Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները «Օղակ» գործողությունը դիտարկում էին որպես ողջ Արցախի հայաթափման սկիզբ. Արցախի ԱԳՆ

Ապրիլ 30,2020 17:57

Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանությունը Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության դեմ իրականացված «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի կապակցությամբ

29 տարի առաջ ԽՍՀՄ և Ադրբեջանի կենտրոնական ղեկավարության անմիջական կազմակերպմամբ և համակարգմամբ իրականացվեց Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության տեղահանման լայնամասշտաբ «Օղակ» գործողությունը։ Այս արյունալի գործողությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես տեղափոխեց ռազմական հարթություն՝ մեկնարկ տալով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ հետագա լայնածավալ ագրեսիային։

«Օղակ» գործողությունը սկսվեց 1991 թ. ապրիլի 30-ին` Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի թիրախավորված գնդակոծությամբ, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ОМОН)՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների և խորհրդային բանակի աջակցությամբ, ներխուժում էին հայկական գյուղեր՝ պաշտոնապես իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման» համար, իսկ իրականում սպանությունների, թալանի, հայկական ազգաբնակչության նկատմամբ ահաբեկչությունների և դրան հետևած տեղահանությունների նպատակով։

Ռազմաոստիկանական գործողությունների արդյունքում ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների տասնյակ հայկական գյուղեր, տեղահանվեց շուրջ տաս հազար մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ վերցվեց։ Նրանցից շատերի ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ:

Ադրբեջանի իշխանությունները «Օղակ» գործողությունը դիտարկում էին որպես ողջ Արցախի հայաթափման սկիզբ, որը դարձավ հերթական դրսևորումը 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի ԽՍՀ այլ բնակավայրերում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի գյուղերում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործված էթնիկ զտման քաղաքականության։

Արցախահայության՝ իր ինքնորոշման անբեկանելի իրավունքի իրացման պահանջներին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների իրականացրած հայկական ջարդերը, և հետագայում՝ 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որը կրկնվեց 2016 թ. ապրիլին, ապացուցեցին, որ միայն անկախ պետականության կերտման և շարունակական ամրապնդման ճանապարհով է հնարավոր երաշխավորել իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքը։ Միջազգային հանրության կողմից այս իրողության ըմբռնումն ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լրացուցիչ զսպման գործոն կդառնան նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի նկրտումների դեմ և խաղաղություն ու անվտանգություն կապահովեն ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Արցախի ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930