Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք տեղով զենք ենք». Շուռնուխում եւ Որոտանում հույսներն իրենց վրա են դնում

Դեկտեմբեր 24,2020 22:55

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան համայնքներում էլ սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ են նախատեսվում, որոնց հետեւանքով առաջացած հարցերը «կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ. «Մենք այս գործողությամբ ավելացնում ենք Սյունիքի եւ Հայաստանի անվտանգության երաշխիքները»:

Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը չի լսել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մեկնաբանություններ չի էլ ցանկանում անել: Իրենց չի հետաքրքրում Երեւանում նստածներն ինչ են ասում, իրենք մտածում են`ինչպե՞ս «լուծեն իրենց հարցերը»: Իսկ դա`գյուղի ներքեւի թաղամասը պահելն է:

Այսօր արդեն սահմանագծման- սահմանազատման աշխատանքներ են կատարվել: Դրան մասնակցել են ներկայացուցիչներ`թուրքական կողմից, ռուսական սահմանապահներ եւ ՀՀ ԱԱԾ-ից: Դեռ մի քանի օր առաջ Հակոբ Արշակյանն ահազանգել էր, որ համայնքի 12 տուն կադաստրային քարտեզով գյուղի տարածքում են, սակայն ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքեւ ընկած հատվածն ադրբեջանական ԽՍՀ տարածքում է։

«Եկան, քարտեզները գծեցին ու թողեցին գնացին. ոչ մի բան ոչ ասել են, ոչ էլ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը: Նա վստահեցնում է, որ գյուղում տրամադրությունները մարտական են. «Մեզ, թու-թու-թու, դեռ չեն զինաթափել, Գորիսի ջոկատն էլ մեզ հետ է: Հայաստանի բոլոր տղաներին կոչ ենք անում գան`ներքեւի թաղի հարցը լուծենք»: Իրենց`գյուղի բնակիչների եւ ՀՀ սահմանի այդ հատվածի միակ երաշխավորն իրենց են համարում:

Մի քանի օր առաջ գյուղից տարհանված կանանց եւ երեխաների մի մասը, ըստ գյուղապետի, վերադարձել են իրենց տներ. «Անորոշ վիճակ է, ինչքա՞ն կարող են էստեղ-էնտեղ մնալ: Տեսնենք»:

Որոտան համայնքի ղեկավար Սուրիկ Օհանյանն էլ ասաց, որ այս պահին գյուղում հանգիստ է, մարդիկ իրենց առօրյա հոգսերով են, բայց անհանգստությունը սրտերում: Այստեղ դեռ մի քանի օր առաջ էին իմացել, որ գյուղից մի հատված`«երկհարկանի տան մասը» անցնելու է Ադրբեջանին: «Իրանց որոշումը մի քանի օր առաջ է եղել, բայց մեր վերադասները պիտի ապացուցեն, որ այդ տարածքը մերն է»,- ասաց Սուրիկ Օհանյանը:

Վարչապետի հայտարարության մասին լսել են: Մեկնաբանությունը կարճ է. «Համաձայն չենք: Մենք հիմա քարտեզներ-բան ենք ճարում, որ ապացուցենք`տարածքը մերն է, Սյունիքի հող է, ոչ էլ գրավված տարածք է»: Պետական որեւէ մարմին իրենց այդ հարցում չի օգնում, ինքնուրույն են անում. «Ամեն օր ելույթ եմ ունենում, ամեն օր ասում եմ`եկեք`ով կարող է, օգնեք: Դեռ մարդ չի եկել: Բայց դե մենք պայքարելու ենք»: Հարցին`ինչպե՞ս եք պայքարելու, զենք ունե՞ք`պատասխանեց. «Փառք Աստծու, ամեն ինչ էլ ունենք: Մենք տեղով զենք ենք: Սյունեցին տեղով զենք է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031