Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա հաքերները ոչ միայն կոտրում են էլեկտրոնային փոստերը, այլև նայում՝ մեջն ինչ կա, չկա». Գևորգ Հայրապետյան

Նոյեմբեր 04,2020 14:52

«Պատերազմական իրավիճակում անձնական տվյալների պաշտպանության ոլորտը լրացուցիչ առանձնահատկություն է ձեռք բերում, երբ շատ են սկսում անձնական տվյալները օգտագործվել որպես գործիք ու միջոց վնասակար միջամտություն իրականացնելու համար»,-«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը:

Նա նշեց՝ դա ցույց են տալիս նաև այս պատերազմական իրավիճակում ադրբեջանական հաքերների կողմից իրականացվող միջամտությունների ձևերը, երբ մարդկանց անձնական տվյալների ձեռք բերման միջոցով դրանք սկսում են օգտագործվել այլ, ոչ իրավաչափ նպատակներով, տարածել ապատեղեկատվություն, խուճապ: Ըստ Գևորգ Հայրապետյանի՝ այս համատեքստում ինչքան շատ ու իրական անձնական տվյալներ է հնարավոր լինում ձեռք բերել, այնքան հեշտ է լինում երկրորդ փուլում իրականացված խուճապի տարածումը:

Նրա փաստմամբ, եթե ձեռք են բերում շատ տվյալներ, մարդկանց հնարավոր է համադրել կեղծ տեղեկատվության հետ. «Ձեռք են բերում տվյալներ, անձնագրային տվյալներ և չէ՞ որ դրանք առաջին հայացքից իրական մարդիկ են, դրանց տակ հնարավոր է կեղծ տեղեկատվություն գրել, օրինակ՝ ներկայացնել, թե այդ մարդը զոհվել է, այդպես ապատեղեկատվություն ու խուճապ տարածել, իրական անձնական տվյալների միջոցով հնարավոր է դառնում որպես իրական հրամցնել այդ կեղծիքը»:

Դրա համար ըստ Գևորգ Հայրապետյանի՝ պետք է բծախնդիր լինել և առավել պաշտպանել անձնական տվյալները. «Մարդիկ պետք է իմանան, որ իրենց անձնական տվյալները ոչ միայն իրենց դեմ են ուղղված, այլ կարող են կիրառվել որպես գործիք, զենք ընդհանուր հասարակության դեմ ապատեղեկատվության, խուճապի տարածման հարցերում»:

Գևորգ Հայրապետյանը նշեց մի շարք կազմակերպչական և տեխնիկական գործողություններ, որոնք պետք է իրականացնել սեփական էջերի և հարթակների անվտանգությունը պաշտպանելու համար. «Ընտրել բարդ գաղտնաբառ, գաղտնաբառը չտրամադրել այլոց, միացնել երկփուլանի վավերացումը: Չվստահել, սեփական կամքով չտալ անձնական տվյալներ ուրիշին, հրապարակային չդարձնել գաղտաբառը, չտրամադրել ուրիշներին, ինքնուրույնաբար էջերում զգայուն տեղեկություններ չտրամադրել սեփական կամ այլոց տվյալների վերաբերյալ»:

Հարցին՝ ի՞նչ հնարավոր վտանգներ կարող է առաջացնել այն, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը, Գևորգ Հայրապետյանը պատասխանեց. «Դրանից առաջ էլ եղել են դեպքեր, երբ մարդկանց խաբելու միջոցով կարողացել են կորզել գաղտնաբառ և տիրանալ էջերին: Օրինակ՝ Հայաստան համահայկական հիմնադրամի կայքէջն էին կրկնօրինակել մեկ սիմվոլի փոփոխությամբ ու մարդկանց փորձում էին շփոթության մեջ գցել: Նման հնարամտություն են իրականացնում նաև առանձին մարդկանց անձնական էջերը գողանալու համար: Կարող է մարդիկ ստանան հաղորդագրություն իբր թե ֆեյսբուքից, մինչդեռ իրականում վերևի հասցեով տեսնեն, որ ֆեյսբուքը չէ: Հնարավոր է այդ ձևով խնդրեն գաղտնանունը, գաղտնաբառը, իբր թե ուզում են ապաակտիվացնել էջը, և անձն ինքնակամ հավաքի գաղտնաբառը և այդպիսով ինքնակամ զիջի հակառակորդին, իսկ նրանք կարող են մտնել այդ անձի էջ և վնասել ուրիշներին»:

