Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց քեզ անհնար է, մա՛մ, ինձ որ մնա, սիրտս կհանեմ, քեզ կտամ». զոհված հերոս զինվորին՝ Միքայելին, մահվանից մեկ ամիս անց գտան

Հունվար 12,2021 13:12

«Առանց քեզ անհնար է, Մա՛մ, ինձ որ մնա, սիրտս կհանեմ, քեզ կտամ: Մա՛մ, քո նման Մամա չկա, երկնքից իջածն էլ քո դեմ անզոր է: Մամային երջանիկ տեսնելուց լավ բան չկա: Ուզում եմ տեսնեմ երջանիկ քեզ, Մամ». 20-ամյա Միքայել Ազարյանը պատերազմի օրերին այսպիսի նամակ էր ուղարկել մայրիկին:

Ավաղ, նա զոհվեց արցախյան 44-օրյա պատերազմում: Հերոս զինվորը հունվարի 10-ին դարձավ 20 տարեկան, նա ծնվել է Երևանում:

Կյանքը հայրենիքի համար զոհաբերած զինվորի մորաքրոջ դուստրը՝ Սոնա Արամայիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ցավով պատմեց, որ եղբայրը վիրավորվել է հոկտեմբերի 18-ին, իսկ տասն օր անց՝ հոկտեմբերի 28-ին, ստացել է բեկորային մահացու վնասվածք և վայրկյանների ընթացքում մահացել: Սակայն իրենք եղբոր դին միայն մեկ ամիս հետո՝ դեկտեմբերի 3-ին են գտել:

Միքայելը սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 ավագ դպրոցում: Հետո ստացել է խոհարարի մասնագիտություն: Ծառայության է անցել 2019-ի հուլիսի 18-ից Ջրականում (Ջաբրայիլ):

Քույրը պատմեց՝ պատերազմի ընթացքում մասնակցել է թեժ մարտերի, այնուհետև նրան տեղափոխել են Հադրութ, որտեղ վիրավորվել է, բայց չի ցանկացել տեղափոխվել հոսպիտալ ու շարունակել է ծառայությունը: Սոնան նշեց. «Նույնիսկ հրամանատարներն են մեզ փոխանցել, որ Միքայելն արիությամբ կռվում է, զարմացած են եղել իր արիությամբ, մարտական ոգով և թե ոնց է ամեն ինչ ինքը կազմակերպում»:

Միքայել Ազարյանը ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» կողմից պարգևատրվել է «Մեծն Տիգրան» շքանշանով:

Միքայելը վիրավորումից հետո ապաքինվել է, Հադրութից հետո արդեն տեղափոխվել է Կարմիր շուկա: Հենց այստեղ էլ հոկտեմբերի 28-ին վիրավորվել է և տասն օր անց մահացել: Քույրը պատմեց՝ Միքայելը մինչև վերջ իրենց հետ կապի մեջ է եղել ու վիշտը հազիվ զսպելով ասաց. «Հոկտեմբերի 28-ից կապն ընդհատվեց, բայց մենք չգիտեինք, որ ինքը զոհվել է: Ոչ իր տեղը գիտեինք, ոչ էլ ընկերներին, որ կապ հաստատեինք, հրամանատարներն էլ տեղյակ չէին: Ու արդեն շատ փնտրելուց հետո՝ դեկտեմբերի 3-ին գտանք իր դին. ԴՆԹ անալիզ արվեց: Այդ ողջ ընթացքում ընկերներին փորձեցինք գտնել, նրանք էլ ասում էին, որ զոհվել է, բայց քանի որ հստակ բան չգիտեինք, ուղղակի չէինք ուզում հավատալ, որ մեր Միքայելը զոհվել է, մինչև չգտանք իրեն: Եղբորս դին ճանաչելի է եղել ու ամբողջությամբ, ուղղակի մեկ ամիս շարունակ դին մնացել է Կարմիր շուկայի Շեխեր գյուղում: Միքայելը բեկորային վնասվածք էր ստացել կրծքավանդակից՝ սրտի կողմից, ու այդ ամենը վայրկենական է եղել: Միքայելի հարազատներն են գնացել, նրա դիակը հանել, հանել են նաև բավականին շատ դիակներ ու արդեն հետո՝ Երևանում են ճանաչել նրան»:

Սոնան, հիշելով եղբոր հետ ունեցած վերջին խոսակցությունը, ասաց՝ այնքան ուրախ է, որ այդ խոսակցությունը ձայնագրվել է ու պատմեց. «Ինքը երբեք վատը չէր մտածում ու ասում էր՝ ես մեռնողը չեմ: Շատ տպավորիչ էր այդ խոսակցությունը: Ինքը միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է, չէր խոսում դժվարությունների մասին: Անգամ վիրավորման մասին չէր ասել: Միայն ինձ էր ասել ու խնդրել, որ տնեցիները չիմանան: Իր վիրավորվելու գիշերը խոսում էինք, ասաց՝ շատ են կրակոցները, կրակները շատ են: Այդպես էր ներկայացնում, չակերտներով, մենք այն, ինչ հասկանում էինք, արդեն ինքը թողնում էր մեր հայեցողությանը»:

Սոնան նշեց՝ երբ գտել են Միքայելի դին, ծոցագրպանում եղել է այն աղոթագիրքը, որը նրա մայրն էր պատերազմի ընթացքում ուղարկել:

Միքայելն ունի 17 տարեկան հարազատ քույր: Քույրն ասաց՝ նրան բոլորն էին սիրում, քանի որ ընկերասեր ու նվիրվող էր. «Միքայելն ուշ էր նվիրվում, բայց մինչև վերջ էր նվիրվում, ինչպես հայրենիքին նվիրվեց ու չխնայեց կյանքն իր հայրենիքի համար: Կյանքում չի խոսել այն մասին, որ կարող է հայրենիքը լքի, գնա ուրիշ տեղ աշխատի կամ սովորի: Շատ էր սիրում մեր հայրենիքը»:

Միքայելը, քրոջ բնորոշմամբ չափազանց հոգատար եղբայր էր, որդի: Մոր ու քույրերի ծննդյան օրերին հետաքրքիր անակնկալներ էր պատրաստում: Անգամ ծառայակից ընկերների հետ նվագախմբով երգեր էին նվագում, երգում և ուղարկում քույրերին, մայրիկին:

Միքայելին հարազատները բնութագրում են որպես սկզբունքային ու անվախ տղա: Սոնան այս առիթով հիշեց, թե ինչպես որոշվեց, որ պետք է Միքայելը գնա ծառայության. «Ինքը ոչնչից չէր վախենում: Միքայելը հնարավորություն ուներ ազատվելու ծառայությունից, քանի որ ուներ առողջական խնդիրներ: Նա 90 տոկոսով պետք է չգնար ծառայության, իր զինակից ընկերներն էլ էին նույնն ասում, բայց երբ եկավ այդ պահը, ինքն ինձ ասաց, որ չի վախենում ու միանշանակ գնալու է և պատվով հետ դա: Մենք վստահ էինք իր վրա, որ այնտեղ էլ է նույն հարգանքը վայելելու»:

Սոնան պատմեց՝ զինակից ընկերները Միքայելին «պոնչ» էին կոչում, ասում՝ նա ուրիշ է, ընկերասեր, ամեն ինչ անում է իր ընկերների համար:

Միքայելը զոհվեց՝ թողնելով իր նպատակներն անկատար: 15 տարեկանից աշխատում էր, օգնում ընտանիքին, սակայն նպատակ ուներ ծառայությունից վերադառնալուց հետո ուսումը շարունակել բուհում:

Անավարտ մնաց նաև Միքայելի սիրո պատմությունը: Սոնան պատմեց՝ Միքայելը սիրած աղջիկ ուներ, բայց ընկերուհին չէր: Պատերազմի օրերին մի նամակ էր տվել քրոջը՝ խնդրելով, որ եթե իրեն ինչ-որ բան լինի, նամակը փոխանցի սիրած աղջկան: Սոնան Միքայելի ծննդյան օրը նամակը փոխանցել է այդ աղջկան: Մեզ հետ զրույցում ասաց, իհարկե, այդ աղջիկն այդքան կապված չէր Միքայելի հետ, բայց նրա զոհվելը շատ ծանր էր տանում, ափսոսում, որ ժամանակին չի կարողացել շփվել նրա հետ:

Միքայելը հուղարկավորված է Եռաբլուրում: Քույրը նշեց՝ հուղարկավորության հաջորդ օրը նրա մահվան քառասուն օրն էր լրանում. այդքան երկար ժամանակ չէին գտնում եղբորը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Միքայել Ազարյանի քույրը՝ Սոնա Արամայիսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031