Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահացած մարդուց գողություն են կատարել». կորոնավիրուսից մահացածի դուստր

Դեկտեմբեր 25,2020 16:49

Aravot.am-ին է դիմել Աննա Թադեւոսյանը, որի 60-ամյա հայրը՝ Արա Թադեւոսյանը մահացել է կորոնավիրուսից: Նա պառկած էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում եւ դեկտեմբերի 3-ին մահացել է: Դստեր խոսքով, նոյեմբերի 25-ի ժամը 2-ին է հայրն ընդունվել հիվանդանոց , նախապես ԿՏ էին արել, եւ նրա մոտ ընդամենը 20-25 տոկոս թոքաբորբ էր: Ասում է` սկզբում հիվանդանոցում նույնիսկ ասել էին, որ պառկելու հիվանդ չէ, մինչդեռ հիմա գրված է, որ մահվան պատճառը պրոգրեսիվ թոքաբորբն էր:

«Հայրս իդեալական առողջ մարդ էր, ոչ խոլեստերին ուներ, ոչ ճնշում, ոչ ուղեկցող հիվանդություններ, ոչ էլ անգամ գլխացավ: Ես՝ որպես դուստր, մի անգամ նրա ճնշումը չափած չկամ: Միայն ութերորդ օրն է շեղում եղել իր անալիզներում, եւ այդ օրն են միացրել անտիբիոտիկ: Իրենց ասելով՝ հայրս մահացել է տրոմբից, իշեմիկ ինսուլտ է տարել: Ի դեպ, հիվանդանոց էր ընդունվել 96% սատուրացիայով»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է մահացածի դուստրը` Աննան:

Նա ոչ միայն դժգոհ է հիվանդանոցում հոր խնամքից, որովհետեւ ջերմաչափից սկսած իրենք են տարել, այլ նրանից, որ մահացած մարդու գրպանից գումար են վերցրել:

«Հայրիկիս շորերը կիսատ էին ուղարկել: Այն հագուստը, որով ինքը ներկայացել էր հիվանդանոց, չկար: Ես ասում եմ`ասեղ չի, որ անհետանա, բաժնի վարիչը պատասխանում է, որ տեղյակ չէ: Պապայի գրպանում 12000 դրամ գումար կար, ես էլ 20 000 տվել էի, որպեսզի հենց մոտը մարդ մտնի՝ տա, որ լավ նայեն իրեն:

Ես հիվանդանոցում ասացի, որ գումարը վերադարձնեն, որովհետեւ խնդիրը գումարը չէ, եւ ես իրենց աչքի առաջ դա կմանրացնեմ: Խնդիրն այն է, որ մահացած մարդուց գողություն են կատարել, ու հիմա ասում են` դիմիր ոստիկանություն: Ես ասել եմ, որ իմ պապայի շորերն եմ ուզում… Ես հորս հիվանդության պատմությունն ուրիշ մասնագետների էլ եմ ցույց տալու: Ասել եմ, որ հորս մահը ձեր խղճի վրա ծանրանալու է»,-նշեց Աննա Թադեւոսյանը:

Aravot.am-ը կապվեց նաեւ բաժանմունքի վարիչ Արշակ Ղազարյանի հետ: «Դեպքը պատահել է երեկոյան ժամին: Երբ հիվանդի վիճակը վատացել է, ինքը բաժանմունքից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, եւ բնականաբար շորերն էլ մայրապետը վերցրել-տարել է վերակենդանացման բաժանմունք: Այդ ժամին ես այդտեղ չեմ եղել: Շորերի տեղափոխության համար պատասխանատվություն չեմ կրում: Ես յուրաքանչյուր մայրապետի հետ առանձին խոսել եմ, հարցաքննել, բայց չեմ կարողացել պարզել պատճառը, թե որտեղ կարող է կորած լինել այդ խեղճ մարդու շալվարը:

Ես ենթադրում եմ, որ հնարավոր է սննդի մնացորդի, աղբի հետ շփոթած լինի ինչ-որ մայրապետ եւ աղբը գցած լինի: Սա ուղղակի ենթադրություն է: Ես Աննային ասել եմ, որ ինձ նույնպես հետաքրքրում է այդ մարդու շալվարը: Ինքն ասել է` դիմելու եմ ոստիկանություն, ես դեմ չեմ եղել: Ինձ համար էլ է վիրավորական, որ բաժանմունքից հիվանդը տեղափոխվում է վերակենդանացման բաժին, շորերից ինչ-որ մեկը կորում է: Ես էլ եմ զայրացած մինչեւ հիմա եւ չգիտեմ ինչ ասեմ»,-ասաց բաժանմունքի վարիչը:

Նա հավելեց. «Իրավապահ մարմիններ կան, թող օրինական ճանապարհով պարզեն, թե ուր են կորել շորերը: Աննան տեսավ, որ այդ օրը, երբ եկավ ու ասաց, որ իր հայրիկի շալվարը կորել է, ես ինքս իմ ձեռքերով տոպրակից հանել եմ մահացած հիվանդների հագուստները, փնտրել, ինչն իմ գործառույթը չէ, բայց ուզում էի գտնել, օգնել: Ես ինքս էլ հուզված էի, ես էլ ծնող ունեմ եւ երկու երեխաների հայր եմ…

Ինչ վերաբերվում է Աննայի հորը, նա կորոնավիրուսի բարդությունից է մահացել, դա անխուսափելի բարդություն էր, երբ ֆորս-մաժոր է լինում, անհաղթահարելի ուժ է, ցանկացած բժիշկ չէր կարող դա կանգնեցնել: Բայց որ դրանից հետո հոր շալվարը չի գտնվել, դա ինձ համար վիրավորական էր: Ես էլ այնքան էի հուզվել, որ աչքերս լցվել էին, քանի որ մի պահ պատկերացրի իմ հորը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` unicef.org-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031