Գևորգ Հայրապետյանը զգուշացրեց՝ համացանցում ցանկացած կասկած պետք է մեկնաբանել հօգուտ գործողություն չանելու, ոչ թե անելու: Նա հայտարարեց՝ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ որևէ մեկին սեփական և այլոց տվյալները տրամադրելուց: Կասկածների դեպքում նա հորդորեց դիմել գործակալությանը:

Նա թվարկեց, թե ինչ հնարավոր ձևերով են փորձում անձնական տվյալներ ստանալ. «Մի դեպքում փորձում են Հայաստան համահայկական հիմնադրամի էջը կեղծելու միջոցով ձեռք բերել մարդկանց ֆինանսները, մեկ այլ դեպքում փորձում են ֆեյսբուքյան օգտատերերի էջը գողանալով կամ կեղծելով մարդկանցից տեղեկություններ ստանալ առաջնագծում իրավիճակի վերաբերյալ: Բոլոր դեպքերում նման խայծերից պետք է զերծ մնալ: Անհայտ ծագում ունեցող հավելվածներին, ծրագրերին, օգտատերերին տվյալներ փոխանցելուց պետք է ձեռնպահ մնալ: Դա պետք է անել յուրաքանչյուր ժամանակահատվածում, հատկապես պատերազմական իրավիճակում, երբ ձեր կողմից թշնամուն տրված տվյալները կարող են օգտագործվել հետագայում այլ նպատակներով: Պետք է դրսևորել կոլեկտիվ պատասխանատվություն հասարակության առաջ, քանի որ այլևս անձնական տվյալները չեն օգտագործվում միայն այդ մարդուն վնասելու, հետևելու, գտնվելու վայրը իմանալու համար, այլև հասարակության շրջանում ապատեղեկատվություն և խուճապ տարածելու համար»:

Գևորգ Հայրապետյանը նշեց՝ անձնական տվյալներ կորզելու մեթոդներն ու նպատակը չի փոխվել. «Մեծ հաշվով գործիքակազմը չի փոխվում, վերջնական նպատակն էլ մարդու ինքնությունը գողանալը, այլ մարդու անունից հանդես գալու իրավունք ստանալն է»:

Այս առիթով նա փաստեց. «Նախկինում ադրբեջանական հաքերները, երբ կոտրում էին մարդկանց էլեկտրոնային հասցեները, հայտարարում էին այդ մասին, նաև պարբերաբար տեղեկություններ էին հրապարակում, որ իրենք այսքան մարդու էլեկտրոնային փոստ են ձեռք բերել: Ինչ-որ փուլում սկսեցին արդեն հրապարակել տեղեկություններ, որոնց հետևից երբ գնում էինք, հասկանում էինք, որ այդ տվյալները ստացված չեն հենց այդ հարթակից, այլ տեղերում էին պահվում այդ տվյալները: Սա հնարավորություն տվեց եզրակացնել, որ հաքերները ոչ միայն կոտրում են էլեկտրոնային հասցեները, այլև նայում՝ մեջն ինչ կա, չկա: Օրինակ, եթե Ձեզ ուղարկեմ իմ անձնագրի պատճեն էլեկտրոնային փոստով, որից հետո այն կոտրեն, կամ Ձեր էլփոստը կոտրեն, կստանան այդ անձնագրի պատճեն: Դրա համար գիտակցելով, որ ամեն մարդ կարող է նման հարձակման զոհ դառնալ, խորհուրդ է տրվում միմյանց տվյալներ փոխանցելուց հետո այն ջնջել էլեկտրոնային փոստից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30