Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրի գործընկերներին կներկայացնի Սյունիքում ստեղծված վիճակը

Դեկտեմբեր 27,2020 23:30

Ծննդով գորիսեցի, իրավապաշտպան Նարե Հովհաննիսյանը մայրաքաղաքում լսելով Սյունիքից հասնող մտահոգ ու խուճապահար լուրերը, որոշեց այցելել ծննդավայր, սեփական աչքով տեսնել, համոզվել, թե իրականում ինչ է կատարվում մարզի թեժ կետերում։

«Մամուլում խուճապը շատ է, Գորիս հասնելով՝ նկատեցի սակայն, որ խուճապային տրամադրություն չկա, քաղաքային իշխանությունը ամեն ինչ անում է սահմաններն անառիկ պահելու համար»,-ասում է Նարեն։ Այնուամենայնիվ, Նարեի դիտարկմամբ, սա չի նշանակում, որ Սյունիքի մարզում անվտանգության խնդիր չկա։

Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի եւ ավագանու անդամ Գարիկ Գեւորգյանի ուղեկցությամբ Նարեն եղավ Որոտան գյուղում։ «Մեր ընկալումների մեջ արմատավորված՝ հայկական հողատարածքում տեսա ադրբեջանական դրոշ։ Մի կողմից անձնական ցավ, մյուս կողմից՝ անապահով ու վտանգավոր իրավիճակ»,–ասում է մեր զրուցակիցը։

Նարե Հովհաննիսյանի փաստմամբ, արդեն տաքսիների վարորդներն են վախենում Գորիսից Որոտան ուղղությամբ պատվերներ կատարել, նույնիսկ երբ պատվիրատուն պատրաստ է եռակի-քառակի վճարել։ Նարեն ականատես եղավ մի դեպքի, երբ որոտանցին ձիերը քշելով տանում էր Գորիս։ Հետաքրքրվեց՝ պարզվեց, գորիսեցներից մեկը պիտի ձի գներ, բայց վախենում էր իջնել գյուղ, ստիպված Որոտանի բնակիչը ձիերով հանդերձ գնում էր Գորիս։

Ճանապարհին Նարեն անընդհատ Գորիսի փոխքաղաքապետին հարցուփորձ էր անում, թե ո՞րն է հայկական տարածքը։

«Սովոր էի, որ այդ տարածքները մերն է, իմ հողն ու ջուրն է, բայց տեսնելով ադրբեջանցիներին, ռուսներին, մեր սահմանապահներին, անընդհատ հարցնում էի՝ էս հատվածն ումն է, արդյո՞ք ճանապարհի ներքեւի մասն էլ իրենցը»,–ասում է Նարեն։

Պարզվում է՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում ասֆալտի գործարան կար, բայց այն վերջին օրերին արագ ապամոնտաժվել է, որ չմնա թշնամուն։ «Մի խոսքով՝ պիտի արագ անցնել Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի ադրբեջանացիների վերահսկողության տակ անցած հատվածներով։ Այս պահին այլ տարբերակ՝ առավել ապահով ու անվտանգ, ոչ ոք չի կարողանում առաջարկել»,-ասում է Նարեն։

Այսքանի մեջ սակայն մի լավատեսական կետ կա՝ Որոտանի գյուղապետի հավաստմամբ, ոչ մեկը չի լքել իր տունը, այս պահին արտագաղթ չկա։

Նարե Հովհաննիսյանը փորձելու է արտերկրի իր գործընկերներին ներկայացնել իր տեսածն ու ընդհանրապես տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ «Չպետք է լռենք, գոնե միջազգային հանրությանը իրազեկենք իրավիճակը, ներկայացնենք հարեւան երկրի սանձարձակ պահվածքը սահմանազատման աշխատանքներում»,-մեր զրույցի վերջում ասաց Նարեն։

Ի դեպ, ավելացնեմ, որ Սյունիքից ռեյտինգային ընտրակարգով «Իմ քայլ»-ից ԱԺ պատգամավոր ընտրված, գորիսեցի Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում Հայաստանի կառավարությանն առաջարկել է «հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական-աշխատանքային խումբ եւ հնգօրյա ժամկետով գործուղել Սյունիքի մարզ` սահմանազատման գործընթացները դիտարկելու եւ հասարակական վերահսկողություն իրականացնելու համար»։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Նարե Հովհաննիսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031