Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է

Հոկտեմբեր 08,2020 18:35 Share

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծած ռազմական գործողությունների այս տագնապալի  օրերին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության և հրթիռակոծման են ենթարկում ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ՝ խլելով անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաև Արցախ աշխարհի սրբավայրերն ու պատմամշակութային ժառանգությունը՝ բացահայտելով Արցախի հայաթափմանը և հայկական մշակութային ներկայության ոչնչացմանը միտված իր դատապարտելի և այլևս ավանդական դարձած քաղաքականությունը։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ նշանառության տակ է առնվել և ռմբակոծվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով կատարվածը և դիտարկելով այն որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում, կոչ է ուղղում Եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային հնամենի ժառանգության և վկայությունների անխաթար պահպանման։

Հավատավոր մարդկանց կրոնական սրբազան զգացմունքների այսօրինակ անարգումը և աղոթատների նպատակային թիրախավորումը ուղղակիորեն հակասում են բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին։

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել