ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին արված հայտարարությունը՝ «Եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք», մեկ անգամ ևս ակտիվ շրջանառության մեջ է դրել ռազմաբազայի մնալ-չմնալու մասին վաղուց ակտիվորեն քննարկվող հարցը։
Այս հայտարարությունից հետո տարբեր կարծիքներ հնչեցին այն մասին, որ ռազմաբազան անվտանգության նկատառումներով տեղադրվելուց զատ բանուկ դերակատարություն ունի գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Գյումրու տնտեսական կյանքում․ ռազմաբազայի աշխատակիցներն իրենց ստացած բավական բարձր աշխատավարձը ծախսում են այս քաղաքում․ նրանք ունեն իրենց նախընտրած սրճարանները, սննդի ու հագուստի խանութները, անգամ բնակարանային շուկայում դերակատարություն ունեն։
Սակայն գյումրեցիներից շատերի մոտ ռազմաբազա բառն ակամա ասոցացվում է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանդի ենթարկած Վալերի Պերմյակովի հետ։ Այս քաղաքի հիշողությունից այդ սահմռկեցուցիչ դեպքը ոչ մի վայրկյան չի ջնջվում, որովհետև գյումրեցին այդպես էլ չստացավ իրեն հետաքրքող հարցերի պատասխանները՝ ինչո՞ւ բնաջնջվեց անմեղ ընտանիքը, և իրոք Վալերի Պերմյակո՞վն էր միակ հանցագործը, որին Ռուսաստանի Դաշնությունն ուղղակիորեն փախցրեց՝ ազատելով հայաստանյան բանտերում պատիժը կրելուց ու տանելով գյումրեցիներին անհայտ ուղղությամբ։ Ոչ մեկն առ այսօր հստակ չգիտի՝ արդյոք Վալերի Պերմյակովը պատժվում է, թե՞ ազատության մեջ է։
Իհարկե, Վալերի Պերմյակովը ռուսական ռազմաբազայի այն միակ ներկայացուցիչը չէ, որը մեղադրվեց մարդասպանության մեջ։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մի քանի ամիս առաջ ավարտվեց Անդրեյ Ռազգելդիևի դատավարությունը, որը մեղադրվեց գյումրեցի հավաքարար կնոջը իր աշխատանքի վայրում ծեծելով մահվան մեջ հասցնելու մեջ։ Ռազմաբազայի զինծառայողների վատ վարքագծի, ընդհուպ՝ թմրամիջոց օգտագործելու դեպքերի մասին բազում դրվագներ կարելի է մեջբերել, որոնց գրեթե հատ առ հատ անդրադարձել ենք։
Կարդացեք նաև
Aravot.am-ը քաղաքագետ-պատմաբան Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե նման արատավոր բարքեր, ծանր հանցագործության մեջ մեղադրված զինծառայողներ ունեցող ռազմաբազայի առկայությունը որքանո՞վ է նպաստավոր Հայաստանի Հանրապետության համար, և այն հեռացնելու դեպքում ի՞նչ իրավիճակ է սպասվում։
«Նախ չմոռանանք, թե 102-րդ ռազմաբազան ինչպես հայտնվեց Հայաստանում։ Այն հայտնվել է 1995 թվականին, այն ժամանակվա Հայաստանի գործող իշխանությունների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով։ Լևոն Տեր-Պետրոսյանը 1990-ական թվականներին հակառուսական ֆոնին եկավ իշխանության և դարձավ հանրապետության առաջին նախագահը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատահական մարդ չէր և պատահական որոշումներ չէր ընդունի ռուսական ռազմաբազան Հայաստան բերելու մասով, իսկ դրա համար նա խորը պատճառներ ուներ։
Այդ պատճառները տարիներ անց բացահայտվեցին Հայաստանում իրենց ծառայությունն իրականացրած դիվանագետների կողմից, օրինակ՝ Հունաստանի նախկին դեսպանը ՀՀ-ում՝ Խրիզանտո Պուլոսը, իր հուշերում գրել էր, որ Քելբաջարի ազատագրումից հետո Թուրքիան պատրաստվել է հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, և այդ խնդիրը լուծվել է ռուսների կողմից։
Տարիներ անց էլ շվեդական պարբերականներից մեկը, ևս հղում անելով ամերիկյան դիվանագետներից մեկին, նշեց, որ ևս մեկ դեպք է եղել, երբ թուրքերը փորձել են հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա և կրկին կանխվել է համատեղ ուժերով՝ ռուսների, եվրոպացիների և ամերիկացիների կողմից։
