Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր օրակարգում ակտիվ կուսակցական գործունեությունն է». ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 02,2020 11:01
hhk

Հայաստանի քաղաքական դաշտում ինչ-որ խմորումներ ու շարժեր են նկատվում․ նախ՝ ամառվա ընթացքում, կորոնավիրուսի պայմաններում, ստեղծվեցին ու գրանցվեցին նոր կուսակցություններ («Հայրենիք», «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը), իսկ հիմա նկատվում է, որ բոլորը նախապատրաստվում են քաղաքական աշնանը․ Գագիկ Ծառուկյանն է վերջին շրջանում տարբեր մարզերում ակտիվ շփումների մեջ, «Հայրենիքն» է գրասենյակներ բացում, ՀՅԴ-ն Լիբանան հումանիտար օգնություն է տանում, եւ ՀՅԴ-ի ղեկավարներն են ուղերձներով ու հարցազրույցներով հանդես գալիս, «Սասնա ծռերը» փողոցային պայքարի մասին են խոսում։

Մի քանի մանր կուսակցություններ եւս, օրինակ, Ռեֆորմիստները, Խաչիկ Ասրյանի «Հայոց արծիվները», արդեն հայտարարել են սեպտեմբերին հանրային միջոցառումներ կազմակերպելու մասին։ Ասրյանը հրապարակել է իր օրակարգը․ Ազատության հրապարակում համազգային հավաք՝ հանուն հայ ազգային արժեքների եւ «ամերիկահպատակ, թրքապաշտ» ապազգային իշխանության հեռացման։ Ռեֆորմիստների ղեկավար Վահան Բաբայանը, որն ուզում է սեպտեմբերի 4-ին իր աջակիցներին հավաքել Մատենադարանի մոտ, կոնսոլիդացվելու կոչեր է անում։ Օրերս նա գրել է․ «Նիկոլ Փաշինյանն անակնկալ կերպով հրաժարական է տալու։ Ընդդիմադիր առողջ ուժերը պետք է պատրաստ լինեն նոր քաղաքական իրավիճակին: Փաշինյանի գնալուց քաղաքական դաշտն ալեկոծվելու է, եւ միայն ազգային ուժերի համախմբումով հնարավոր կլինի Հայաստանում հաստատել իրական հայկական իշխանություն, որը դուրս կլինի օտար, մութ ուժերի ազդեցությունից»։ Կամ՝ «Պատրա՞ստ եք շարունակել լռել եւ համակերպվել այս անգործ եւ պարապ կառավարության հետ, պատրա՞ստ եք սպասել եւս երեք տարի, թե՞ ցանկանում եք այսօր տեսնել իրական փոփոխություններ՝ դուք ցույց կտաք սեպտեմբերի 4-ին»։

ՀՀԿ, ՀՅԴ, «Ադեկվադներ»․ կա՞ն արդյոք առաջիկայում հավաքների, երթերի, ցույցերի ծրագրեր։ «Ադեկվադներ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը, ի պատասխան հարցին, թե իրենք ե՞ւս պատրաստվում են սեպտեմբերին ակտիվ լինել, ասաց, որ ներքին քննարկումների մեջ են, որոշումներ ընդունված չեն։ Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն էլ հարցին, թե ունե՞ն սեպտեմբերին հանրահավաքի կամ բողոքի ակցիաների օրակարգ, ասաց․ «Մեր օրակարգում ակտիվ կուսակցական գործունեությունն է․ ընդհանուր կուսակցական աշխատանք, մշտապես եւ հիմա էլ հանդիպում ենք սկզբնական կառույցների հետ։ Մենք Ձեր նշված ֆորմատով բաներ դեռեւս չունենք, բայց չի բացառվում՝ վաղը կամ մյուս օրն անհրաժեշտություն առաջանա, կախված նրանից, թե քաղաքական օրակարգն իրենից ինչ կթելադրի, ինչ ակտիվության, կամ՝ անհրաժեշտություն առաջանա, մենք էլ կանենք»։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին էլ հարցրինք, թե սեպտեմբերին ՀՅԴ-ի՝ առանձին կամ եռյակ ձևաչափով («Հայրենիք», «Բարգավաճ Հայաստան») կազմով նախատեսո՞ւմ է հանրահավաքներ, ասաց․ «Մենք միշտ ասել ենք, որ մեր քաղաքական գործունեության մեջ օգտագործելու ենք քաղաքական պայքարի բոլոր ձևերը, իսկ հանրահավաքները, երթերը քաղաքական պայքարի գործիքներ։ Երբ վերջնական որոշում լինի, կտեղեցակցնենք»։ Ւսկ ԲՀԿ-ի և «Հայրենիք» -ի հետ հանրահավաք անելու հարցով քննարկում ունենո՞ւմ․ «Մենք միշտ ենք ունենում, ոչ միայն այդ հարցով»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930