Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական աշխատավարձն աճել է 4,9 տոկոսով. Կորոնավիրուսի հետեւանքով որ ոլորտներն են աճել, որոնք՝ տապալվել

Օգոստոս 26,2020 21:30

Հայաստանում հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է տնտեսական անկում 5.7%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.1% աճի դիմաց: Այդ մասին են վկայում «Լույս հիմնադրամի հրապարակած 2020 – ի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ ուսումնասիրությունները:

Ինչպես եւ սպասվում էր, 2020 թվականի երկրորդ եռամսյակում նոր կորոնավիրուսի (COVID-19) հարուցած ճգնաժամը հայաստանյան տնտեսությունում ձեւավորել է խորքային բացասական դրսեւորումներ:

Բայց սկսենք լավ լուրերից.

Գյուղատնտեսության եւ ձկնորսության ոլորտում աճ է արձանագրվել, համախառն արտադրանքը 2020-ի առաջին կիսամյակում ավելացել է 1.8%-ով` նախորդ տարվա 6.5% անկման դիմաց: Ընդ որում, ամենամեծ նպաստումը` 1.1 տոկոսային կետ, ձևավորել է անասնաբուծության ենթաճյուղը` աճելով 1.9%-ով: Մյուս կողմից, բուսաբուծության ենթաճյուղը աճել է 1.4%-ով` ընդհանուր ոլորտի աճին նպաստելով 0.5 տոկոսային կետով: Ինչ վերաբերում է ձկնորսությանը, այն աճել է 3.0 %-ով: Հատկանշական է, որ 2019-ի առաջին կիսամյակում արձանագրվել էր անկում և՛ բուսաբուծությունում, և՛ անասնաբուծությունում:

Անցյալ տարի շինարարության ոլորտում 4.7% աճ էր գրանցվել, այս տարի անկումը հսկայական է՝ 23.4%-ով անկում:

Առաջին կիսամյակի կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության մակարդակի անկում` 4.7%-ով: Համեմատության համար նշենք, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել էր աճ` 6.6%-ով:

Միակ ենթաճյուղը, որտեղ գրանցվել է աճի դրական ցուցանիշ, հանքագործական արդյունաբերությունն է: Վերջինիս ծավալները ավելացել են 24.3%-ով` ձևավորելով դրական դինամիկա 4.3 տոկոսային կետով: Սա հիմնականում պայմանավորված է մետաղական հանքաքարի արդյունահանման շոշափելի աճով (24.9%):

Ծառայությունների ոլորտը գտնվել է կարանտինային սահմանափակումների կիզակետում, այստեղ եւս արձանագրվել է շոշափելի անկում: 2020-ի առաջին կիսամյակում ծառայությունների թողարկումը նվազել է 6.4%-ով` նախորդ տարվա 15.6% աճի դիմաց:

Պարզ է, որ առեւտրի շրջանառությունն էլ է տուժել 11,1 տոկոսով, իսկ նախորդ տարի 8,9 տոկոս աճ էր գրանցվել: Մանրածախ առեւտրի անկումը 14,2 տոկոս է:, մեծածախը՝ 8 տոկոս: Ավտոմեքենաների առեւտուրը 10,2 տոկոսով նույնպես կրճատվել է:

2020-ի հունվար-հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4%-ով` կազմելով 186,410 դրամ: Միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում աճել է 8.3%-ով` կազմելով 162,011 դրամ, իսկ ոչ պետականում` 3.8%-ով՝ կազմելով 198,323 դրամ: Ինչ վերաբերում է իրական աշխատավարձին, ապա այն 0.5% միջին գնաճի պայմաններում աճել է 4.9%-ով:

Նախորդ տարի պետբյուջեի փաստացի եկամուտները բնականաբար ավելի շատ էին, քան այս տարի: 2020 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 716.7 մլրդ դրամ, ինչը 41.8 մլրդ դրամով կամ 5.5%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշին: Ընդ որում, այս անկման 4.4 տոկոսային կետը պայմանավորված է հարկային եկամուտների և պետական տուրքերի 4.6% նվազմամբ:

Ընդհանուր ծախսերը ճշտված պլանի համեմատ թերակատարվել են 17.4%-ով` 926.8 մլրդ-ի փոխարեն կազմելով 765.6 մլրդ դրամ: Ընդ որում, ընթացիկ ծախսերը թերակատարվել են 11.0%-ով, իսկ կապիտալ ծախսերը` 61.3%-ով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31