Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի ինքնավարությունը, որը գոյություն է ունեցել մինչեւ 1920թ., կարեւոր դեր է խաղացել քաղաքի կյանքում

Փետրվար 01,2021 13:00

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տարիներ առաջ ուսումնասիրություններ կատարեց լրագրողների տեղեկատվություն ստանալու իրավունքի հետ կապված, արձանագրելով, որ «Արխիվային նյութեր գրեթե չեն օգտագործվում լրագրողների կողմից:

Սա, թերեւս, պայմանավորված էր նրանով, որ հարցվածների մեծ մասը միայն լուր է պատրաստում եւ այն արագ տարածելու խնդիր ունի:

Սակայն այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ փաստաթղթերի հետ աշխատելու պրակտիկան դեռեւս ձեւավորված չէ մեր լրագրության մեջ: Նույնիսկ վերլուծական հոդվածներ եւ հետաքննություններ գրող լրագրողներից շատերը երբեւէ չեն օգտվել արխիվային փաստաթղթերից»:

Այս օրերին մենք առճակատվել ենք պատմության չիմացությանը, հաճախ անանուն աղբյուրներից հղումներ են կատարում անգամ պետական այրերը, մինչդեռ տասնյակ գիտական հոդվածներ չեն բացվում, մնում են մոռացության դարակների փոշու տակ:

«ՇՈՒՇԻԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ» գիտական հոդվածը պատմաբան Հրանտ Աբրահամյանի՝ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովի նյութերից է: Այն նաեւ այսօրեական է, երբ առաջնային է Արցախի, թշնամուն հանձնված մշակութային քաղաքի կարգավիճակի հարցը:

Այս հոդվածը, ինչպես մնացյալ գիտական հոդվածները, տպագրվել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ (Գիտական ընթերցումներ: Հոդվածների ժողովածու.- Գ 602 Ստեփանակերտ: ԱրՊՀ hրատ., 2018թ.):

Ներկայացնում եմ մի հատված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

1846թ. Շուշին ստանալով քաղաքի կարգավիճակ, սկսեց առաջ շարժվել: Այնտեղ զարգացան տնտեսությունը, առեւտուրը, մշակույթը եւ հոգեւոր կյանքը: XIX դ. վերջին բնակչության աճի եւ մշակույթի տեսակետից, Շուշին՝ Թիֆլիսից եւ Բաքվից հետո զբաղեցրեց երրորդ տեղը Այսրկովկասում: Այդ ժամանակ Այսրկովկասում մի քանի քաղաքներ օգտվում էին ինքնավարության իրավունքից: Արցախի բնակչության բողոքները՝ կապված այս հարցի հետ, մերժվեցին ցարական կառավարության կողմից: Վերջապես, շնորհիվ 1892թ. Կանոնադրության, Շուշին եւ Գանձակը ստացան ինքնավարության իրավունք, սակայն ցարական իշխանությունները հետաձգեցին այդ հարցը մինչեւ 1896թ.: Այս նույն թվականին քաղաքի մուսուլմանների ջանքերը ուղղված Դումայի ընտրությունների տապալելուն՝ պսակվեցին անհաջողությամբ, եւ Շուշին ձեռք բերեց ինքնավարության իրավունք, որը գոյատեւեց մինչեւ 1920թ.:

Գոյություն ունեցած ընտրական կարգի համաձայն՝ Շուշին ուներ 513 ընտրական կալվածական ցենզ, որոնցից քրիստոնյա՝ 372, մահմեդական՝ 141: Ընտրությունները նշանակված էր մարտի 10-ին: Մինչեւ ընտրությունների օրը, հայերն ու մահմեդականները մի քանի անգամ եւս հանդիպումներ են ունենում: Հայերի գործադրած բոլոր ջանքերն օգուտ չեն ունենում, մահմեդականները մնում են անդրդվելի:

Առանց մահմեդականների համաձայնությունը ստանալու, հայերը որոշում են պատգամավորների 1/5 ընտրել մահմեդական, մնացածը՝ հայեր: Քվեարկությանը մասնակցում էին 204 քրիստոնյա եւ 130 մահմեդական: Պատգամավորների թեկնածուների թիվը 87 հոգի էր:

