Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանը կարա՞ բացատրի՝ Վահագնի թաղամասում իր այդ շքեղ առանձնատունն ինչ բիզնես միջոցներով է կառուցվել, չի՛ կարող». Անդրանիկ Քոչարյան

Հունվար 15,2021 15:00

Այսօր Aravot.am-ը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեց՝ ձեզ մեղադրում են, որ դուք, ձեր իշխանությունը սկսեց բանակի հենասյուների՝ զինվորականների վարկաբեկման գործընթաց ու դա էլ նպաստեց, որ այս պատերազմում այսպիսի հետեւանքներ եղան՝ նա արձագանքեց. «Ես էլ մեղադրում եմ այն լրատվական կառույցներին, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում ցույց էին տալիս մեր հրետանու տեղը, մեր զինվորի տեղը, կոորդինատները: Եկեք ամեն մեկս իր մեղքի բաժինը բան անենք, դավաճաններ չփնտրենք»:

Մենք կրկնեցինք հարցը՝ ձեր իշխանությունը զինվորականների վարկաբեկման գործընթաց սկսեց՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ի՜նչ եք ասում, այսինքն, եթե կա կոռուպցիայի մեջ թաթախված զինվորական, որը առաջին պատերազմի ընթացքում կերտել է այդ հերոսապատումը եւ հետագայում այդ հերոսապատման արդյունքը, հաղթանակների արդյունքը մաշեցրել է իր առանձնատների միջոցով, ամեն մի քարի մեջ մի զինվորի ճակատագիր է, թող դրա մասին մտածեն: Թող դրա մասին մտածեն այն 14 գեներալները, որոնք մինչեւ գեներալ լինելը մայոր եւ փոխգնդապետներ էին եւ կերտում էին այդ հաղթանակները: Իսկ այսօր առաջին համարից մինչեւ 14-ը, կարող եք բոլորի առանձնատներով ման գաք եւ դուք կտեսնեք բիզնես, տներ, որոնք ապացույցները, թե ինչ միջոցներով են՝ ոչ մեկը չի կարող տալ: Սեյրան Օհանյանը կարա՞ բացատրի՝ Վահագնի թաղամասում իր այդ շքեղ առանձնատունն ինչ բիզնես միջոցներով է կառուցվել: Չի՛ կարող: Կամ Աշոտ Պետրոսյանը, որը 14-րդ համարն է: Նրանք բոլորն էլ մասնակից են եղել մեր առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը, ես չեմ ասում: Դրանք հեշտ չեն եղել: Հիմա ես չեմ ուզում մեղավորներ ման գալ, թող ամեն մեկը մտածի՝ այս պատերազմն ինչո՞ւ չդարձավ Սարդարապատ: Երբ որ խոսում ենք Շուշիի, Հադրութի, մյուսի մասին, այստեղ այնպիսի շեշտադրումներով ենք խոսում, ոնց որ թե կանոնավոր բանակը մեր ձեռքով ուզում ենք դարձնել նորից ֆիդայական ջոկատներ, երբ որ ֆիդայական ջոկատների հենքի վրա ստեղծվեց կանոնավոր բանակ, որը 94-ի զինադադարը պարտադրեց: Եկեք չխորանանք, ամեն մեկը խոսելուց առաջ թող մի հատ հետ նայի ու ասելուց առաջ նայի, թե ինչպես է իր անզգույշ արտահայտություններով վնասում այսօրվա մեր զինված ուժերին ու ԶՈՒ հեղինակությանը»:

Անդրանիկ Քոչարյանը խոսեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասին՝ ասելով. «Նա մամուլի առաջ ասում է, որ պաշպանության բանակ չկա, դուք հասկանո՞ւմ եք դրա հետեւանքները»:

Քոչարյանի խոսքով՝ բոլոր գեներալները, երբ որ քաղաքական դաշտում իրենց «փեշերից» քաշում են, պետք է մտածեն, նոր խոսեն: Մենք հարցրեցինք՝ դուք խոսում եք կոռուպցիայի մասին, թալանածի մասին, ձեզ հարցադրումներ են հնչում՝ ինչքա՞ն եք հետ բերել թալանածը՝ նա պատասխանեց. «Այ հիմա հետ կբերվի, այդ հարցերը կտաք հետ բերողներին: Ես շահագրգռված եմ օր առաջ այդ թալանը վերացնելու եւ հետ բերելու՝ բանակի կարիքները հենց այդ թալանի վրա ծախսերի համար»:

Մեր դիտարկմանը՝ այնքան եք թալանածը հետ բերել, ինչքան պարգեւավճար եք ստացել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ուրեմն թալանածները փնտրեք նաեւ այն լրատվական կառույցների սեփականատերերի մոտ, որոնց հասցեները եւ անունները դուք շատ լավ գիտեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031