2 օր շարունակ Ֆեյսբուքում ու Յութուբում երգիչ Արամոյին են խաչում, ինչ է թե համարձակվել է քննադատել ամենավերջին սեռական հայհոյանքներն ու լուտանքները գրողներին, նրանց դիմել է «արա»-ով։ Փոքր, աղքատ, պատերազմող երկրում հասարակության տարբեր խմբերի միջեւ փոխադարձ ատելությունը վատ տեղ տանող ճանապարհ է, որի մասին որոշ մտավորականներ սկսել են բարձրաձայնել։
Միքայել Հայրապետյանը, օրինակ, գրությունը վերնագրել է․ «Անորոշություն՝ սատանի ձին հեծնելուց առաջ», եւ գրել․ «Մեր ժողովուրդն անբացատրելի մի զգացողությամբ երեւի զգում է համաշխարհային, քաղաքակրթական մի ընտրության շունչը, այլապես այսպիսի փոխադարձ ատելություն, այսպիսի մասնատում ու բեկորացում, այսպիսի արեւելյան կատաղի անզիջումություն, այսպիսի փոխոչնչացման մոլուցք, այսպիսի տիեզերական մասշտաբի կեղծիք մեզանում լինում էին միայն ընտրությունների շրջանում: Թանձրացող համատարած մարտական պատրաստության մեջ բոլորս կոչում ենք՝ ի զեն: Ինչո՞վ զինվել, ո՞ւմ դեմ զինվել՝ սատանի ձին հեծնելուց առաջ»։
Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։
– Սրբազան, Դուք Հայաստանում միմյանց նկատմամբ ատելության մթնոլորտ, թշնամանք նկատե՞լ եք։
Կարդացեք նաև
– Եթե ասեմ՝ կա, սուտ կլինի, ասեմ՝ չկա, էլի սուտ կլինի։
– Ինչպե՞ս հասկանալ։
– Կա էդպիսի տոկոս։ Թե այս տոկոսն ինչքան է, չեմ կարող ասել, բնականաբար, այդ տոկոսին էլ ենք դեմ։ Եթե անգամ 0․1 տասնորդական տոկոս թշնամանք լինի, էլի դեմ ենք։
– Իսկ հետեւո՞ւմ եք սոցիալական ցանցերին։
– Այո, երբեմն։ Տեսնում եմ այն, ինչ ասում եք։ Բայց սոցիալական ցանցերն իրականությունը չեն արտացոլում։ Դրանք հենց նրա համար են, որպեսզի իրականությունը չարտահայտեն։ Որպեսզի մարդն ապրի ոչ իրական իրականության մեջ։ Սոցիալական ցանցերի իրական նպատակն այն է, որպեսզի քեզ թվա, որ բոլորը քեզ երկրպագում են, կամ էլ քեզ թվա, թե բոլորը քեզ ատում են։
– Այսինքն՝ ֆեյքային տրամադրությունները շա՞տ են սոցցանցերում։
– Անշուշտ, եւ հետո՝ բոլորը չէ, որ այդ ցանցերում են, եւ սոցիալական ցանցերի մթնոլորտով չենք կարող երկրի մթնոլորտը որոշել։
– Իսկ եթե ինչ-որ մեկը քննադատում է իշխանությանը, եւ քննադատողի հասցեին ամենավերջին սեռական հայհոյանքներն են տալիս՝ հայր, մայր, երեխա․․
– Սա նշանակում է՝ մարդը բարոյական կերպարանք չունի։ Քննադատությունը նորմալ է, եւ ես չեմ, որ պիտի ասեմ, Դուք ինքներդ լավ գիտեք։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:


















































