Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայից ասել են, թե ում է պատկանում Լեռնային Ղարաբաղը

Դեկտեմբեր 08,2020 12:00

Կրեմլից հիշեցրեցին, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը» որոշվել է Անվտանգության խորհրդի բանաձեւերով

Դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Ռուսաստանում էր Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, կայացավ նրա առաջին հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, թե ինչ թեմաների շուրջ են քննարկումներ նախատեսվում. «ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին, ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքականության ոլորտում փոխգործակցությանը, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՍԾՏՀ-ում (Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն՝ խմբ.) դիրքորոշումների համակարգմանն առնչվող հարցերի ամբողջական շրջանակը: Կարծիքների առարկայական փոխանակում կկայանա միջազգային եւ տարածաշրջանային թեմաներով: Կդիտարկվի 2020-21 թթ. ՌԴ ԱԳՆ-ի եւ ՀՀ ԱԳՆ-ի միջեւ խորհրդակցությունների ծրագրի իրականացման ընթացքը»:

Հայտնի է, որ հանդիպման առանցքային թեմաներից մեկն էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ եռակողմ հայտարարության իրականացման գործնական հայեցակետերի դիտարկումը: «Տարածաշրջանում մարդասիրական աջակցության տրամադրման, ենթակառուցվածքների վերականգնման, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման գործընթացը կքննարկվի այդ թվում ռուսական միջգերատեսչական պատվիրակության՝ նոյեմբերի 21-ին Երեւան եւ Բաքու կատարած այցերի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Կողմերը կանդրադառնան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 13-ի հրամանագրով Հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծմանն առնչվող հարցերին»,- հավելել էին ՌԴ ԱԳՆ-ում: Հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ Արա Այվազյանի այցը Մոսկվա կդառնա ռուս-հայկական հագեցած քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը՝ ուղղված երկրների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում հետագա սերտ համագործակցության զարգացմանը՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում ձեւավորված նոր իրադրությունը:

Նկատենք, որ մինչ Այվազյանի այցը Մոսկվայից ուշագրավ ուղերձներ հնչեցին: Ռուսաստանը, ինչպես մյուս երկրները, չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշվել էր Անվտանգության խորհրդի բանաձեւերով, օրերս հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այս տարածքի պատկանելիությունը որոշվել է Անվտանգության խորհրդի համապատասխան հին բանաձեւերով: Այս ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձեւերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Փաստացի, ոչ մի երկիր չի փոխել դիրքորոշումը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե պատերազմից հետո փոխվե՞լ է Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: «Եվ նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Նախագահ Պուտինը խոսել է այդ մասին», – հիշեցրել էր Կրեմլի խոսնակը:

Ռուսաստանը, ինչպես եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս պետությունները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, իրականում, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանել են: Այլ հարց է, որ մինչեւ 2018թ. «թավշյա հեղափոխությունը» ղարաբաղյան կարգավորման գործընթացում այնպիսի մթնոլորտ էր ստեղծվել, երբ ժողովուրդների ինքնորոշման եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցերը հայկական կողմի շնորհիվ օրակարգային գլխավոր հարցեր էին, իսկ Ալիեւն այդ ուղղությամբ գտնվել է լուրջ ճնշումների ներքո, ավելին, մեկ անգամ նա խոստովանեց նույնիսկ, որ կուլիսներում միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում, որպեսզի նա ճանաչի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Այժմ Հայաստանը Ադրբեջանի հետ հրադադարի հայտարարություն է ստորագրել, որով տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին: Այժմ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների համար այլեւս խնդիր չէ հիշեցնել Լեռնային Ղարաբաղի «տարածքի պատկանելիությունը»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի վրա հղումով:

