Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ արվեստագետը «արյունոտ լվացք» է փռել. «Կանադայի կառավարությունը պարտավոր է լսել մեր բողոքի ձայնը»

Հոկտեմբեր 21,2020 12:25

Հայերը Տորոնտոյում արյունոտ լվացք են փռել. նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը յուրատեսակ բողոքի ցույց է նախաձեռնել՝ արվեստի միջոցով:

Ըստ արվեստագետի, փերֆորմանսն ու ինստալյացիան եւս բողոքն արտահայտելու ձեւ են: «Արյունոտ լվացք փռելով եւ մարդկանց հագուստների միջոցով մարմնավորելով այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Արցախում եւ Ստեփանակերտում, փորձում ենք ստանալ քաղաքի իմիտացիան՝ հրետակոծությունից հետո: Գուցե այդ ընթացքում, երբ ռմբակոծություն է եղել, ինչ-որ տեղից երաժշտություն է հնչում»,-ասում է նկարչուհին:

Մարիամ Մուղդուսյանի նախաձեռնությանը են միացել նաեւ սիրիացի, իրաքցի, եգիպտացի եւ այլ ազգերի արվեստագետներ, միջազգային երաժիշտներ՝ իրենց կենդանի կատարումներով:

«Սա միակ ձեւն էր, որով կարող էինք լրատվամիջոցների ուշադրությունը գրավել եւ ազդեցություն ունեցող արվեստագետներին ու փերֆորմանս արտիստներին այստեղ կանչել»,-ասում է հայ նկարչուհին: Իրեն միացած արվեստագետները պատերազմական գոտիներից են փախել եւ հաստատվել Տորոնտոյում:

«Բոլորիս ցավը նույնն է, կանադական հասարակությանը նաեւ այսպես ենք փորձում բացատրել, թե ինչպես խաղաղ բնակչությունը զոհ դարձավ թուրք-ադրբեջանական ագրեսիային…Կար մտավախություն, որ արյունոտ լվացքը կարող է մարդկանց մոտ շոկ առաջացնել, բայց մենք ուզում ենք, որ շոկ առաջանա, որպեսզի վերջապես արձագանքեն, փորձում ենք խոսել արվեստի լեզվով, ներգրավել հնարավորինս շատ արվեստագետների, մեդիայում, մշակույթի ոլորտում ազդեցություն ունեցող մարդկանց….Երբեք չէի մտածի, որ այսպիսի ինտալյացիա մտքովս կանցներ, այն էլ այստեղ: Բայց պետք է գործենք բոլոր ոլորտներում: Ուրբաթ օրն էլ մեկնելու ենք Օտտավա: Սա բողոքի սկիզբն է, Կանադայի կառավարությունը պարզապես պարտավոր է լսել մեր ձայնը»,-նշում է արվեստագետը:

Միջոցառման մասնակիցները կրում են Հայաստանի եւ Արցախի դրոշներ, «Ճանաչեք Արցախը», «Դպրոցները ռմբակոծվում են», «Պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի դեմ» եւ նման բովանդակությամբ այլ պաստառներ:

Անցորդները ուշադրությամբ հետեւում են բողոքի արվեստային դրսեւորմանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մարիամ Մուղդուսյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031