշակումների աշխատանքները թույլատրել, սա այն դեպքում, եթե հաջողվի վարակման ինտենսիվությունը կառավարել: Եթե նույնիսկ այս ոլորտների գործունեությունը թույլատրվի, գործելու է հերթափոխով աշխատելու, միմյանցից հեռավորություն պահելու, ձեռնոցով ու դիմակով աշխատելու տրամաբանությունը:

«Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրեց. «Դուք գրառում էիք արել, որ վարակման ցուցանիշը 2-ից ավելիից հաջողվել է իջեցնել 1,4-ի մակարդակի: Այսինքն, եթե նախկինում միջինում 2 հոգու էր վարակում, հիմա 1,4 էր, այսօր ձեր տվյալներում 0.8 էր, այսինքն՝ մեկից ցածր»: Թունյանը հարցրեց, թե ավելի լավ ցուցանիշի ե՞րբ կհասնենք: Ավինյանը պատասխանեց, որ նախորդ կիրակի օրվա դրությամբ գործակիցը 0.7 էր հասել, դրանից հետո հասարակության մոտ հանգստություն եղավ, տեղաշարժն աճեց: Այդ ցուցանիշը փոխվում է՝ մարդկանց տեղաշարժի դինամիկայով կախված: Դա հաշվարկում են օպերատորներից ստացած ագրեգացված տվյալների հիման վրա. «Հուսով ենք, որ մինչեւ ապրիլի 20-ը կկարողանանք վարակի տարածման ինտենսիվությունը պահել 1-ից ցածր ցուցանիշի վրա ու շուտով կարձանագրենք ավելի քիչ վարակման դեպքեր, քան նույն օրում բուժման դեպքերը ու մարման միտումներ կտեսնենք: Սա չի բացառում, որ անզգույշ քայլերի դեպքում վարակի տարածումը կրկին բռնկվի: Մենք փուլ-փուլ ու դանդաղ ենք գնալու ազատականացումների հենց այդ պատճառով»:

Իմ քայլից Արտակ Մանուկյանը հարցրեց. «Եթե զանգի բովանդակությունը դիտարկում ենք, ասում են՝ դուք հնարավոր է շփվել եք մի անձի հետ, որը հնարավոր է վարակված լինի: Հնարավոր չի՞ օր ասեն՝ այսինչ օրը շփվել եք, մարդը կնայի, կհիշի, որ չի շփվել, հանգիստ կքնի այդ օրը»: Ավինյանը պատասխանեց, որ խուճապն ավելի կնվազեցնի ռիսկերը, մարդը, գիտակցելով, որ ինքը ունեցել է պոտենցիալ շփում վարակակրի հետ, կինքնամեկուսանա: Մենք կարող ենք մի փոքր փոխել տրամաբանությունը, արդեն իսկ նախատեսում ենք անհատական աշխատանք վարակակրի հետ»:

Ավինյանը նաեւ բացատրեց, թե ինչպես է դա արվում. «Մեկ-երկու օրում այն տեղորոշված մարդկանց, ում չենք զանգել, կզանգենք ու հստակ կանոնակարգված կունենանք ցանկը, ովքեր պոտենցիալ պետք է ինքնամեկուսացվեն: Եթե քաղաքացին զանգ է ստացել ու իրեն ասվել է՝ դու պոտենցիալ շփվել ես վարակակրի հետ ու հետո որեւէ այլ զանգ չի ստացել, դա նշանակում է, որ այս փուլում ինքը դեռեւս կարող է վարակակրի հետ շփվել է: Մենք կկանոկարգենք ու միանգամից անձին կզանգենք կասենք՝ դու շփվել ես վարակակրի հետ, եղբայր կամ քույր իմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել