Լրահոս
Օրվա լրահոսը

Օղու թունավորումից հիվանդանոցում գտնվող տղամարդուն մահացած են ներկայացրել, բայց ողջ է

Սեպտեմբեր 04,2020 23:00

Արմավիրում տնային օղուց մահացածներից երկուսը Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներ էին։ Այս տեղեկությունը սեպտեմբերի 1-ին ցավակցության հետ Facebook-ում տեղադրեց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

Պարզվում է, որ քաղաքապետի տեղեկությունները ճիշտ չէին, մահացել է ոչ թե երկու, այլ մեկ աշխատակից:

«Բժիշկը շփոթվել էր ասել, թե մահացել է, բանից պարզվեց, որ չի մահացել: Վերջինս մեզ մոտ բանվոր է աշխատում, իսկ մահացած աշխատակիցը վարորդ էր »,- Aravot.am-ին ասաց Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության տնօրեն Լեւոն Գրիգորյանը: Օղուց թունավորված երկու աշխատակիցը հենց այս տնօրինությունում էին աշխատում:

Հիշեցնենք, որ 2020թ. օգոստոսի 31-ին «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի Լերմոնտով, Շիրազի և Բաղրամյան փողոցների 5 բնակիչ: Պարզվել է, որ նրանք ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: Բուժօգնության դիմած 5 անձանցից 2-ը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել են:

Թյուրիմացության արդյունքում մահացած ներկայացված քաղաքապետարանի աշխատակցի որդիները չափազանց վրդովված են իրենց հոր մասին ներկայացված իրականությանը չհամապատասխանող տեղեկությունից.

«Կարո՞ղ ենք մի ձեւ այդ հարցը լուծել, որ մահացածների ցուցակում հայտնված մեր հոր անունը ջնջենք էդ սայթերից, էդ մարդիկ, որ ընկան ձեռքս… » ,- մեզ հետ զրույցում վրդովված հետաքրքրվեց Կարեն Գեւորգյանի որդին՝ Սարգիս Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ հոր վիճակը ծանր է, վերակենդանացման բաժանմունքում է, իսկ օղու թունավորման դեպքը նույնիսկ չեն ուզում հիշել. «Հիմա չեմ ուզում խոսել, դրա ժամանակը չէ, մենք էստեղ նստած լացում ենք, որովհետեւ մեր հերը կիսով չափ էն աշխարհում է, չենք ուզում էդ ամեն ինչի մասին խոսել»:

Մեր դիտարկմանը, թե օղու վաճառքով զբաղված արմավիրցի Աշոտ Հովսեփյանի փաստաբանը պնդում է, որ Հովսեփյանի ձերբակալումն ապօրինի է, նաեւ սպիրտը մարզի մեկ այլ բնակչից է գնել, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Եթե իր պաշտպանը պնդում է, թող դակազատ անի, թող իրենց հարցերը լուծեն, համենայնդեպս, մենք բողոք չունենք իր դեմ, մենք հիմա մեր հոր կողքին ենք, այս հարցերով ենք, նույնիսկ չենք ուզում հիշել՝ այս ամենն ինչից է եղել: Մենք համաքաղաքացի ենք Աշոտ Հովսեփյանի հետ, մենք էդ մարդու մասին չենք ուզում վատը խոսել կամ քննադատել: Ինչքան այդ մարդուն ճանաչել ենք, վատ մարդ չենք ճանաչել, չենք ուզում իրեն մեղադրել, դա մեզ ոչինչ չի էլ տա, հիմա մեզ համար կարեւորը մեր հոր առողջությունն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930