Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Անիրագործելի մատնանշումներով և քաղաքական տհաս հայտարարություններով բանակցային գործընթացը մտցրիք փակուղի». բաց նամակ վարչապետին

Դեկտեմբեր 22,2020 13:57

 «Առյուծի գլխավորությամբ ոչխարների հոտի գերադասելի է ոչխարին ենթակա առյուծների խմբից։ Համաշխարհային պատմությունը լիքն է օրինակներով, թե ինչպես է ապաշնորհ առաջնորդը կործանել գերազանց զինված ուժեր՝ սպառնալիքի տակ դնելով սեփական պետության գոյությունը»։
Ն. Բոնապարտ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Շատ խորհրդանշական էր, որ Ձեր առաջին այցը Արցախ՝ այն ժամանակվա ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, 2018թ. հունիսի 16-ին էր, Ճարտար քաղաքի «Սուրբ Վարդանանք» եկեղեցու բացման օրը։

Ես այդ օրը ոգևորված արցախցիների ներկայությամբ ձեզ նվիրեցի ոսկե ծեփիչ՝ որպես կառուցելու, ստեղծելու խորհրդանիշ, և մաղթեցի հաջողություններ հայրենաշինության գործում։ Սակայն, ցավոք սրտի այդ գործիքը ձեզ պետք չեկավ, դուք ստեղծող չեք, դուք զուրկ եք նման ունակություններից։ Ձեզ ավելի շատ կսազեր հարվածող մուրճը՝ քանդելու և ավերելու խորհրդանիշը, դա են հաստատում մոտ երեքամյա կառավարման արդյունքները։ Դուք բարձրագոչ հայտարարում էիք, որ Արցախյան խնդրի ռազմական լուծում գոյություն չունի, կարգավորման միակ տարբերակը խաղաղ բանակցություններն են։ Սակայն ձեր անիրագործելի մատնանշումներով և քաղաքական տհաս հայտարարություններով բանակցային գործընթացը մտցրիք փակուղի։ Խաղաղությունը ճեղք տվեց, և սկսվեց արյունահեղությունը։

Դուք հրաշալի գիտեիք, որ ցանկացած պատերազմ աղբյուր է անդառնալի կորուստների, ավերված տնտեսության և ծանր ողբերգության, սակայն գնացիք դրան և մերժեցիք ռազմական գործողությունները կանգնեցնելու միջնորդությունները ՝ ասելով, որ կռվելու եք մինչև վերջ։ Բոլոր այդ քառասունչորս օրերին կամակոր համառությամբ գնում էիք դեպի այդ խայտառակ վերջը։

Դուք, որպես գերագույն գլխավոր հրամանատար պարտություն կրեցիք, կնքեցիք կոպիտուլյացիայի նվաստացուցիչ զինադադար, ապա սկսեցիք ամեն ինչում մեղադրել ձեզ ենթակա զինվորական հրամանատարներին։ Նախկին շտաբի պետ գեներալ մայոր Մովսես Հակոբյանը իր պատմական ելույթում բացահայտեց ողջ ճշմարտությունը։ Հանճարեղ զորավար Նապոլեոն Բոնապարտը նման դեպքերի համար է արտահայտել իր հայտնի միտքը. «Առյուծի գլխավորությամբ ոչխարների հոտի գերադասելի է ոչխարին ենթակա առյուծների խմբից։ Համաշխարհային պատմությունը լիքն է օրինակներով, թե ինչպես է ապաշնորհ առաջնորդը կործանել գերազանց զինված ուժեր՝ սպառնալիքի տակ դնելով սեփական պետության գոյությունը»։

Նման խայտառակ պարտությունից հետո խղճի և պատվի բոլոր օրենքների համաձայն դուք պարտավոր էիք անմիջապես հրաժարական տալ, ինչը մինչև այսօր  չեք արել։ Շատ անգամ եք հայտարարել, որ ձեր ղեկավարությամբ Հայաստանը դարձել է եվրոպական ժողովրդավարության երկիր՝ համամարդկային բարձր արժեքներով։ Երբ Եվրոպական երկրներում ահաբեկչության հետևանքով զոհվեցին 6 անմեղ քաղաքացիներ, այդ երկրներում երեքօրյա սուգ հայտարարվեց, նրանց պետության ղեկավարները և ՄԱԿ-ի քարտուղարը հանդես եկան հատուկ ցավակցությամբ և միջոցներ ձեռք առնվեցին, որ նման բան այլևս չկրկնվի։

Իսկ ի՞նչ էիք անում դուք՝ Հայաստանի անպաշտպան քաղաքացիներին և մատաղ զինվորներին փրկելու համար։ Դուք ակնհայտորեն ոչինչ չէիք անում մսաղացի առաջն օր առաջ առնելու համար։ Ցուցադրաբար ռազմաճակատ ուղարկելով ձեր որդուն, նրան հեռու եք պահել անմիջական ռազմական գործողություններից, մինչդեռ առաջին գծի հնոցում խորովվող հայ երիտասարդները նույնպես սիրված ու պաշտված որդիներ էին, հայրենիքի վաղվա օր, ազգի արժանավոր գենոֆոնդ։ Նույն այդ ժամանակ դուք սպիտակ վերնաշապիկով նստում էիք ձեր աշխատասենյակում, ձեր աշխատակիցների հետ ոգևորված քննարկում այլևայլ թեմաներ և մոլորեցնող «լայվեր» սփռում մեր բազմաչարչար և դյուրահավատ ժողովրդի գլխին։

Իսկ ձեր տիկին Աննա Հակոբյանը պատերազմի ողջ ընթացքում վեճեր էր բորբոքում Արցախում՝ հյուրանոցային ոչ հարմարավետ համարի կամ լողավազանի անմաքուր ջրի առիթներով։ Ահա թե որոնք են ձեր եվրոպական ժողովրդավարությունը և համամարդկային բարձր արժեքները, ահա թե «որտեղ է տոնը ժանտախտի ժամանակ»։

Եթե դուք անտարբեր եք այդ ժողովրդի նկատմամբ և արգահատում եք ցավից ծռմռված այդ դեմքերը, էլ ինչո՞ւ եք կառչել ձեր աթոռին։

Այդ իշխանությունը ձեզ փոխանցել է,  նվիրել է Սերժ Սարգսյանը, այն դեպքում, երբ դուք ոչ մի վարկանիշ և հեղինակություն չունեիք մեր ժողովրդի մեջ։
Բարի եղեք, փոխանցեք նաև դուք, այնպես, ինչպես ստացել եք և լքեք ձեր հակակրած երկիրը, ձեզ հետ վերցրեք նաև ձեր ուսուցչին և կուռքին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Խորհուրդ կտամ թռչել Մ.Ս. Գորբաչովի մոտ, շատ ընդհանուր բաներ ունեք նրա հետ, միայն գործունեության ծավալներով եք տարբերվում։ Սկսեք նրա նման նոթեր գրել այն մասին, թե ինչպես էիք ատում այս ժողովրդին և ինչպես ամեն ինչ արեցիք նրան կործանելու համար։

Վլադիմիր Գ. Ավագյան

«Հայաստանի Գյուղերի Զարգացման» հիմնադրամի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031