Լրահոս
Օրվա լրահոսը

Անկողնային տաք պարագաներ՝ արցախցի ընտանիքներին. «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությունը

Հունվար 29,2021 17:49
hamahaykakan himnadram

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախից տեղահանված շուրջ 200 ընտանիքի տրամադրել է ձմեռային անկողնային պարագաներ՝ բարձեր և վերմակներ:

Անկողնային պարագաները կարվել են հենց արցախցի կանանց կողմից, երբ նրանց զբաղվածության խնդիրը լուծելու համար Project Hope կազմակերպությունը Ծաղկաձորում հիմնել էր կարի 2 փոքրիկ արտադրամաս և այնտեղ ապաստանածներին ապահովել աշխատանքով:

Հիմնադրամի հոգածությամբ պատվիրված ավելի քան 400 տաք հավաքածուները «Հո´գ տար» սոցիալական նախաձեռնության միջոցով բաշխվեցին Կոտայքի մարզի տարբեր համայնքներում՝ Աբովյանում, Նոր Հաճնում, Նոր Գեղիում, Կամարիսում, Եղվարդում  և հարակից գյուղերում ու քաղաքներում ապաստանած ընտանիքներին:

Ծրագրի շահառուներն ընտրվել են նախապես գրանցված այն ընտանիքներից, որոնց համար առաջնային խնդիր է եղել տաք իրերի ապահովումը: Հաշվի է առնվել նաև ընտանիքների բազմանդամությունը: Յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել է երկուական բարձ և վերմակ:

«Քանի որ մենք մեր ամբողջ ունեցվածքն ու իրերը թողել ենք Արցախում, նմանատիպ ծրագրերն օգնում են ինչ-որ չափով թեթևացնել կենցաղային հոգսերը»,- նշում է ծրագրի շահառու, Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչ Գայանե Բադալյանը:

Անկողնային պարագաները բաժանվեցին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղակայված կենտրոնակայանից, իսկ այն բնակիչներին, ովքեր հնարավորություն չունեին անձամբ մոտենալ և վերցնել պարագաները՝ կամավորներն իրենք հասցրին դրանց կարիքն ունեցող բոլոր ընտանիքներին:

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչառևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:

 «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031