Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կարեւոր է, որ տարածաշրջանի տարբեր պետություններ ու գերտերություններ հասկացան, որ Հայաստանն ինքն իրենով շատ կարեւոր խաղացող է». Սոս Ավետիսյան

Հուլիս 29,2020 14:20

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը «Արարատ» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում խոսելով  սահմանային լարվածության պատերազմական օրերին ընդդիմադիրների պահվածքի ու հայտարարությունների մասին՝ ասաց. «2016-ին, օրինակ, ՔՊ ընդդիմադիր կուսակցությունը զինվորագրվել էր, որովհետեւ դա նաեւ կուսակցության հիմնադրույթներից մեկն է՝ արտաքին վտանգի պարագայում զինապարտությունը: Սրա հետ մեկտեղ մեզ մոտ հաջող է կոմունիկացիան մի քանի պատճառով՝ վստահություն կա իշխանության, քաղաքական ղեկավարության նկատմամբ, թույլ չի տալիս ինֆորմացիոն դիվերսիաներ իրականացնել:

Իհարկե, ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից փորձ արվեց ստվերելու, ինչպես նաեւ գենետիկ առումով հաղթանակի գենոլոգիան փորձելով տարանջատել ռազմաքաղաքական ղեկավարությունից, որը ծիծաղելի է: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ մեր զինված ուժերի գործողությունները, դիվանագիտական կորպուսի, խորհրդարանական դիվանագիտության գործողությունները բոլորն էլ իրար հետ փոխհամաձայնեցված են ու կոորդինացվում են ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Բայց այսպիսի փորձ առանձնացնելու ու տարանջատելու…դա հայտնի բան է, որպես կանոն, պարտությունը որբ է լինում, հաղթանակը պետք է հազար տեր ունենա: Բայց ես կարծում եմ, որ մեր հանրությունը շատ լավ հասկացավ, թե ինչքան պատրաստված էր այս անգամ պետությունը»:

Խոսելով բանակի արդիականացման, բանակում բարեփոխումների մասին՝ Սոս Ավետիսյանն ասաց. «Իհարկե, զինվորների կենցաղի բարելավումը, սննդակարգի բարելավումը, նոր ռազմատեխնիկայի ձեռքբերումը, ճիշտ համակցումը ռազմաքաղաքական ուղղությունների խիստ կարեւոր էր եւ դա էր նաեւ այս հաղթանակի ամենակարեւոր բաղադրիչը: Սրա հետ մեկտեղ շատ կարեւոր է, որ տարածաշրջանի տարբեր պետություններ ու գերտերություններ հասկացան, որ Հայաստանն ինքն իրենով շատ կարեւոր խաղացող է եւ տարածաշրջանում թե՛ խաղաղության, թե՛ անվտանգության իրական երաշխավոր է: Սա շատ կարեւոր հանգամանք է: Եթե նայեք անվտանգության խորհրդի նիստերը, կհասկանաք, թե ինչքան առաջնային մակարդակի է բարձրացել Հայաստանի սուբյեկտայնությունը: Սա պետք է որպես հանրություն արձանագրենք մեր համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031