Այսինքն՝ այն հեքիաթները, որոնցով մեր հասարակությանը կերակրում են, թե խաղաղությունը եկել է, և մենք որևէ վտանգ չենք տեսնում Արևմուտքից, նկատի ունեմ՝ Թուրքիայից, դա հանրությանը մանիպուլացնելու, խաբելու միջոց է։
Թուրքերը Հայաստանի Հանրապետությանը վերաբերող իրենց ապագայի ծրագրերը բացարձակ չեն փոխել․ առավել ևս եթե հաշվի առնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նեոպանթուրանական և նեոպանօսմանական տեսություն է առաջ տանում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, դա նշանակում է, որ Թուրքիայի համար Հայաստանը սեպ է, որը խանգարում է թուրքական աշխարհի միավորմանը»,-ասում է Գագիկ Համբարյանը։
Ըստ նրա, եթե 102-րդ ռազմաբազան ռազմական առումով գրեթե զրոյական ազդեցություն ունի, այն զսպաշապիկ է Թուրքիայի համար այն առումով, որ խոչընդոտում է այս պետության բացահայտ ծավալապաշտական քաղաքականությանը։
«Եկեք չմոռանանք, որ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան շրջանառության մեջ է մտցրել հայ-թուրքական սահմանի նոր դելիմիտիացիան ու դեմարկացիան։ Թե ի՞նչ է սա նշանակում, թուրքերը դեռ չեն ասում։ Իրենք փորձում են փոխել հայ-թուրքական սահմանի սահմանազատումը։
Ենթադրում եմ, որ թուրքերի համար շատ մեծ անհրաժեշտություն է Հայաստանից տարածքներ գրավելը, օրինակ ասենք՝ եթե 1921 թվականի մարտի 16-ին և հոկտեմբերին Կարսի ստորագրված պայմանագրերի համաձայն՝ հայ-թուրքական սահմանը պետք է անցնի Ախուրյան և Արաքս գետերով, մենք Շիրակի մարզում ունենք տարածքներ, որտեղով Ախուրյան գետով չի անցնում սահմանը։ Օրինակ՝ Ամասիայի տարածաշրջանում կամ Մարմաշեն վանական համալիրի շրջակայքում հայ-թուրքական սահմանն անցնում է ավելի արևմուտք, Ախուրյան գետը մնում է մեր մոտ։ Եվ չի բացառվում, որ թուրքերն ախորժակ ունեն տարածքներն իրենց վերահսկողության տակ վերցնելու՝ հաշվի առնելով, որ ռուսական ռազմաբազան չլինի, իրենք ավելի հեշտությամբ կհարձակվեն Հայաստանի վրա, կամ չեն էլ հարձակվի, կպարտադրեն Նիկոլ Փաշինյանին, նա էլ կհանձնի»,-ասում է Գագիկ Համբարյանը։
Գագիկ Համբարյանը շեշտում է նաև ռազմաբազայի դերակատարությունը Գյումրու տնտեսական կյանքում․ 10-12 հազար մարդու, այդ թվում հայերի, աշխատանքով է ապահովում Գյումրիում, որոնք օգտվում են այս քաղաքի սպասարկման օբյեկտներից, տաքսիներից, տներ են վարձում։
Մեր զրուցակցի կարծիքով՝ Վալերի Պերմյակովի դեպքը հիշատակելը ու այն որպես ռազմաբազան տեղահանելու պատճառ դիտարկելը, ճիշտ չէ, քանի որ նախ պարզված չեն այս հանցագործության հանգամանքները, բացի այդ՝ աշխարհի մյուս երկրներում տեղակայված ռազմաբազաների ներկայացուցիչները ևս հանցագործություններ են գործել, օրինակ՝ ամերիկյան ռազմաբազայի ներկայացուցիչները՝ Ճապոնիայում, Իրաքում և այլ երկրներում։
«Ո՞վ է ասել, որ այդ 5 հազար մարդը, որոնք ծառայում են ռազմաբազայում և ապրում են ռազմաբազայի տարածքում, բոլորն իդեալական են և որեւէ հանցագործություն չեն գործելու։ Ես չեմ արդարացնում Պերմյակովին, նախ մեծ քննություն պետք է անցկացվի՝ պարզելու, թե Պերմյակովի դեպքն ի՞նչ էր։ Ես, ապրելով Գյումրիում, կարող եմ փաստել, որ անհնար է ինքնաձիգով 6 հոգու սպանել և հարևանությամբ գտնվող տներում որևէ մեկը չարթնանա, այն պարագայում, երբ ավտոմատը այստեղից 1-2 կիլոմետր հեռավորության վրա են կրակում, ձայնը շատ ուժեղ է արձագանքում։
Ես համոզված եմ, որ Պերմյակովի դեպքը Ռուսաստանի գլխին սարքելու դեպք էր, այն ուժերն են, որոնք հիմա էլ ջանադրաբար ամեն ինչ անում են տարածաշրջանը ռուսներից մաքրելու և այն թուրքերին նվիրելու համար»,- ասում է Գագիկ Համբարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































