Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանցի Գեւորգը կտրված ձեռքը թաքցրել է գրպանում ու հասել առաջնագիծ

Հոկտեմբեր 17,2020 22:51

«Պատերազմի սկսելուն զուգընթաց թշնամին սկսեց մեր տարածքում հատկապես անօդաչու թռչող սարքավորումներով փորձել հանրության ուշադրությունը գրավել եւ որոշ տեղերում իրականացնել նաեւ հրթիռակոծման գործողություններ, ինչի արդյունքում մարզի Մեծ Մասրիկ համայնքում զոհ ունեցանք ու երկու վիրավոր, վերջերս էլ 14-ամյա Նարեկը վիրավորվեց հերթական նման գործողության արդյունքում»,-Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նա տեղեկացրեց, որ մարզում վնասվել է 40 առանձնատուն, 2 դպրոց՝ Կութ եւ Սոթք համայնքներում, Մեծ Մասրիկում խոցման արդյունքում ոչ միայն ամբողջովին տուն է փլուզվել, այլեւ գազատարը վնասվել ու հրդեհ է բռնկվել: «Բազմաթիվ դաշտային տարածքներում հրետակոծություններ են եղել, որոնց պատճառով գյուղատնտեսական աշխատանքները կատարելու խնդիր է առաջանում: Ընդհանուր առմամբ, մարզի բնակչությունն առաջին օրերից հետո բավական լավ քաղաքացիական պաշտպանության է անցել եւ արդյունքում կարողանում է խուսափել մեծ թվով վիրավորներից եւ զոհերից»,-ասաց մարզպետը:

Գնել Սանոսյանը հավելեց, որ մինչ օրս մարզում խոցվել է 18 ԱԹՍ, որոնք միայն Վարդենիսի տարածաշրջանում չեն, ԱԹՍ-ներ խոցվել են նաեւ Մարտունու տարածաշրջանում եւ Գավառում:

«Մարզի բոլոր բնակիչները, ուժային կառույցներն ու գերատեսչությունները՝ մինչեւ մարզպետ գիտակցում են մարզի աշխարհագրական դիրքը, տեղը եւ ինչ կարեւոր անելիքներ ունենք մեր Արցախի եղբայրներին օգնելու հարցում: Մարզի մի շարք գերատեսչություններ կազմակերպված աշխատում են, ե՛ւ տեղում, ե՛ւ Արցախին անհրաժեշտ սնունդ ու նյութեր են մատակարարում: Երբեմն համագործակցում ենք այլ մարզպետարանների հետ՝ ապրանքները հիմնականում Ստեփանակերտ ուղարկելու համար: Մենք գիտակիցում ենք մարզի ռազմավարական այն կարեւոր տեղը եւ դիրքը, որից ելնելով ավելի կազմակերպված ենք իրականացնում թիկունքային աշխատանքները»,-հայտնեց մարզպետը:

Նա շնորհակալություն հայտնեց ծնունդով Գեղարքունիքի մարզից՝ արտերկրում ապրող գործարարներին, որոնք ոչ միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամին են աջակցություն բերել, այլ նաեւ բազմաթիվ նվիրատվությունների արդյունքում հնարավորություն են ընձեռել կատարել թիրախային գնումներ եւ դրանք ուղարկել ըստ պահանջի:

Մարզպետը մի հուզիչ դրվագ պատմեց սեւանցի երիտասարդի մասին. «Գեւորգը ձեռքը գրպանում՝ հասել է մինչեւ ռազմաճակատ: Ինչո՞ւ ձեռքը գրպանում, որովհետեւ Գեւորգի մեկ ձեռքը չկա, մատները կտրված են, սակայն թաքցրել է այդ փաստը՝ ձեռքը գրպանում պահելով, եւ հիմա նա ռազմաճակատում է, առաջնագծում՝ մեր տղաների կողքին: Մենք ամեն օր նման հերոսական պատմություններ ենք լսում եւ քաջ գիտակցում ենք, որ մեզ հաղթել հնարավոր չէ, ու մենք պարտադիր հաղթելու ենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031