Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր լուսահոգի Ավետիք Իսահակյանն ավելի է գլուխը կախել ամոթից». Իսպիրյանը Մարությանին հարցրեց Օղակաձեւ այգու ու կայանատեղիի արտոնյալների մասին

Մայիս 26,2020 22:25

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարցրեց Օղակաձեւ այգու բարեկարգման մասին. «Խայտառակ վիճակ է այնտեղ, կիսակառույց: Անօթեւան մարդիկ են արդեն այնտեղ ապրում:

Էլ չեմ ասում, որ մեր լուսահոգի Ավետիք Իսահակյանն ավելի է գլուխը կախել ամոթից, որովհետեւ Կոմիտասի անվան երաժշտության տան հետեւում ինչ-որ կայանատեղիներ են ձեւավորվել, արտոնյալ մարդիկ են գալիս կանգնում այնտեղ՝ ՍԱՍ սուպերմարկետի հետեւի մասում: Դա պետք է կարգավորվի, այգին չպետք է դառնա կայանատեղի: Նաեւ ուզում եմ  նշել խայտառակ սրճարանի մասին, որը գտնվում է պատկերասրահին կից՝ ցայտաղբյուրների կողքը: Շատ լավ գիտեմ դա ում է պատկանում: Նա խոսք էր տվել սեպտեմբերին վերացնել դա՝ պատկերասրահի մուտքի մոտ է»:

Մարությանը զարմացավ՝ սրճարա՞ն է, թե՞ ինչ-որ տաղավար: Խոսքը Պատմության թանգարանի մուտքի մոտ տեղակայված օբյեկտի մասին է: Իսպիրյանը արձագանքեց. «Ինչ որ է՝ կամարների տակ է հենց, շատ տգեղ է»: Մարությանը պատասխանեց. «Դա այն հայտնի տաղավարն է, ինչ քաղաքապետ եմ դարձել՝ այդ տաղավարի դեմ ենք պայքարում բոլորս: Ոնց որ հանգուցալուծման ենք մոտենում: Թունելում լույս է երեւում»:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն ասաց, որ պատկերասրահի տարածքում մի քանի օբյեկտներ կան, պատկերասրահի հետ պայմանագիր են կնքել, հիմա իրավական գործընթացներ են տարվում, որ լուծումներ գտնեն:

Իսպիրյանը նաեւ առաջարկեց, որ կառավարության հյուրատան այգին, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ պոնչիկանոցի հարեւանությամբ, հանրության համար բացեն. «Մի պատ է, պատը քանդվի, 6000 քմ տարածք է, հրաշալի այգի, մաքուր օդ, կարելի է անունը դնել գրականության, գրքի այգի: Դա շատ մեծ նվեր կլինի մեր հանրությանը»: Մարությանն ասաց, որ եթե խոսքը Պետգույքի տիրույթում գտնվող տարածքի մասին է, իրենք պետք է այդ հարցին պատասխանեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031