Լրահոս
Օրվա լրահոսը

Բադասյանի առաջարկով ներկայացնում եմ նախագիծ

Մայիս 17,2020 15:00
dat

Այն, որ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումները որևէ էական արդյունք չեն տալու, այսօր հասկանում են բոլորը և դրա համար նույնիսկ պետք չէ իրավաբան լինել, ու կարծում եմ՝ արդարացված է հեղափոխության կողմնակից հասարակական կազմակերպությունների վրդովմունքն այդ կապակցությամբ: Թերևս ամենադիպուկ որակումը, որ այդ բարեփոխումների վերաբերյալ հնչել է, եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից, ով այն որակել է որպես կարկատան:

Թեև դատաիրավական բարեփոխումների օրինագիծը մշակվել է իրավաբան-գիտնականների կողմից, ակնհայտ է, որ այդ օրինագծի տերերը որևէ պատկերացում չունեն դատավորների ներքին խոհանոցի մասին, ուստի և եթե ունակ չես հիվանդությունը ճիշտ ախտորոշել, բուժումը դառնում է ապարդյուն: Այսօր բոլոր կողմերից պահանջում են ավարտին հասցնել աղմկահարույց գործերը և անհամբեր սպասում են այդ գործերի նախաքննության և դատաքննության ավարտներին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Թե ինչու, ապա պատասխանը շատ պարզ է՝ արդարադատության նախկին տերերը, ովքեր մեղմ ասած հետաքրքրված չեն, որպեսզի սայլը շարժվի իրենց համախոհների միջոցով, ովքեր նույնպես մտահոգված են իրենց նախկին մեղքերը և բացթողումները թաքցնելու հարցում, արհեստական խնդիրներ են ստեղծել համակարգերում և զեկուցում են նորերին, որ ահավոր ծանրաբեռնված են, սակայն եթե համակարգն ուշադիր ուսումնասիրվի խոհանոցին տեղյակ մարդկանց կողմից կպարզվի թե նույն փաստի վերաբերյալ քանի գործեր կան, որ քննվում են տարբեր ստորաբաժանումներում և դատավորների կողմից և որոնք ենթակա են միացման մեկ վարույթում:

Որքան անիմաստ դիմումներ կան, որոնք դիտարկվել են որպես «առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող» և անիմաստ քրեական գործեր են հարուցվել, սակայն նույնիսկ քննարկման փուլում արդեն իսկ հայտնի էր, որ դրանք դատական ճակատագրեր չեն ունենալու և հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, իսկ եթե   պարունակում են, ապա ձևական, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով ենթակա են կարճման: Քանիսն այս ընթացքում լքեց ՀՀ տարածքը, սակայն նրանք պետք է լինեին ներքին և արտաքին օպերատիվ դիտումների ներքո: Ինչ հայտնի անուններ կան, որ եթե իրենց դիպչես սոխակների պես կերգեն իրենց նախկին սխրանքների մասին, սակայն այսօր նրանք թաքնվել են և թաքստոցից ղեկավարում են իրենց նախկին ենթակաների աշխատանքը և նույնիսկ ի զորու են կադրային նշանակումներ կատարել, քանի որ ամբողջությամբ տիրապետում են խոհանոցին և տեղյակ են, թե կմախքները որտեղ են թաղված: Սակայն այս ամենը դիտարկենք որպես ընդհանուր նկարագիր, քանի որ այս անգամ որոշել եմ օգտվել ՀՀ արդարադատության նախարարի առաջարկից և նախագիծ ներկայացնել դատավորների վեթինգի վերաբերյալ, որն ըստ իս կդառնա այն բաժանարար գիծը, որի աջ ու ձախ կողմերում կմնան թացը և չորը:

Եվ այսպես հարկավոր է խորհրդարանում ստեղծել քննիչ հանձնաժողով, որի կազմում պետք է յուրաքանչյուր քաղաքական ուժից ընդգրկել մեկական իրավաբան: Հասարակական կազմակերպությունների առաջարկով հրավիրել ևս 4 իրավաբանի և այդպես հաստատել այն յոթ անձից բաղկացած կազմը, որ պետք է ընտրի վեթինգի հանձնաժողովը, որը պայմանականորեն անվանենք «Խղճի դատարան», որոնք իրենց հերթին իրավասություն կստանան ստուգել դատավորների բարեվարքությունը:

