Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականը հրաժարվել է շարունակել Հնդկաստանի հետ խաղը (տեսանյութ)

Օգոստոս 28,2020 22:02

Հայաստանի շախմատի հավաքականը հրաժարվել է շարունակել առցանց անցկացվող օլիմպիադայի քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումը, հայտնում է «Ա1+»-ը:

Հնդկաստանի հավաքականի հետ առաջին մրցամարտն ավարտվել է հնդիկ շախմատիստների նվազագույն առավելությամբ՝ 3,5:2,5: Սակայն պարզվել է, որ 5-րդ խաղատախտակի վրա, որի վրա հանդես է եկել Հայկ Մարտիրոսյանը, ծրագրային խնդիր է ծագել, որի պատճառով հայ շախմատիստը չի կարողացել քայլ կատարել և նրան անհարկի պարտություն է գրանցվել:

Հայաստանի հավաքականը բողոքարկել է այդ պարտիան և առաջարկել է այն վերսկսել այն քայլից ու այն ժամաքանակից, որից հետո ինտերնետային հարթակում ծրագրային խնդիր է առաջացել:

Ավաղ, ՖԻԴԵ-ն, որը օլիմպիադայի անցկացման պատասխանատուն է, չի բավարարել մեր հավաքականի պահանջը: Արդյունքում, Հայաստանի ընտրանին հրաժարվել է շարունակել հանդիպումը և թիմին տեխնիկական պարտություն է գրանցվել:

Հնդկաստանը մտել է կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Ադրբեջան – Լեհաստան զույգի հաղթողի հետ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որը նվիրված է շախմատի օլիմպիադայի Հնդկաստանի հետ խաղում տեղի ունեցած սկանդալին:

«Հայաստանի հավաքականը ի նշան բողոքի բոյկոտեց Հնդկաստանի հետ երկրորդ մրցախաղը

Օնլայն Օլիմպիադայի 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Հնդկաստանի ընտրանին: 2,5 – 2,5 հաշվի ժամանակ մրցաշարի հարթակ հանդիսացող Chess.com կայքում առաջացավ տեխնիկական խնդիր, որի պատճառով Հայկ Մարտիրոսյանի կատարված քայլը չգրանցվեց և նրան գրանցվեց պարտություն: Նշենք, որ դիրքը, որի ընթացքում սպառվեց նրա ժամանակը, ամբողջովին հավասար էր և ավարտվելու էր ոչ-ոքի:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես բողոքարկեց որոշումը, սակայն, շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, ՖԻԴԵ-ն մերժեց բողոքը, որի արդյունքում Հայաստանի հավաքականն առաջին մրցախաղում պարտվեց: Նշենք, որ ֆեդերացիայի տեխնիկական մասնագետները ապացուցեցին, որ Հայաստանի հավաքականի մոտ մրցախաղի ամբողջ ընթացքում եղել է ինտերնետ հասանելիություն, Հայկ Մարտիրոսյանը միացված է եղել Zoom տեսազանգին և, եթե խնդիրը լիներ ինտերնետի բացակայությունը մեր կողմում, ապա նա չէր գտնվի նաև Zoom տեսազանգի տիրույթում: Մեր տեխնիկական մասնագետները նշեցին նաև, որ ֆեդերացիան ունի երկու ինտերնետ կապի հասանելիության գիծ և, եթե մեկ գիծը խափանվում է, անմիջապես միանում է մյուսը, և այդ դեպքում փոխվում է IP հասցեն:

Chess.com կայքը հաստատեց, որ IP հասցեի փոփոխություն չի եղել, Հայկ Մարտիրոսյանը միշտ ունեցել է համացանցի հասանելիություն, սակայն, իրենց համար անհասկանալի պատճառով, նրա քայլերը չեն գրանցվել: Մեր փաստարկներին չներկայացնելով որևէ իրական հակափաստարկ՝ ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի բողոքը:

Հայաստանի հավաքականի անդամներն այն համոզմանն էին, որ կայացված որոշումն ակնհայտ  անարդար է, և նման պայմաններում մեր թիմը չի կարող շարունակել հետագա մասնակցությունը մրցաշարին: Թիմը որոշեց բոյկոտել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան մրցաշարի հարթակ հանդիսացող chess.com կայքից պահանջել է կայքի ծանրաբեռնվածության հետ կապված որոշակի տվյալներ, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31