Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերժվածների կոնսոլիդացիան ինձ համար վտանգ չի ներկայացնում»

Հուլիս 31,2020 14:00

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ տարբեր ուժերի՝ իրենց դեմ համախմբման մասին

– Այս օրերին սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ կարծիքներ հնչեցին, որ նախագահը պետք է լինի ժողովրդի կողմից ընտրվող, ու նրա դերը պետք է բարձրացվի: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում:

– Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը դեռ աշխատում է: Կարծում եմ՝ պետք է սպասենք, մինչեւ ընդհանուր հայտարարի գան: Հանձնաժողովը շատ լայն է. գիտեք՝ բոլոր սեկտորներից մասնագետներ են ներգրավված: Կարծում եմ՝ պետք է սպասենք քննարկումների ավարտին, հետո հասկանանք՝ ինչպես է: Այս պահին այդ հարցին պատասխանել չեմ կարող: Անձնական կարծիք ասել չեմ կարող: Եթե մենք գնում ենք այն ճանապարհով, որ Հայաստանը պառլամենտական երկիր է, գուցե պետք է պահպանվի այդ տեսանկյունը: Դրա համար կարծում եմ, որ մենք պետք է սպասենք քննարկումների ավարտին:

– Այս օրերին ԲՀԿ-ի շուրջ իրադարձություններ, զարգացումներ են ծավալվում, եւ որոշ մեկնաբանությունների համաձայն՝ դա կապվում է նաեւ իշխող ուժի հետ, որ այդ պառակտումն այսպես կոչված նաեւ իշխող ուժին է ձեռնտու: Ի՞նչն է պատճառը, որ ներկուսակցական խնդիրները կապում են ձեր քաղաքական ուժի հետ:

– Անկեղծ չգիտեմ՝ որտեղից այդ քննարկումները: Հաճելի է, որ կարծում են՝ մենք նման ազդեցություն ունենք ԱԺ-ի այլ խմբակցությունների ներկուսակցական հարցերի լուծման վրա, բայց ես այդ կարծիքը չունեմ: Կարծում եմ՝ դրանք իրենց ներկուսակցական խնդիրներն են եւ թե ինչու է այդպես լինում, միայն իրենց կուսակցության անդամները, կուսակցության ղեկավարն ու քարտուղարը կարող են պատասխանել: Մենք որեւէ առնչություն չունենք եւ չենք էլ կարող ունենալ:

– Իսկ ինչո՞ւ պիտի իշխող քաղաքական ուժին ձեռնտու լինի կուսակցությունների պառակտումը, հատկապես այն համատեքստում, որ մեր երկիրը կառավարման պառլամենտական համակարգն ունի:

– Հայաստանը, որպեսզի ուժեղ լինի եւ ճիշտ ճանապարհով գնա, պետք է ունենա ուժեղ ընդդիմություն: Ես այդ կարծիքին չեմ, որ մենք այսօր ունենք ուժեղ ընդդիմություն: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ մի օր Հայաստանն իրոք կառուցողական եւ ուժեղ ընդդիմություն կունենա:

– Ի՞նչն է պատճառը, որ ըստ Ձեզ՝ ընդդիմադիր թեւ չի ձեւավորվում: ԲՀԿ-ն է հայտարարում, որ ընդդիմություն է, ԼՀԿ-ն, արտախորհրդարանական ուժեր են համախմբվել:

– Ես վստահաբար ասում եմ՝ ընդդիմությունն է այդ կուսակցությունը, թե  ոչ, դա որոշում է ժողովուրդը: Եվ ընտրություններից հետո նրանց քայլերը բերեցին մեծ հիասթափությունների հենց նաեւ իրենց ընտրողների մոտ, իրենց ոչ կայուն դիրքորոշման պատճառով տարբեր հարցերում: Դրա համար կարծում եմ՝ այդ գնահատականը ոչ ես կարող եմ տալ, ոչ էլ իրենք իրենց կարող են տալ: Այդ գնահատականը միայն ՀՀ  քաղաքացիներն են տալու, որոնք ընտրում են ընդդիմությունը:

