Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճի սարքավորումների սպասարկողն իրեն քրեական գործով պատանդ է համարում

Օգոստոս 12,2020 12:00

Հայկի տարեց ծնողները, նրան ճանաչողները չեն հավատում, թե նա կարող է «բանկ թալանել»,  Հայկն էլ դեռ անցյալ տարի դատարանում հայտարարեց, թե պատանդ է, եւ հայտարարություն ունի անելու: Նա դիմեց դատավորին` «Հոգեկան վիճակս թույլ չի տալիս, ուզում եմ օր առաջ հայտնել իմացածս: Հարգարժան դատավոր, Դուք որոշեք, որն է կեղծ, որը արդար»:

Քրեական գործը Շենգավիթի նստավայրում դատավոր Դ. Բալայանի վարույթում է 2019թ. մարտի 14-ից:

Տուժողները երեքն են:

Ամբաստանյալը Հայկ Ալթունյանն է, որն աշխատել է «Այ Վենդինգ» ՍՊԸ-ում, որպես սուրճի սարքավորումների սպասարկող, նրա պաշտպանությունն իրականացնում է Սիրանույշ Հարությունյանը` ՀՀ ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը:

Անդրանիկ դատական նիստը տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ հունիսի 6-ին:

«Առավոտն» այս քրեական գործին անդրադարձել է անցյալ տարվա հունիսի 6-ին: Մինչ օրս ակտիվ դատական գործընթաց չկա, հետեւաբար, ամբաստանյալի հայտարարության մտադրությունը դեռ առկախ է:

Անցյալ տարի 6 նիստ է տեղի ունեցել, այս տարի` 1 նիստ, 4-ը հետաձգվել է, ըստ որում՝ վերջին անգամ պաշտպանը մայիսին կորոնավիրուսի հետ կապված դիմել է դատարան, հայտնելով` նպատակահարմար չի գտնում մասնակցել նիստին համավարակի կանխարգելման պատճառով, ամբաստանյալին էլ դատարան չեն բերում, մինչդեռ Հայկը հայտարարում է, որ հայտարարություն ունի:

Հոկտեմբերի 7-ին է նշանակվել հաջորդ դատական նիստը: Դատախազն է Մուշեղ Անանյանը:

Նախաքննության ժամանակ Հայկ Ալթունյանը հայտնել էր, որ վերջին երկու տարվա ընթացքում կուտակել է մոտ  25.000 ԱՄՆ դոլար պարտք, աշխատելով «Այ Վենդինգ» ՍՊԸ-ում՝ որպես սուրճի սարքավորումների սպասարկող, ստացած ամսական 200.000 ՀՀ դրամով պարտքը մարել չի կարողացել, որոշել է պարտքերը մարելու համար «այլ» ճանապարհով գումար հայթայթել:

Ըստ մեղադրական եզրակացության, Հայկը 2018թ. ապրիլի 2-ին՝ Հանրապետության հրապարակից «Այ Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող եւ իր կողմից վարվող «GOLF 3» մակնիշի 801 AG 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի վրա գտնվող հանրակացարանային շենքերի մոտ, այնտեղ կայանել է ավտոմեքենան, հագել նախօրոք տնից վերցրած բանվորական բաճկոնը, բանվորական տաբատը, իր հետ վերցրել սեւ գույնի բրդյա կտորից գլխարկը, որի աչքերի հատվածը նախօրոք կտրել էր՝ որպես դիմակ ծառայեցնելու համար, բանվորական ռետինե ձեռնոցները, իրեն պատկանող՝ 2016 թվականի գործարանային արտադրության «MAKAROV» տեսակի օդաճնշիչ ատրճանակը, վերցրել մեկ հատ էլեկտրաշոկ եւ արցունքաբեր գազ արձակող սարքը, եւ ոտքով քայլել դեպի «Ֆասթ Կրետիդ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ Ավան՝ Խուդյակով 69/1 հասցեում գտնվող մասնաճյուղ: Նախ մտել է «Ֆասթ Կրետիդ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ նշյալ մասնաճյուղի շինության դիմացի մայթեզրին գտնվող այգին, մոտ երկու ժամ փորձել է հարմար պահ ընտրել՝ նշված շինություն մտնելու եւ ավազակային հարձակում կատարելու համար: Ժամը 21:30-ի սահմաններում, այգուց դուրս է եկել եւ դիմակավորված, ձեռնոցներով, ատրճանակն աջ ձեռքին, իսկ նռնակի նմանվող կրակայրիչը ձախ ձեռքին, ավազակային հարձակում է գործել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավանի մասնաճյուղ եւ ատրճանակն ուղղելով հաճախորդների սպասարկման սրահում կանգնած հաճախորդի վրա՝ պահանջել է վերջինիս պառկել գետնին: Նա «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի աշխատակիցներ՝ գանձապահներից եւ ոսկերիչ-գնահատողից, նռնակը պայթեցնելու եւ ատրճանակով կրակոցներ արձակելու սպառնալիքներով, պահանջել է դրամարկղերում առկա գումարները: Գանձապահը տոպրակի մեջ է լցրել դրամարկղերում առկա 6.341.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը: Հայկը պատուհանի տակից վերցրել է հիշյալ գումարով լի պոլիէթիլենային տոպրակը, ատրճանակի սպառնալիքով հաճախորդի հետ դուրս է եկել գրավատնից եւ դիմել փախուստի: Նա վազելով հասել է Դուրյան թաղամասի շենքերից մեկի մոտ, բարձրացել է շենքի տանիք, երկու ժամ «հանգստացել», ապա դուրս է եկել նշված շենքից եւ քայլելով գնացել իր մեքենայի մոտ, նստել ավտոմեքենան:

Մեկ այլ դրվագով, Հայկը «Այ Վենդինգ» ՍՊԸ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատել էր որպես առաքիչ: Նա ընկերության գույքային ֆոնդից հանել եւ իր ֆոնդ է մտցրել տնօրենի հետ իր կողմից կնքված պայմանագրով վարձակալությամբ վերցված՝ նշված ՍՊԸ-ին պատկանող 900.000 ՀՀ դրամ արժողությամբ «AZKOYEN» տեսակի «Sienna» մոդելի սրճեփ սարքը, առանց «Այ Վենդինգ» ՍՊԸ-ի համաձայնության՝ այն 1.200.000 ՀՀ դրամ կանխիկ գումարով վաճառել է գործով անցնող մեկին: Իսկ տնօրենի կողմից կնքված պայմանագրով վարձակալությամբ վերցված «MISTRAL» մոդելի քաղցրավենիք եւ խմիչք տրամադրող սարքը` առանց «Այ Վենդինգ»-ի համաձայնության, 2018 թվականի մարտի կեսերին մեկ օր 1.681.540 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կանխիկ գումարով վաճառել է: Կան էլի դրվագներ, իսկ նախաքննության ժամանակ առաջադրված մեղադրանքում Հայկ Ալթունյանն իրեն մեղավոր է ճանաչել:

Այսօր արդեն իրեն մեղավոր չի ճանաչում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31