Նշված քննիչ հանձնաժողովը պետք է առաջարկի դատավորներին, փաստաբաններին, դատախազներին, իրավաբան-գիտնականներին և հասարակական կազմակերպություններին «Խղճի դատարանի» անդամ դառնալու համար ներկայացնել հնգական թեկնածու, որոնց բարեվարքությունը ստուգելու համար նրանց անունները պետք է հրապարակել լրատվամիջոցներում և տրամադրել ոստիկանությանը, ԱԱԾ-ին և հակակոռուպցիոն հանձնաժողովին՝ հստակ տեղեկություններ ստանալու համար: Քննիչ հանձնաժողովը, ուսումնասիրելով իրեն տրամադրված տեղեկությունները, պետք է յուրաքանչուր համայնքից ընտրի երկուական թեկնածու՝ մեկ հիմնական և մեկ արտակարգ դեպքերում փոխարինելու նպատակով և այդ կերպ ստեղծի ապագա դատավորների ատեստացիոն հանձնաժողովը: Այնուհետև պետք է ամբողջությամբ ազատել ԲԴԽ կազմը՝ վերոգրյալ թեկնածուներին նշանակելով վերջիններիս փոխարեն: Այնուհետև քննիչ հանձնաժողովը պետք է մրցույթ հայտարարի փորձառու իրավաբաններից խումբ կազմելու համար և ընտրի ևս չորս-հինգ քննչական փորձառություն ունեցող իրավաբաններ, ովքեր պետք է ատեստավորվող դատավորի վերաբերյալ նյութեր նախապատրաստեն և ներկայացնեն ատեստավորման հանձնաժողովին, իսկ դատավորը, ով պետք է ատեստավորում անցնի պետք է հնարավորություն ունենա իր հետ փաստաբան հրավիրել և նրա օգնությամբ պաշտպանել իր շահերը:

Ահա այս պայմաններում պետք է իրականացվի դատական համակարգի ատեստավորումը, որի ընթացքում դատավորները կարող են շարունակել աշխատել և մեկ օրում մեկ դատավորի ատեստացիան լրատվամիջոցների ներքո անցկացնելով վեց-յոթ ամսում հնարավոր է լուծել դատավորների վեթինգի հարցը:

Նույն դատարանը կարող է նաև լուծել թափուր տեղերի հարցը: Տասնհինգ տարի աշխատանքային ստաժ ունեցող իրավաբաններին ատեստավորելուց հետո ուղարկել մեկ-երկու ամսյա կուրսերի և նշանակել դատավոր, իսկ այն դատավորները, որոնք կանցնեն ատեստավորումը, առաջխաղացման հիմունքներով նշանակել վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորներ, եթե ատեստավորման արդյունքում նշված դատարաններում թափուր հաստիքներ կառաջանան:

Այսպիսի վեթինգ անցկացնելու համար խորհրդարանական օրենսդրական բարեփոխումները միանգամայն բավական են՝ պետք չէ այս հարցի լուծման համար Սահմանադրություն փոփոխել, թեև ես համոզված եմ, որ մայր օրենքը արատավորված է և ի վերջո այն պետք է փոխել:

Այս կառույցը կարող է վեթինգ իրականացնել դատախազությունում, ներկայիս նախաքննական մարմիններում և նույնիսկ սահմանադրական դատարանում: Դրա համար քաղաքական կամք է պետք՝ հրաժարվել գայթակղիչ դատաիրավական համակարգից և նրան տալ ազատություն:

Համոզված եմ, որ այս մոտեցումը ողջունելի կլինի հասարակության համար, քանի որ այն օրինականության և թափանցիկության գործիքակազմ կունենա, ուստի հավատ կներշնչի դատարանների հանդեպ, քանզի բոլոր բարեփոխումները կիրականացվեն հանրության մանրակրկիտ հսկողության ներքո: Ավելին՝ այն դատավորը, որ կհաստատվի կամ կնշանակվի իր պաշտոնին այլևս կախվածություն չի ունենա ո՛չ նախկին և ո՛չ էլ ներկայիս իշխանական համակարգից:

Սա նախագիծ է, որը պետք է քննարկել և ամրագրել որպես օրենք, որի համար ևս երկու տարի կամ ահռելի գումարներ չեն պահանջվում:

 

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031