Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր էին դատախազներն այդ ժամանակ, ո՞ւր էին տուժողներն այդ ժամանակ, երբ պաշտպանները բողոքում էին». Քոչարյանի պաշտպան Խուդոյանը հակադարձում է դատախազին

Հուլիս 07,2020 14:45 Share

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սահմանադրական կարգի տապալման գործի քննությունն էր: Հիշեցնենք, որ գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գեւորգյանը:

Դատավորը դիտողություն արեց, որ ամբաստանյալներն իրենց պաշտպանների հետ քիպ նստած էին՝ առանց սոցիալական հեռավորությունը պահելու՝ չնայած նիստերի դահլիճում այդ հնարավորությունը կար՝ միմյանցից հեռու նստելու: Նա ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում վերադասավորվեցին ու միմյանցից 1,5 մետր հեռավորությունն ապահովեցին:

Նախորդ նիստին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրել էր, որ շփվել է կորոնավիրուսով վարակակրի հետ ու պատրաստվում է թեստավորվել: Այսօրվա նիստում նա ներկա էր ու միջնորդություն ներկայացրեց՝ քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը անցած նիստում ներկայացրել էր միջնորդություն իրավունքի չարաշահման փաստն արձանագրելու եւ դատական վեճի նախապատրաստական մասը սահմանափակելու վերաբերյալ: Նա ասում էր, որ դատական նիստերը ձգձգելու նպատակով պաշտպանության կողմն անընդհատ կրկնել է իր միջնորդությունները՝ նույնիսկ չկարողանալով ձեւականորեն փոփոխել դրանց հիմքը:
Այսօր պաշտպաններ Միհրան Պողոսյանը, Կարեն Մեժլումյանը անօրինական որակեցին դատավորի որոշումը՝ այդ միջնորդությունը քննության առնելու ու առարկեցին:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միացավ առարկություններին՝ ասելով, որ ինքն էլ առարկություն է ներկայացնում՝ քրեական դատավարության ընթացակարգերը չպահելու, ամբաստանյալներին իրավունքի պաշտպանությունից զրկելու՝ դատախազության ներկայացրած միջնորդության դեմ: Նա հայտարարեց, որ դատավորը չի վերահսկում դատարանում պատշաճ վարքագիծը, մեղադրանքի կողմը զսպվածություն չի ցուցաբերում, դատախազությունը լռում է՝ պաշտպանների նկատմամբ ատելության խոսքի առկայության դեպքում ու այսուհետ ինքն էլ դատարանին ու դատավարության մասնակիցներին դիմելիս նույն արտահայտություններն է օգտագործելու:

Խուդոյանն ասաց, որ եթե դատախազությունն ասում է, որ պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել՝ միմյանց կրկնող, փաստն այն է, որ այդ միջնորդությունները դատավորը գնահատել է քննության ենթակա: Բացի այդ, եթե դատական նիստերը ձգձգվել են, պատճառը նաեւ այն է, որ շատ դատական նիստեր չեն կայացել, այդ թվում՝ դատավորի պատճառով:

Խուդոյանը նաեւ ընդգծեց, որ երբ Վերաքննիչը բեկանեց Դավիթ Գրիգորյանի որոշումը գործի վարույթը կասեցնելու մասին, ենթադրվում էր, որ հաջորդ օրն իսկ՝ հունիսի 26-ին գործի վարույթն առաջին ատյանում պետք է վերսկսվեր: Բայց դատավոր Արմեն Դանիելյանը պահել էր գործի նյութերը եւ չէր վերադարձնում առաջին ատյանի դատարան, այնուհետեւ ուղարկեց Վճռաբեկ դատարան, որը նույնպես չէր ուղարկում գործի նյութերը առաջին ատյանի դատարան: 2 ամիս անց առանց որեւէ նոր հիմքի գործը վերադարձվեց առաջին ատյանի դատարան. «Դրանով հաստատվեց, որ անհիմն էր 2 ամիս գործը չքննելը, ո՞ւր էին դատախազներն այդ ժամանակ, ո՞ւր էին տուժողներն այդ ժամանակ, երբ պաշտպանները բողոքում էին գործի քննության արգելքներից: Որեւէ առարկություն չլսվեց նաեւ մեղադրանքի կողմից, երբ գործի քննություն չկար ավելի քան 2 ամիս՝ առ այսօր անհասկանալի պատճառներով նախագահող Դանիբեկյանը բացակայում էր»:

Նա նաեւ նշեց, որ դատավորի բացակայության պատճառով շուրջ երեք ամիս ավելի Ռոբերտ Քոչարյանը գտնվել է անազատության մեջ, ո՞ւր էին դատախազների առարկությունները՝ գործի վարույթը ձգձգելու վերաբերյալ, չէ՞ որ այդ ժամանակ դատախազությունը չէր հնչեցնում՝ «ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է» արտահայտությունը. «Արդարադատությունը բոլորի համար է, թե՞ դատախազությունը վերապահում ունի սույն գործով ամբաստանյալների նկատմամբ: Կարծում եմ, այս հռետորական հարցի պատասխանն ակնհայտ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031