Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դրությունը եւ ոտնահարված իրավունքները

Հունիս 28,2020 22:00

Երբ մարտի սկզբին իմ հերթական սյունակում զգուշավոր ցանկություն հայտնեցի առ այն, որ մենք կարող ենք մոռանալ այսրոպեական քաղաքական շահերը եւ կենտրոնանալ վարակի դեմ պայքարի վրա, ես հասկանում էի, որ գրում եմ սովորական հայկական բաժակաճառ: Այդ սյունակից հետո արտակարգ դրություն մտցրեցին, եւ դա շատ բան փոխեց: Ընդհանրապես, Արտակարգ դրության ռեժիմը մտցվում է քաղաքացիների հիմնարար իրավունքները սահմանափակելու համար, նպատակ ունենալով ավելի արդյունավետ պայքար մղել խոշոր, ողջ հասարակության համար վտանգավոր սպառնալիքների դեմ: Եվ համավարակը, անկասկած, նման սպառնալիք է: Բայց եկեք նախ ամրագրենք այն ազատությունները, որոնք խախտվել են:

1.Տեղաշարժի ազատության սահմանափակում:

Պարետը մի քանի անգամ փակեց տարբեր բնակավայրերի մուտքն ու ելքը:

2.Գրաքննություն արտակարգ դրության առաջին երկու շաբաթվա ընթացքում:

Խուճապի տարածումը կանխելու» համար արգելված էին ԲՈԼՈՐ (այդ թվում արտերկրի) հրապարակումները կորոնավիրուսի եւ համավարակի թեմայով, բացի նրանցից, որոնք հրապարակվել էին ՀՀ կամ ԱՀԿ պաշտոնական մարմինների կողմից:

3.Զանգվածային միջոցառումների արգելք:

Սա վերաբերում է ոչ միայն հարսանիքներին, ծննդյան տոներին, այլեւ՝ խիստ չափաքանակով թաղումներին: Այս արգելքը տարածվում է նաեւ տարաբնույթ բողոքի ակցիաների վրա:

4. Տեղորոշման տվյալների եւ շարժական կապից օգտվողների մետատվյալների զանգվածային հավաքագրման համակարգի մշակում եւ ներմուծում:

Մեր կառավարությունը զանգվածաբար եւ շատ խորապես ուսումնասիրում է իր քաղաքացիների գտնվելու վայրերը եւ հեռախոսային խոսակցությունների տվյալները (ով եւ ում զանգեց, զանգի տեւողությունը): Դրանով զբաղվում է ծրագրավորողների անանուն մի խումբ, որոնց մասին հայտնի է միայն այն, որ նրանք աշխատում են անվճար: Հայրենասիրությունից դրդված:

Բայց եթե քեզ, իմ օրինապաշտ ընթերցող, թվում է, որ մեր կառավարությունն այս ողջ ընթացքում զբաղված էր միայն կորոնավիրուսի դեմ պայքարով, ապա՝ այդպես չէ: Արտակարգ դրության այս երեք եւ ավելի ամիսների ընթացքում մենք տեսանք, թե ինչպես էր իշխանությունը քննարկում սոցցանցերում անհաճո կարծիքների խրախճանքը, բացատրում էր մեզ զանգվածային վերահսկողության անհրաժեշտությունը, պայքարում էր կաթողիկոսի դեմ, ընդդիմախոսներին սրիկա էր անվանում, ծեծկռտուք էր անում խորհրդարանում՝ ընդդիմադիրների հետ, փոխում էր ուժայիններին, փորձ էր անում կալանավորել Գագիկ Ծառուկյանին, փոփոխում էր Սահմանադրությունը, որպեսզի կարողանա ազատվել Սահմանադրական դատարանի՝ իրեն դուր չեկող դատավորներից եւ չեղարկի իր իսկ կողմից նախաձեռնած սահմանադրական հանրաքվեն:

Այս ամենը տեղի է ունեցել հենց արտակարգ դրության պայմաններում: Այն ժամանակ, երբ կարելի է արգելել հանրահավաքները, հետեւել քաղաքացիներին եւ սահմանափակել նրանց տեղաշարժի իրավունքը, վերլուծել նրանց հեռախոսազանգերի մետատվյալները եւ թույլատրել անհայտ հայրենասեր-ծրագրավորողներին աշխատել բոլոր քաղաքացիների անձնական տվյալների հետ: Այլ խոսքերով, արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր երեքուկես ամիս առաջ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, օգնեց մեր կառավարությանը եւ խորհրդարանին՝ լուծել մի շարք ներքաղաքական խնդիրներ՝ օգտվելով քաղաքացիների իրավունքները խախտելու հնարավորությունից:

Դժվար է դատել, թե որքանով է արտակարգ դրության ռեժիմը օգնում կորոնավիրուսի դեմ պայքարին, նկատեմ միայն, որ բնակչության քանակին ընկնող հայտնաբերված վարակակիրների թվով մենք աշխարհում զբաղեցնում ենք ամոթալի 11-րդ տեղը: Անկասկած է, որ արտակարգ դրության ռեժիմը մտցվեց հենց կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, սակայն երկարացվեց՝ ամենեւին ոչ այդ նպատակով: Իսկ թե ինչի համար՝ արդեն գրեցի:

Ս.Յ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930