Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի ուսանողները դժգոհ են առցանց համակարգից. «Քննությունից 5 րոպե առաջ եւ 5 րոպե հետո սերվերը «կախում» է»

Մայիս 05,2020 18:20 Share

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողներ դժգոհել են բուհի ներդրած առցանց համակարգից, որը նրանց պնդմամբ, նորմալ չի աշխատում: Ուսանողները հավաստիացնում են, որ առցանց դասերի ընթացքում մեկ ամսից ավելի որեւէ նյութ չեն ստացել շատ դասախոսներից, եղել են հատուկենտ դասեր՝ հատուկենտ դասախոսների տարերային նախաձեռնությամբ:

«Պոլիտեխնիկում առցանց դասավանդում, դասախոս-ուսանող նորմալ կապ չի եղել, ինչը շատ ավելի լավ է կազմակերպված այլ համալսարաններում: Նույնիսկ հումանիտար հոսքի համալսարաններում նորմալ առցանց դասավանդում է իրականացվում, այն դեպքում, երբ այնտեղ կարելի էր խուսափել դրանից, իսկ պոլիտեխնիկում դա անհրաժեշտություն է»,-ասաց ուսանողներից մեկը:

Ուսանողները դժգոհ են կայքից եւ այն վիճակից, որ սկզբում նյութեր չունեին, հետո էլ ստացան դրանք, բայց պարզվեց, որ համակարգված չեն ու նրանց ձեւակերպմամբ՝ փնթի են տեղադրված՝ մի մասը PDF ձեւաչափով էր, մյուս՝ doc, նյութերի մի մասը ռուսերեն էր, մի մասը՝ հայերեն ու անգլերեն, այն դեպքում, երբ Հայաստանում ուսուցման լեզուն հայերենն է:

Նյութեր էլ կային՝ «անսի» ձեւաչափով էին ու ոչ թե յունիկոդով, իսկ ուսանողների մեծ մասը ֆոնտեր չուներ:

Ուսանողները հայտնեցին, որ տեխնիկական խնդիրների մասին քանիցս տեղեկացրել են կայքի պատասխանատուներին, սակայն իրենց տպավորությամբ՝ կայքի ստեղծողները եւս չեն կողմնորոշվում, թե ուսանողներն ինչպես պետք է քննություն հանձնեն:

«Քննության ժամանակ մեզ տրվում է 45 րոպե՝ 20 հարցի պատասխանելու համար: Հարցերն, իհարկե, պարզ են, եւ 45 րոպեն պետք է, որ հերիքի, բայց քննությունը սկսելուց 5 առաջ մեր սերվերը «չի պատասխանում», վերջին 5 րոպեի ընթացքում՝ նույնպես: Ու արդյունքում՝ ժամանակ ենք կորցնում: Ուսանողներ կան, որ ուղարկել են նյութերը, բայց սերվերը «չի կարդացել» եւ իրենց բերել է չնշված տարբերակը: Չէ՞ որ քննության արդյունքները հետագայում ազդելու են մագիստրատուրա ընդունվելիս:

Ի դեպ, պատահել է նաեւ այսպիսի բան. եթե մարդը նույն առարկայից անցյալ կիսամյակ ստացել է 40 միավոր՝ 100-ից, ապա այս կիսամյակ՝ 85 միավոր: Ես, իհարկե, շատ ուրախ եմ մեր ուսանողների համար, որ կարանտինի ժամանակը հենց այնպես չեն ծախսել ու լավ պատրաստվել են, բայց կասկածներ ունեմ, որ եղել են արտագրություններ: Մի հարց էլ կա. դիպլոմայինը ենթադրում է նաեւ գործնական մաս, որը սովորաբար իրականացնում ենք Պոլիտեխնիկի լաբորատորիաներում, այժմ որեւէ հասանելիություն չունենք այդ ռեսուրսներին:

Հասկանում ենք, որ կարանտին է, բայց ավարտական կուրսի ուսանողների համար պետք էր գոնե նման հարց լուծել: Այս պահին Պոլիտեխնիկի կայքը գրողները եւ պատրաստողները տնից են աշխատում, եւ եթե կայքը գրողներին հասանելի է Պոլիտեխնիկը՝ որպես համակարգ, ինչու մյուսներին հասանելի չէ»,-տարակուսանք է հայտնում ուսանողներից մեկը:

