Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծել Փրկության oպերատիվ խորհուրդ, որի մեջ ընդգրկվելու մտավորականությունը. բաց նամակ

Դեկտեմբեր 02,2020 14:39

Փրկության օպերատիվ խորհուրդ

Բաց նամակ հայոց մտավորականությանը

Մեր կազմակերպությունը, ի թիվս մյուս բոլոր մտածող կազմակերպությունների և մարդկանց, արդեն հայտնել է իր հստակ դիրքորոշումը տեղի ունեցած դավաճանության վերաբերյալ: Ցավոք, ճիշտ գնահատականը չի փոխում իրականությունը: Ժամանակն է, որ մտավորականությունը վերջապես ստանձնի ողջ պատասխանատվությունը՝ մեր ազգին համախմբելու, ազգի առջև ծառացած բարդ խնդիրները լուծելու և կրկին ողջ ազգով վերելք ապրելու՝ նույնիսկ այս փլատակներից, որոնցում հայտնվել ենք:

Խորին ցավով պետք է փաստենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարձակմանը պարտվելու պատճառով մենք ոչ միայն մեծ թվով (որն էլ դեռ հստակ չէ) զավակներ ենք կորցրել, ոչ միայն էլ ավելի մեծ թվով վիրավորներ ենք խնամում, ոչ միայն տնակորույս հազարավոր փախստականներ ունենք, ոչ միայն հանձնեցինք մեր Սուրբ հողերը՝ լքելով մեր գանձ-Սրբավայրերը… այլ նաև հայտնվել ենք անիշխանության, անօրինության և անկառավարելիության մեջ, ինչը մեր Հայրենիքի համար այս ծանր պահին կարող է կործանարար լինել, քանի որ, բացի տնտեսական ու սոցիալական դժվարություններից, լրջագույն օրհասական խնդիրները հրատապ լուծման կարիքն ունեն, և ՈՉ ՈՔ չի զբաղվում այդ հարցերով:

Մեր խորին համոզմամբ, այս սարսափելի իրողության մեղավորները պետք է ամբողջ խստությամբ պատասխան տան Աստծո, Օրենքի և ժողովրդի առջև, ուստի պետք է քննություն սկսվի՝ վերհանելու բոլոր միտումնավոր և անմիտ սխալները.սակայն այս պահը պահանջում է նախ և առաջ խնդիրների լուծումներ:

Մենք առաջարկում ենք ստեղծել Փրկության oպերատիվ խորհուրդ, որի մեջ ընդգրկվելու են ոչ թե իրենց սպառած զանազան քաղաքական ուժերը, այլ մտավորականությունը՝ բոլոր նրանք, որոնք ողջ սրտով ցավում են Հայրենիքի ու ազգի համար և պատրաստ են անշահախնդիր աշխատել՝ գտնելով այս ծանրագույն ճգնաժամից ազգն ու Հայրենիքը փրկելու ուղիները:

Խորհուրդը պետք է կարճ ժամկետում համատեղ ուժերով մշակի յուրաքանչյուր խնդրի հնարավոր լուծումը և ընթացք տա դրան՝ դիմելով թե՛ Հայրենիքի ներուժի, թե՛ արտաքին աշխարհի օգնությանը: Այդ խնդիրների կարգավորումից հետո մենք բոլորս հետամուտ ենք լինելու մեր Հայրենիքի համակարգային լուրջ փոփոխություններին…

Խնդրում ենք շտապ արձագանքել՝ հավաքագրելով ներքոշարադրյալ խնդիրների լուծումների կոնկրետ առաջարկներ: Խնդրում ենք նաև հնարավորինս տարածել այս կոչը:

1.Հայաստանի ու Արցախի նոր սահմանների որոշում (դեմարկացիա), որն այժմ անցնում է գրեթե առանց Հայկական կողմի մասնակցության և Հայկական կողմի շահերին հակառակ

2.Հայ գերիների ու դիերի անհապաղ վերադարձ

3.Հայկական տարածքների ուժեղացված պահպանություն

4.Հայկական տարածքներում և հանձնված տարածքներում հայ բնակչության անվտանգության ապահովում

5.Տխրահռչակ Համաձայնագրի 9-րդ կետի որպես Հայաստանի սուվերենության և անվտանգության նկատմամբ ոտնձգություն որակում և, ըստ այդմ, դրա չեղարկում

6.Հանձնված տարածքներում հայկական Սրբավայրերի և պատմական ու մշակութային հուշարձանների պահպանման ապահովում

7.ՀՀ և Արցախի զինված ուժերի վերակազմավորում և զորացում

8.Արցախի կարգավիճակի հստակեցում

9.Միջազգային բարձր բեմահարթակում Ադրբեջանի դեմ Միջազգային մի շարք կոնվենցիաների ու դեկլարացիաների կոպիտ ոտնահարման մեղադրանքի և համապատասխան պահանջների ներկայացում

10.Փախստականների հարցի կարգավորում

11.Արտաքին քաղաքականության վերադասավորում և վերոհիշյալ հարցերի հնչեցում

12.Ներքին քաղաքականության և տնտեսության կոլապսի հաղթահարման ուղիների մշակում

13.Բարոյահոգեբանական մթնոլորտի մաքրում և բարելավում

14.Սփյուռքի հետ համագործակցության վերաձևակերպում

15.Պարտության պատճառների և մեղավորների քննություն:

Էլեոնորա ՄԱՆԱՆԴՅԱՆ

«Նոր Հայաստան» հ/կ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031