– Այս օրերին մի շարք քաղաքացիներ՝ դիմորդներ, նրանց ծնողներ փողոցում դժգոհություն են բարձրացնում կապված ընդունելության քննությունների հետ, կարծիքներ ու մտավախություններ կան, որ այդ շարժումը կարող է օգտագործվել ինչ-ինչ քաղաքական ուժերի կողմից: Դուք ունե՞ք նման մտավախություն:

– Ես նկատում եմ, որ այդ դժգոհությունն օգտագործվում է տարբեր քաղաքական ուժերի կողմից: Եթե որոշ քաղաքացիների արդարացի բողոքի մեջ հայտնվում են, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, Արթուր Վանեցյանի թիմակիցները, բնականաբար, երեւում է, որ փորձում են օգտագործել այդ շարժումը հօգուտ իրենց քաղաքական հայացքների: Կարծում եմ՝ դա նրանց չի հաջողվի:

– ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջներ էլ հնչեցին:

– Ես դա չեմ մեկնաբանի: Ինչ վերաբերում է բուն դժգոհության թեմային, ապա կարող եմ վստահաբար ասել, որ երբ ես էի ընդունվում համալսարան, այն ժամանակ էլ էր նույն  կերպ: Իսկ թե հիմա ինչ պետք է փոխենք, այդ ուղղությամբ պեպք է աշխատի կրթության նախարարությունը:

– Ստեղծված իրավիճակում ո՞րը կարող է խնդրի լուծում լինել:

– Առհասարակ կարծում եմ պետք է ամբողջությամբ վերանայել կրթական համակարգը:

– Քննդատություններ հնչեցին «Ազգային անվտանգության ռազմավարության» մասին, մինչեւ անգամ որակվեց, որ այն պարզունակ, անողնաշար փաստաթուղթ է եւ վաղ թե ուշ կնետվի աղբարկղ: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Ես այդ դիտարկումների հետ համաձայն չեմ: Եթե այդ դիտարկումներն անում է Արթուր Վանեցյանը, դրանք ինձ համար լուրջ եւ ընդունելի չեն: Կոնկրետ մեր հանձնաժողովով ակտիվ աշխատում ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում, ինչպես հիմա այդ գիծը գծված է եւ որով գնում է, Հայաստանն ունենա ուժեղ ազգային անվտանգության ռազմավարություն:

– Ասում եք, որ լուրջ չեք վերաբերվում Արթուր Վանեցյանի դիտարկումներին, բայց նա ձեր իշխանության օրոք ԱԱԾ տնօրենի  պաշտոնում էր նշանակվել:

– Բնականաբար, նշանակվել էր, մեկ  անգամ չէ, որ ասել եմ այս ամբողջ մեկ տարվա ընթացքում, որ մարդիկ իրենց գործողություններով,  քայլերով ու խոսքերով են ցույց տալիս, թե որքանով  են նրանք արժանի եղել, կամ չեն եղել իրենց պաշտոնին: Կոնկրետ Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո նրա բոլոր քայլերը խոսում են այն մասին, որ նա, այո, լավ ազգային անվտանգության ղեկավար չի եղել եւ առհասարակ մարդ, որը ղեկավարել է այդ կառույցը, չի կարող հիմա նման դիրքորոշում  հայտնել եւ արտահայտություններ անել: Իմ վերաբերմունքը կապված էր զուտ իր վարքի հետ:

– Վտանգ չե՞ք տեսնում, որ տարբեր ուժեղ համախմբվում են Արթուր Վանեցյանի շուրջ եւ կարող են լուրջ հակակշիռ լինել իշխող կուսակցությանը:

-Ամենայն անկեղծությամբ, մերժվածների կոնսոլիդացիան ինձ համար վտանգ չի ներկայացնում: Եթե ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնեն, իրենցով կզբաղվի ԱԱԾ-ն: Իսկ որպես քաղաքական ուժ կարող են ասել ու անել՝ ինչ ուզում են. դրա գնահատականը եւս երեք տարի հետո ընտրություններով կերեւա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031