Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է ոչ միայն հիշենք, այլ նաեւ ուժեղ, հաջողակ եւ երջանիկ ազգ դառնանք, դա լավագույնն է, որը մենք կարող ենք անել». Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 24,2020 22:44

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առցանց քննարկում էր կազմակերպել՝ հարգելու մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանության օրը նահատակվածների հիշատակը եւ մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում եւ նրանց, ովքեր այսօր աշխարհում պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ: Միջոցառման ընթացքում հայտարարվեցին 2020 թ.-ի «Ավրորայի» հերոսների անունները:

Նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ ասաց, որ ինչպես հիմա ամբողջ աշխարհում մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում այս վարակի հետ, այս ինչ անիմաստ հուսահատեցնող բան է, նույն բանը հայերը 105 տարի առաջ ապրեցին. «Չեմ ուզում աղերսներ ստեղծել մերօրյա աշխարհի իրավիճակի եւ հայերի հետ տեղի ունեցածի հետ, բայց թեեւ ոճրագործը տարբեր է, ազդեցությունը նույնն է»:

Առցանց քննարկման ժամանակ նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասաց. «Մենք նոր մարտահրավերների ենք բախվում: Վիրուսը առաջ է բերում հարցեր մարդկային հարաբերությունների մասին, թե ինչպես ես վերաբերվում ընտանիքիդ: Իրավիճակը եզակի է: Մենք հիշում ենք նրանց, ովքեր 105 տարի առաջ սպանվեցին: Հիմնական մեր ուղերձն այն է, որ մենք՝ հայերս, կենդանի ենք, մնում ենք մարդ, որդեգրում ենք մարդկային արժեքները՝ հիշելով անցյալը: Մարդկությունը իր պատմության ընթացքում բազմաթիվ ողբերգություններ է ապրել: Պետք է դա հիշենք՝ առաջ ընթանալով, հիշելով հերոսներին ու ավելի լավ ապագա կառուցենք մեր երեխաների համար»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշն ասաց՝ մենք նշում ենք «Ավրորայի» 5-րդ տարեդարձը ու նայելով անհավատալի պատմությունները՝ մերօրյա ներշնչող հերոսներ ենք ունեցել: Նա հարցրեց՝ ինչպիսի՞ն է ձեր տեսլականը Հայաստանի ապագայի համար: Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Մեր հիմնական պատասխանը մեր թշնամիներին, եւ մեր հիմնական բարեկամները մեզ դրանում օգնել են, այն է, որ մենք պետք է ոչ միայն հիշենք, այլ նաեւ ուժեղ, հաջողակ եւ երջանիկ ազգ դառնանք: Դա լավագույնն է, որը մենք կարող ենք անել բոլոր մերժողներին դիմակայելու: Մեր լավագույն պատասխանը կլինի այն, եթե մենք դառնանք երջանիկ ազգ, որը ինքը կօգնի ուրիշերին աշխարհով մեկ, կարեւոր մի բան կանի՝ աշխարհն ավելի լավը դարձնելու: Մենք պիտի մեր տաղանդը ներդնենք ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ աշխարհով մեկ, որպեսզի մարդիկ հպարտ լինեն հայ լինելու փաստով՝ մեր փառավոր պատմությունից ելնելով ու հպարտանալով նաեւ ներկայիս Հայաստանով՝ կառուցելով մեր ապագան՝ որպես աշխարհի մի մաս, պահելով մեր ինքնությունը, հիշողությունը չդավաճանելով, բայց միեւնույն ժամանակ հանրությանը մաս դառնալով: Մենք Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում սկսել էինք Հայաստան 2020 ծրագիրը, հրավիրել ենք Հայաստանի բարեկամներին՝ ապագայի մասին հարց տալով: Ուրախ ենք ինչի հասանք մեր բարեկամների, մեր ընկերների հետ, կյանքի ենք կոչում մեր նախագծերը եւ դա իր նպաստն է բերում ե՛ւ Հայաստանին, ե՛ւ աշխարհին: Գիտենալով եւ հիշելով անցյալը՝ կառուցել նաեւ ապագան: Սա լավագույն օրինակն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930