Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Օբյեկտիվ խոսում ես՝ թռնում են երեսիդ, ոնց որ չեն էլ թողնում խոսենք՝ կբռնենք, չգիտեմ էս կանենք, էն կանենք». Վարդան Ղուկասյանի բողոքը

Սեպտեմբեր 14,2020 12:15 Share

«Եթե շատ մարդիկ մտածում են, որ իրենք այնքան բան են արել ժողովրդի համար, որ ժողովուրդը, որն այսօր այսքան ձայն է տվել, դրա արդյունքն է՝ չարաչար սխալվում են: Նախկին իշխանությունների վատ աշխատանքի հետ կապված իրենց ձայն են տվել: Ժողովուրդը սպասում է, իրենց տված խոստումները, անցել է երկու տարի, հլը չեն կատարվել: Դրա համար բոլորս, ընդհուպ ես էլ եմ ձայն տվել եւ շատ լուրջ մասնակցություն եմ ունեցել, մենք սպասում ենք այն խոստումներին, որ ժողովրդի պայմանները պետք է լավանան, աշխատավարձերը, թոշակները, նպաստները բարձրանան, բանկային այս խայտառակ լոմբարդային համակարգը, որ մարդկանց օրենքի տակ թալանում են: Այսպես շատ խոստումներ են տվել, ցավոք սրտի, ոչ մեկը չի կատարվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսպես բացատրեց իրենց քաղաքական ուժի՝ մեծ հանրահավաք անելու պատճառները:

Վարդան Ղուկասյանն ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինչ ասել է` իր խոսքի տերն է, նա ոչ միայն քննադատում է, այլ լուծում է առաջարկում. «Ասում է՝ անփորձ երիտասարդներ են: Ճիշտ է ասում, ես էլ եմ այդպես կարծում, նայում ես՝ պատմություն չունեն, ոչ մի տեղ չաշխատելով, ոչ մի կառույց չղեկավարելով՝ պատահական նախարար են եկել դառել, մեկը չգիտեմ ինչ է դառել, ես դրան դեմ եմ»:

Մեր դիտարկմանը, որ իրենք ասում են՝ ավելի լավ է փորձ չունենանք, քան թե կոռուպցիոն կենսագրություն ունենանք՝ Վարդան Ղուկասյանը հակադարձեց, թե իրենք մենակ մի բառ են սովորել՝ կոռուպցիա, կոռուպցիա, կոռուպցիա. «Բոլորին կարելի է վերուվար մեղադրել, պապերին, գերեզմաններում մահացած մարդկանց էլ կարելի է մեղադրել, օդի մեջ է: Հետո գիտե՞ք ինչ կա՝ բռնել տալով, ասֆալտին, գետնին փռելով՝ երկիր չես կառուցի: Պետք է ապրել ու ապրեցնել, այդ սկզբունքը որդեգրել: Պիտի կարողանալ մարդկանց առաջինը պահեն: Ասենք՝ սրան բռնեն, նրան բռնեն՝ հարց չի լուծվի»: Զարմանքին, որ ի՞նչ է նշանակում բռնել չտալ, եթե հանցագործություն են արել, լռե՞ն՝ նա պատասխանեց. «Ասում են՝ մեկը հանցագործություն է արել, տասը օր հետո փողոցում տեսնում ենք: Ես ով-երով չեմ ուզում խոսել»:

Խոսելով նախկին իշխանությունների հետ իր կապերի մասին՝ Վարդան Ղուկասյանն ասաց, որ ՀՀԿ-ի նշանն անգամ չի խփել իր կրծքին, իրենց խորհրդի նիստերին էլ 2007-ից մինչեւ 2012-ը չի մասնակցել. «Ես հոգեպես կուսակցական չեմ»:

Մեր հարցին՝ այս իշխանությունների օրոք ոչ մի առաջընթաց չե՞ք նկատում՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Բանակի հետ կապված տեսնում եմ, փոփոխություններ կան: Գյուղատնտեսական ոլորտում շատ ուրախացա, որ սուբսիդիաներ, ծրագրեր են ներկայացնում, բայց ես գյուղատնտեսությամբ եմ զբաղվում, չկարողացա այդ վարկերից օգտվել, ես շշմում եմ, թե ովքեր են այդ վարկերը ստանում: Չենք ուզում վատաբանել, ուզում ենք օբյեկտիվ գնահատական տալ: Մենք պատգամավոր ենք, ոչ ոք չի կարող բռնանալ: Օբյեկտիվ խոսում ես՝ թռնում են երեսիդ, ոնց որ չեն էլ թողնում, որ խոսենք՝ կբռնենք, չգիտեմ էս կանենք, էն կանենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել