Այսօր ոչ միայն գյուղերում, այլ մեծ քաղաքներում ու անգամ Երեւանի որոշ թաղամասերում, որտեղ սեփական տներ կան, դեռ պահպանվել է աղավնիներ պահելու սովորույթը: Իսկ ընդհանրապես, ասում են՝ Հայաստանում տարածված է աղավնիների վեց տեսակ՝ հոբալը, անտառային աղավնին, սովորական տատրակը, թխակապույտ աղավնին, օղակավոր տատրակը եւ փոքր տատրակը։ Դրանք վայրի աղավնիներ են, որոնք ապրում են անտառներում։
Աղավնիները դարձել են հայկական եւ ոչ միայն հայկական հարսանեկան ծեսի կարեւոր «մասնակիցները»: Պսակվելուց հետո եկեղեցուց դուրս գալիս նորապսակները աղավնիներ են բաց թողնում: Դա ամուսնության արարողությանը յուրահատուկ ռոմանտիկություն է հաղորդում:
Աղավնիներ թռցնելու նպատակը, սակայն, ոչ միայն զուտ գեղեցիկ ֆոտոսեսիան է, այլ խորհրդանշում է ամուր ամուսնական միությունը, հարս ու փեսայի այր ու կին դառնալուց հետո երկար համատեղ կյանքի ճանապարհ անցնելը, ինչպես նաեւ ամուրիական ազատ կյանքին հրաժեշտ տալը:
Աղավնիները խորհրդանշում են խաղաղություն, մաքրություն, որոշ էլ զույգեր աղավնիների հետ կապված սնոտիապաշտական հավատալիքներ ունեն, օրինակ երբ թռցնելիս վարդագույն ժապավենով աղավնին առաջ է ընկնում երկնագույն ժապավենով աղավնուց, զույգը մտածում է, որ իրենց առաջնեկն աղջիկ է լինելու, իսկ կապույտի դեպքում՝ արու զավակ:
Կարդացեք նաև
Kulturologia.ru-ն անդրադարձել է ամուսնական արարողության ժամանակ «օգտագործված» աղավնիների ճակատագրերին եւ նշել, որ երբեմն թռչունները չեն վերադառնում իրենց տերերի մոտ ու դառնում են գիշատիչների ու կատուների զոհը: Ըստ աղբյուրի, ԱՄՆ-ում նույնիսկ Աղավնիների պաշտպանության ասոցիացիա կա, որը պայքարում է անազատ պայմաններում աղավնաբուծության դեմ, պնդելով, որ մասսայական միջոցառումների համար՝ նման պայմաններում պահվող աղավնիները չեն կարող երկար ժամանակ օդում մնալ եւ ինքնուրույն կեր գտնել՝ մոլորվելու դեպքում:



Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ Kulturologia.ru-ից


















































