Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշակի իրադրություն է փոխվել. օֆշորի գործով տուժողի փաստաբան

Ապրիլ 23,2020 23:03

Օֆշորի հայտնի գործով տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Աշոտ Գեւորգյանի տվյալներով՝ քննվող քրեական գործով  նոր հանգամանքներ են ի հայտ եկել:

«Չեմ կարող ասել`ինչ նոր հանգամանքներ, շատ բան ես էլ չգիտեմ, նախաքննության գաղտնիք է»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, մի քանի ամիս առաջ արված ձեռագրաբանական փորձաքննության արդյունքները հաստատում են, որ փաստաթղթում առկա ստորագրություններն իսկապես պատկանում են վերաբացված գործով մեղադրյալ ներգրավված Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանին եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Հիշեցնենք, որ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:

«Փորձաքննությամբ պարզվել է, որ, այո՛, նաեւ Կճոյանը ստորագրել է համապատասխան փաստաթղթերը: Նախաքննության խնդիրն է պարզել, եւ  նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջադրված մեղադրանք դեռ չկա, ու ճիշտ չի լինի, որ դրա մասին կանխատեսումներ անեմ, բայց Կճոյանն ու Սարգսյանը փաստացի միասին են եղել: Մտահոգություն միշտ եղել է, որ նրան մեղադրյալի կարգավիճակ չեն տա, դեռ այն ժամանակվանից, երբ  նա այստեղ էր պաշտոն զբաղեցնում, երբ հետո դրսում էր զբաղեցնում, բայց կարծում եմ՝ որոշակի իրադրություն է փոխվել, հետհեղափոխական իրավիճակը նկատի ունեմ, տեսնում ենք, որ ներկա ու նախկին պաշտոնները մարդկանց պատասխանատվությունից չեն ազատում, նրանց անձեռնմխելիության հանգամանքը չի գործում, մտածում եմ, որ օրենքը ամբողջ ուժով պետք  գործի բոլորի համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930