Լրահոս
Օրվա լրահոսը

Սանահինն ընդգրկվել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով իրականացվող մշակութային պահպանության ծրագրերում

Սեպտեմբեր 14,2020 10:30

Սեպտեմբերի 9-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: Նրան ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Լիա Միլլերը:

Գայանե Մարկոսյանը ողջունեց տիկին դեսպանին, շնորհակալություն հայտնեց Լոռու մարզում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար և հույս հայտնեց, որ այցելությունները և համագործակցությունը շարունակական կլինեն:

Դեսպանը, նույնպես շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ այցի նպատակը մարզում ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին ծանոթանալն է, ինչպես նաև այցելությունը Սանահին վանական համալիր: Բանն այն է, որ նախորդ տարի ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված մրցույթում Սանահինն ընդգրկվել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով իրականացվող մշակութային պահպանության ծրագրերում, որի շրջանակներում նախատեսվում է համալիրի որոշ հատվածներում իրականացնել վերականգնողական, ինչպես նաև տարածքում հայտնաբերված մշակութային արժեքների պահպանության աշխատանքներ:

-Մենք շատ ուրախ ենք, որ այս ծրագրից օգտվելու հնարավորություն է ստացել նաև Հայաստանը: Պատրաստ ենք մեր տեղացի գործընկերների հետ ձեռնամուխ լինելու Հայաստանի համար այս կարևոր աշխատանքների իրականացմանը, -ասաց նա:

Փոխմարզպետն, իր հերթին շնորհակալություն հայտնելով, ընդգծեց, որ հատկապես Սանահինի և Հաղպատի վանական համալիրները մեծ կարևորություն ունեն մարզի համար և պատահական չէ, որ նրանք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանության հուշարձանների ցանկում, արժեքավոր են նաև զբոսաշրջային առումով:

-Մարզի մշակութային արժեքները մեր հատուկ ուշադրության կենտրոնում են, մեծ կարևորություն է տրվում հատկապես հարակից տարածքների մաքրությանը, ենթակառուցվածքների բարելավմանը և հաճելի է, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են մեր ընդհանուր նպատակի իրականացմանը,-ասաց Գ. Մարկոսյանը՝ ընդգծելով, որ մարզպետարանը հնարավորության սահմաններում պատրաստ է աջակցելու աշխատանքներին:

Փոխմարզպետը նաև ներկայացրեց մարզի զարգացման առաջնահերթությունները: Հանդիպման ավարտին փոխմարզպետը դեսպանին հրավիրեց առաջիկայում ոչ պաշտոնական այցով լինելու մարզում՝ Լոռու գրավչություններով հիանալու, ինչպես նաև մշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով:

Լոռու մարզպետարանի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930