Ղարաբաղում չկա գլխավոր, կան երկու հակամարտող կողմեր եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից ընդունված համաձայնագիր, ռուսական կողմն էլ իր գործողությունները համակարգում է թե՛ մեկ, թե՛ մյուս կողմի հետ, հավելել էր Դմիտրի Պեսկովը. «Այնտեղ, ըստ էության, գլխավոր չկա: Այնտեղ կան երկու հակամարտող կողմեր՝ Հայաստանը եւ Ադրբեջանը: Դրանք այն կողմերն են, որոնք ռուսական կողմի հետ ստորագրել են Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի հայտնի հայտարարությունը: Եվ ի կատարումն այդ հայտարարության դրույթների՝ ռուս զինվորականները, ինչպես նաեւ ռուսական մարդասիրական առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն զինվորականներից, իր գործողությունները համակարգում է եւ՛ ադրբեջանցիների, եւ՛ հայերի հետ»: Պեսկովը սա պարզաբանել էր՝ պատասխանելով հարցին, թե ում հետ են ռուս խաղաղապահները Ղարաբաղում համակարգում իրենց աշխատանքները, եւ ով է այնտեղ հիմա «գլխավորը»:

Ինչեւէ, դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ պաշտոնական Մոսկվան հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հարցով հումանիտար խնդիրների լուծմամբ, Երեւանի հետ այդ ուղղությամբ մի շարք քայլեր են ուրվագծվել. «Մենք բավարարված ենք, որ հրադադարն իսկապես պահպանվում է արդեն մեկ ամիս, տեղի է ունենում փախստականների վերադարձ։ Կա առաջընթաց զոհվածների մարմինների, գերիների փոխանակման, անհետ կորածների որոնման հարցերում։ Թեեւ, ինչպես այսօր արդեն նշել ենք, մենք հետաքրքրված ենք, որպեսզի այդ սուր հումանիտար հարցերը հնարավորինս արագ լուծվեն։ Եվ այսօր այդ ուղղությամբ մի շարք քայլեր ենք ուրվագծել»:

Ռուսական կողմն իր խաղաղապահների միջոցով կաջակցի գերիների փոխանակման գործին, վստահեցրել է Սերգեյ Լավրովը: Նա նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դուրս է եկել թեժ փուլից, եւ Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածվում է կայունության տարածաշրջանի: «Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարությունը, որը վերջ դրեց պատերազմին եւ ապահովեց պայմանավորվածություն, որով հնարավորություն է տրվում փախստականներին եւ ներքին տեղահանված անձանց վերադառնալ իրենց օջախներ, ապահովեց պայմանավորվածություններ տնտեսության վերականգնման, մարդասիրական հարցերի լուծման համար»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապաշրջափակել բոլոր հաղորդակցությունները՝ գյուղատնտեսական եւ տրանսպորտային. «Դրանով արդեն մենք կարող ենք իրական պայմաններ ստեղծել Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից կայունության եւ բարգավաճման տարածաշրջանի վերածելու համար՝ ի շահ այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների: Մենք ամեն կերպ կնպաստենք այդ ուղղությամբ առաջընթացին»:

Արա Այվազյանը Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցում շեշտել է, որ անհրաժեշտություն է տեսնում, որպեսզի Թուրքիան դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը եւ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց եւ ընդհանրապես Հարավային Կովկասից: «Թուրքիան, որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ եւ ոգեշնչող, այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը եւ նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները ԼՂ հակամարտության գոտուց եւ ընդհանրապես Հարավային Կովկասից»,- նշել է Արա Այվազյանը: Ըստ նրա, դեռեւս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ: ՀՀ արտաքին գործերի նախարարը հավելել է, որ հակառակը, տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների եւ վարձկանների տարածման աշխարհագրությունը եւ նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները:

Շարունակությունը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հա,բա ոնց?,Ռուսաստանի զորքերն էլ ՄԱԿ-ի խաղաղապահներն են և Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավորները….:Ղրիմի համար ՄԱԿ-ը որոշում չունի?:Թե միջուկային զենք ունեցողների համար ՄԱԿ-ի որոշումները առ ոչինչ են:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031