Լրահոս
Օրվա լրահոսը

«21-27 միլիարդ դրամի պարգևավճարի դիմաց 6 միլիարդի աջակցությունը մեծ գումա՞ր է»․ քաղաքագետ

Ապրիլ 21,2020 18:04

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման դեմ պայքարի նպատակով կառավարության կողմից մշակած հակաճգնաժամային միջոցառումներին, ասաց․ «Կառավարությունը 14 միջոցառումներ է ձեռնարկել, բայց ամեն մի փաթեթը կարծես բարդ մաթեմատիկա լինի։ Շատ դժվար է ընկալել ամեն մի առանձին փաթեթի պահանջները։ Ուշադիր ուսումնասիրելով դրանց բովանդակությունն ու տրամադրված գումարների չափը՝ եկել եմ այն եզրակացության, որ դա լոկալ աջակցություն է հասարակության տարբեր շերտերին և երկարատև ազդեցություն մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի վրա չի կարող ունենալ։

Մի փոքր շեղվեմ թեմայից, տեսեք ինչ արեց մեր հարևան Վրաստանի կառավարությունը, հասարակության ավելի լայն շերտերին աջակցություն ցուցաբերելու համար որոշում ընդունեց մինչև 600 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա և մինչև 600 խորանարդ մետր գազ սպառած բաժանորդների ծախսերը գարնանային երեք ամսվա՝ մարտ, ապրիլ, մայիսին վերցնել իր վրա։ Կոմունալ ծախսերի մեջ մտնում են նաև աղբի և ջրի վարձավճարները։ Ըստ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի, խոսքը մեկ միլիոն երկու հարյուր հազար էլեկտրաէներգիայի բաժանորդների և 650 հազար գազի բաժանորդների մասին է։ Շատ մեծ զանգված ընդգրկող սոցիալական փաթեթներ են։

Իսկ երբ լսում եմ մեր իշխանության սոցիալական փաթեթների առանձին պահանջները, գիտությունների թեկնածու պիտի լինես հասկանալու, թե ինչ է պահանջվում մարդկանցից, որպեսզի դիմեն. դա մեկ: Երկրորդը՝ գումարային առումով ուղղակի ծիծաղելի է 14 սոցիալական փաթեթը ներկայացնելիս՝ ամպագոռգոռ հայտարարություններ անել, երբ այդ 14 սոցիալական փաթեթով ընդամենը ամբողջ Հայաստանի մասշտաբով մոտ 6 միլիարդ դրամի օգնություն է տրամադրվելու հասարակության տարբեր շերտերի։ Եվ սա այն դեպքում, երբ միայն 2019 թվականին տարբեր տվյալներով․ տարբեր լրատվամիջոցներ տարբեր տվյալներ են հրապարակում, միայն պարգևավճարների համար պարոն Փաշինյանի իշխանությունը ծախսել է 21-27 միլիարդ դրամ։

Այն պարգևավճարներն են, որոնք հրապարակայնացվել են, շատ լավ գիտեք, որ պաշտպանության, ոստիկանության, ԱԱԾ ոլորտին վերաբերող պարգևավճարները գաղտնի են պահվում։ Արդեն կարելի է ենթադրել, թե ուժային կառույցների պարգևավճարը որքան կարող է կազմել։

Այսինքն՝ պարոն Փաշինյանը գտնում է, որ այսպիսի միանվագ, ընդամենը ինչ-որ ժամանակով, նույնիսկ կարող եմ ասել 20 օրից մեկ ամիս մարդկանց սոցիալական ծայրահեղ ծանր վիճակը թեթևացնող այս ծրագրերով փորձում են համոզել հասարակությանը, որ երկրի մասշտաբով, երկարատև ժամանակահատվածում կարող են լուծել սոցիալական հարցեր, չի լինելու նման բան»։

Ըստ քաղաքագետի, մարդիկ տրված օգնության մի մասով կփակեն պարտքերը, որոնք գոյացել են այս օրերին, կոնկրետ Գյումրիում մեծ մասը սնունդը գնում է «նիսյայով», որոշ մասով էլ մի կարճ ժամանակահատված կապրեն ու էլի կհայտնվեն անորոշության մեջ։

«Այսինքն` մեկ տարվա մեջ կարելի է 21-27 միլիարդ ծախսել պարգևավճարների համար, հետագայում ուղիղ եթերում միտումնավոր հայտարարել, որ բարձրաստիճան պաշտոնյաները մեկ միլիարդ են ստացել, երբ պարոն Փաշինյանը չի էլ մանրամասնում բարձրաստիճան պաշտոնյա ասելով ում նկատի ունի, բայց որպես աջակցություն 6 միլիարդ տրամադրել»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Վերջինիս ասելով՝ Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման նպատակով արդեն հանդիպումներ է ունեցել դոնոր կազմակերպությունների և պետությունների ներկայացուցիչների հետ։ Եվ վրացական տարբեր լրատվամիջոցների տվյալներով՝ 1,5-3 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթներ են ձևավորել, որով Վրաստանի իշխանությունները կարանտինի դադարեցումից հետո կոնկրետ քայլեր կձեռնարկեն տնտեսության տարբեր ճյուղերին ֆինանսավորելու համար։

«Ես բացարձակ չեմ ընդունում մեր իշխանությունների և իշխանամերձ զանգվածի այն թեզը, որ 30 տարի երկիրը թալանվել է, հիմա ոչինչ կա, և այս իշխանություններն էլ շատ վատ վիճակում են հայտնվել։ Նախ` պարոն Փաշինյանը երկու տարի է՝ վարչապետ է ու մասշտաբային թալանի վերաբերյալ որևիցե բացահայտում չի արել, դա մեկ։ Ես խոսում եմ փաստերով, ինձ չի հետաքրքրում պարոն Փաշինյանն ինչ է հայտարարում, ես ուզում եմ տեսնեմ թալանված գումարների վերադարձը պետական բյուջե։ Երկրորդը՝ պետք չէ մոռանալ, որ պարոն Փաշինյանն իր վանաձորյան մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին պարզ ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը գումարային խնդիր չունի, առաջարկեք ծրագրեր, մենք էլ իրագործենք։

Հիմա երկրում ֆորսմաժորային իրավիճակ է, ոչ ոք պարոն Փաշինյանից չի պահանջում, որպեսզի ինքը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նման ամեն մեկին 1200 դոլար նվիրի, Ճապոնիայի կառավարության նման ամեն քաղաքացու 1000 դոլար նվիրի, Ֆրանսիայի կառավարության պես վեց ամսով մարդկանց տան վարձերը, կոմունալ վճարները փակի, սառեցնի բանկային տոկոսադրույքները։ Ոչ ոք նման բան չի պահանջում, բայց այն նվազագույնը, որը պիտի անի ՀՀ կառավարությունը, չի անում, այս 14 ծրագրերի քողի ներքո մեծ գովազդ է արվում, որը իրականում փուչիկ է և դրա հետևանքներն էլ ավելի ծանր են լինելու», -ասաց Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արմենուհի Վարդանյանի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930