Մեզ հետ զրուցած ուսանողներն ի թիվս այլնի, ասում են, որ իրենցից ոչ բոլորն ունեն համապատասխան տեխնիկական միջոցներ՝ առցանց ուսուցումից օգտվելու համար։

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ եւ թ նշեց. «Արտակարգ դրությունից հետո Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը որոշում կայացրեց, որ պետք է ստեղծվի առցանց կրթական համակարգ, որտեղ բոլոր ուսանողները հնարավորություն կունենան իրենց դասապրոցեսն իրականացնել: Առցանց հարթակի նախագիծը ղեկավարում էր համալսարանի պրոռեկտորներից Գոռ Վարդանյանը:

Մեր գործընկեր բջջային օպերատորների հետ պայմանավորվեցինք, որ ուսանողներն օգտվեն առցանց համակարգից, եւ ինտերնետ հասանելիությունը լինի անվճար, ուսանողների համար դա էլ հեշտացրինք: Ճիշտ է կային խնդիրներ, ինչը որեւէ մեկը չի կարող հերքել: Եվ 6000 ուսանող ունեցող համալսարանը, երբ սկսեց գործողություններ իրականացնել, բնական է, որ կունենար տեխնիկական խնդիրներ, ինչը փորձել ենք առավելագույնս արագ վերացնել»:

Խոսելով քննություններն առցանց համակարգով անցկացնելու մասին՝ Գեւորգ Հարությունյանը նշեց, որ իր տեղեկություններով, մեծ մասը բարեհաջող է հանձնել: Հավելեց, որ տեխնիկական խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորություն միշտ եղել է թեժ գծին, որն օրական 17 ժամ աշխատել է, փորձել են ամեն բան շտկել: Նա նաեւ հավաստիացրեց, որ տեխնիկական պատճառով տուժած ուսանողներին հնարավորություն է տրվել նորից քննություն հանձնել:

Դասախոսական կազմի վերաբերյալ եւ այլ դժգոհությունների էլ անդրադարձ եղավ, ասաց, որ հարցերը բարձրացվել են ռեկտորատի նիստերին: «Իրականում բոլորս էլ ունենք դժգոհություններ դասախոսական անձնակազմից, կան դասախոսներ, որոնք անտարբեր են մոտենում հարցին, չեն տիրապետում եւ առցանց համակարգ մուտք գործելուն, եւ այն օգտագործելուն: Այդ խնդիրները վերհանվել է, ռեկտորատի նիստերում բարձրաձայնվել է: Մի խոսքով՝ շատ ճկուն է եղել խնդիրները լուծելու համակարգը: Ես ուսանողների հետ կապի միջոցով տեղյակ եմ, որ խնդիրներ կան, բայց դրանք, հավաստիացնում եմ՝ լուծելի են»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ավարտական կուրսերի ուսանողների կրթության պրակտիկ մասին, այս մասին էլ Գեւորգ Հարությունյանը հայտնեց. «Քանի որ դիպլոմայինների պաշտպանությունը հետաձգվել է մինչեւ հունիսի 15-ը, համալսարանի ղեկավարությունն առաջարկել է՝ եթե կան ուսանողներ, դասախոսներ եւ ամբիոնի վարիչներ, որոնք կդիմեն մեզ (մի քանի դիմումներ արդեն եղել են), որպեսզի լաբորատոր փորձեր իրականացվեն, ռեկտորի հրամանով սահմանվել է ժամանակացույց՝ ըստ որի կկարողանան մասնակցել լաբորատոր փորձերին:

Մայիսի 15-ին բոլորս ենք անհամբեր սպասում, այն իմաստով, որ հասկանանք, թե ինչպես ենք ապրելու կարանտինից հետո՝ տեղաշարժի, կրթական եւ այլ առումներով: Եթե կառավարության եւ պարետատան մոտեցմամբ այնպես լինի, որ հնարավոր լինի լաբորատորիաների կիրառությունը ավելի հասանելի դարձնել ուսանողներին, բնականաբար, համալսարանի ղեկավարությունը շատ արագ դա կկազմակերպի: Եվ պաշտպանության պատրաստվողները գոնե մի քանի անգամ կօգտվեն այդ հնարավորությունից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031