Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղա՛մ, ընտանիք, երեխա ունես, ո՞նց թե հայրենիքը վեր է ամեն ինչից». Հարազատները հիշում են կապիտան Գեղամի խոսքերը ու նոր են հասկանում, որ ոչինչ չէր շփոթում

Հոկտեմբեր 14,2020 17:52

Կապիտան Գեղամի հերոսական պատմությունների մասին Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղում բոլորը գիտեն: Ապրիլյան պատերազմին Գեղամի մասին հաղորդումներով, ռեպորտաժներով հիանում ու ոգեւորվում էինք, փրկել էր մարտական ընկերների կյանքը ու օրինակ դարձել շատ երիտասարդների համար:

Երբ սեպտեմբերի 27-ին սկսեց Արցախի դեմ պատերազմը, արդեն 9 տարի հայրենիքին ծառայող Գեղամ Մեսրոպյանը շտապեց առաջնագիծ: Այդ որոշումը քննարկման չէր ենթարկվում:

«Նա գիտեր՝ ուր էր գնում ու գիտեր՝ ինչ է լինելու: Վերջին անգամ զանգել էր իր կնոջը, ցանկություն էր առաջացել ընտանիքի բոլոր անդամների հետ խոսել, որ երբեւէ նման ցանկություն չէր ունենում, միայն կնոջ հետ էր սովորաբար խոսում ու ասելիքը փոխանցում նրա միջոցով: Վերջին անգամ մի քանի օր առաջ է զանգել, ուրախ է եղել, տրամադրությունը՝ տեղը»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Գեղամի հարազատներից Անգելինա Ենգիբարյանը:

Գեղամ Մեսրոպյանն ընտանիքի հետ

Կապիտան Գեղամը երկու անչափահաս երեխա ունի, մեկը՝ 4 տարեկան, մեկը՝ 2 տարեկան, երկուսն էլ տղա: Հարազատները մի դրվագ պատմեցին, թե ինչպես է Գեղամի խոսքը տարօրինակ թվացել եւ ինչ-որ տեղ վիրավորել ընտանիքին, միայն հիմա են հասկանում, թե ինչ նկատի ուներ հերոսը. «Մի օր հավաքված էինք, Գեղամն ասաց՝ հայրենիքը վեր է ամեն ինչից: Ասեցինք՝ Գեղամ, դե լավ, հասկանում ենք հայրենասեր ես, բայց ընտանիք, երեխա ունես, ո՞նց թե վեր է ամեն ինչից, ինքը ոչինչ չպատասխանեց, լռեց: Նոր հասկացանք, որ ինքը ճիշտ էր ասում, չէր շփոթում, իր համար իսկապես հայրենիքը վեր էր: Նա գործով՝ իր կյանքով ապացուցեց խոսքերի խորությունը»:

Գեղամ Մեսրոպյան

Մի քանի օր առաջ Գեղամի հրամանատարը ընտանիքի անդամներին հայտնել է սիրելի զինվորի զոհվելու լուրը՝ ասելով. «Իմացեք, որ Գեղամն անմահացել է, նա զոհվել է հերոսի մահով, շատերի կյանք է փրկել, հանգամանքները կիմանաք պատերազմից հետո»: Հրամանատարն անձամբ է կրակի միջից դուրս բերել Գեղամի դին ու ասել՝ մեր Գեղամը պետք է գերեզման ունենա:

Իսկ Գեղամը երազում էր տուն ունենալ Ստեփանակերտում ու ընտանիքով տեղափոխվել այնտեղ: Որպես պայմանագրային զինծառայող՝ նրան Արցախում արդեն բնակարան հատկացրել էին: Անգելինա Ենգիբարյանի խոսքով՝ «Այս ընթացքում տան համար ամեն ինչ գնել էր, նոր գույք էր ձեռք բերել, որ տեղափոխվեին, բայց պատերազմը սկսեց ու բոլորի երազանքները մնացին անկատար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031