Դրանցից ընտրվում են 39-ը՝ 34-ը քրիստոնյա, 5-ը մահմեդական: Մեկ պատգամավորի համար պետք էր տեղի ունենար լրացուցիչ ընտրություն: Պետք էր ընտրվեր նաեւ 8 թեկնածու: Սակայն Շուշիի գավառապետը ընտրությունների նախօրյակին լկտիաբար հայտարարում է, թե քրիստոնյա եւ մահմեդական պատգամավորները պետք է ընտրվեն հավասար քանակությամբ: Հայերը բողոքում են գավառապետի այդ խարդախության դեմ եւ ընտրություններն անց են կացնում կանոնադրության համաձայն: Մուսուլմանները դժգոհ լինելով ընտրությունների արդյունքներից, չեն մասնակցում հաջորդ ընտրությանը:

Շուշիի գավառապետ Ափխաձեն, քաղաքի հայերի ներկայացուցիչներին հրավիրելով իր մոտ, պահանջում է, որ ընտրված պատգամավորներից մի քանիսը հրաժարվեն պատգամավորությունից՝ հօգուտ մուսուլմանների: Երկու հոգի հրաժարվում են: Դա էլ պատճառ է դառնում, որ 1897թ. սեպտեմբերին Շուշի ժամանի նահանգապետը եւ պաշտոնից ազատի գավառապետին, գավառի առաջին եւ երկրորդ մասերի ոստիկանապետներին եւ քաղաքի մի շարք պաշտոնյաների: Շուշիի քաղաքային դումայի առաջին հավաքը տեղի է ունենում 1896թ.: Քաղաքագլուխ է ընտրվում վերոհիշյալ Իվան Քալանթարյանը, օգնական՝ Ջավադ Բեկ-Իշխանյանը:

Շուշիում ինքնավարություն հաստատելը մեծագույն հաղթանակ էր արցախահայության համար: Այն ժողովրդավարական էր, որի գործունեությունը բխում էր քաղաքի շահերից եւ պահանջներից:

Քաղաքագլուխ ընտրվելուց վեց ամիս անց, Իվան Քալանթարյանը հրաժարական է տալիս, որից հետո երկար ժամանակ չեն կարողանում քաղաքագլուխ ընտրել: Ի վերջո 1898թ. հուլիսի 9-ին հաջողվում է քաղաքագլուխ ընտրել պաշտոնաթող զինվորական Կ. Դանիելյանին՝ մի անձնավորություն, որի գործունեությունից գոհ էին քաղաքի բնակչությունը: Նրա նախաձեռնությամբ քաղաքի փողոցները սալահատակելու համար հատկացվում է 1500 ռուբլի, կանոնավորվում է Թամիրյանի բերած ջրի բաշխումը, կարգավորվում են շուկան, դեղատան գործունեությունը, քաղաքում բացվում է բանկ: Քաղաքը երկար ժամանակ հարմարավետ բաղնիք չուներ: Քաղաքագլխի նվիրված աշխատանքի հետեւանքով 1900 թվականից սկսել է գործել ժամանակի պահանջներին համապատասխան նորակառույց բաղնիք:

Վերջինս կառուցվել է եվրոպական տիպի՝ շնորհիվ պարոն Մ. Ա. Նանյանցի ներդրման: 1900-ական թվականների սկզբին սկսվում է Ռեալական ուսումնարանի շինարարությունը, որն ավարտվում է 1908թ.: Շուշին այդ տարիներին հանդիսացել է ազգային-ազատագրական պայքարի կենտրոն:

Նրա վերջին քաղաքագլուխը եղել է Գերասիմ Մելիք-Շահնազարյանը, որը պաշտոնից հրաժարվել է 1919թ. ապրիլի 20-ին: Մեկ տարի անց Շուշին զոհ է դառնում թուրք վանդալներին:

«Առավոտ» օրաթերթ
30.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728