Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարող եք ասել, որ կառավարությունը տապալել է անցումային արդարադատության իրականացումը». պատգամավորները սլաքն ուղղում են դեպի նախարարություն

Մայիս 02,2020 17:28

2019 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց երկրի դատական եւ իրավական համակարգի բարեփոխումների ռազմավարությունը: Այդ ռազմավարության երրորդ գլխով սահմանված է Հայաստանում անցումային արդարադատության իրականացման գործիքակազմ ներդնելու մասին որոշում: Ըստ ռազմավարության, 2020 թվականի առաջին եռամսյակում, այսինքն մինչեւ մարտի 31-ը, պետք է ԱԺ-ի կողմից ընդունվեր «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքը:

ԱԺ-ի կողմից պետք է ընտրվեին Փաստահավաք հանձնաժողովի 20 անդամները, իսկ այդ Փաստահավաք հանձնաժողովն էլ պետք է սկսեր իր գործունեությունը անցումային արդարադատության իրականացման ողջ գործիքակազմի կիրառմամբ: Մինչդեռ պարզ է, որ մինչեւ հիմա ԱԺ-ն չի քննարկել ու չի ընդունել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենք, չի ընտրել Փաստահավաք հանձնաժողովի 20 հոգուց բաղկացած կազմը:

Ուստի Aravot.am-ը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներից հետաքրքրվեց՝ սա չի՞ նշանակում, որ կառավարության որոշումը դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մասին, առնվազն անցումային արդարադատության իրականացման մասով տապալված է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Քանի որ փաստաթուղթը տնօրինող մարմինը Ազգային ժողովը չէ, կառավարությունն է, ճիշտ կլինի այդ հարցի պարզաբանումը ստանաք արդարադատության նախարարությունից»:

Ազգային ժողովում այս թեմայով քննարկում է եղել, որին մասնակցել է արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը: Այդ աշխատանքային քննարկմանն անդրադարձել են նաեւ ժամկետների ուշացան հարցին: Այն, կապում են արտակարգ դրության հետ: Բայց պատգամավորները չեն ցանկանում քննարկման մանրամասները հրապարակել:  Նազելի Բաղդասարյանը միայն ասաց, որ օրենքի նախագիծը սաղմնային տարբերակով կա ու աշխատանքներ տարվել են:

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԱԺ-ն այդտեղ անելիք ունի ու վերջին մի քանի օրենքները հենց դատաիրավական բարեփոխումների շրջանակից են, այդ շղթայի մաս են, օրինակ, «Դատական օրենսգրքի» մի քանի փոփոխությունները, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը  եւ այլն:

Ճշտեցինք՝ այսինքն, չե՞նք կարող ասել, որ անցումային արդարադատության իրականացումը կառավարությունը տապալել է՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Չէ, ո՞նց կարող եք նման բան ասել, երբ բազմաթիվ բաներ արվել են: Կարող է ծրագրի ժամկետները փոխվել են: Այդ հարցի հասցեատերը արդարադատության նախարարությունն է»:

Նախարարության պարզաբանումը՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031