Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան տարբեր կարծիքներ, որ պատերազմը «ծախված էր», մենք թույլ էինք…, ես համաձայն եմ բոլորի հետ». Լեւոն Արշակյան

Փետրվար 03,2021 22:44

23-ամյա Լևոն Արշակյանն աշխատում է Civilnet-ի արցախյան գրասենյակում: Ծնվել և մեծացել է Ստեփանակերտում, զինվորական ծառայությունն իրականացրել է Ջաբրայիլում: Նա պատերազմի 44 օրերի ընթացքում եղել է Արցախում`տարբեր հատվածներում, «լուսանկարել է» պատերազմը: «Պատերազմի ընթացքում հոկտեմբերի 1-ին Սիվիլնեթի թիմով գնացինք Հադրութ, սակայն Ջաբրայիլ գնալն այդ պահին վտանգավոր էր, քանզի դեռ հաստատված չէր՝ թշնամին այն վերցրե՞լ է, թե` ոչ: Շատերը պատմում են, որ Ջաբրայիլի հատվածն ամենաարագն են վերցրել»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմում է Լեւոնը:

– Ձեր տեսանյութերից և լուսանկարներից դուրս՝ ինչպիսի՞ն տեսաք պատերազմը:

-Պատերազմի առաջին շաբաթն աշխատել եմ, հոկտեմբերի վեցից մինչև տասնչորսը, ՄՈԲ-ով զորակոչվել եմ, կռվել եմ Հադրութում, դրանից հետո վերադարձել եմ ու շարունակել նկարել: Այնտեղ, որտեղ մենք ենք եղել կոնկրետ ռազմական գործողություններ չեն եղել. անընդհատ մեզ վրա կրակում էր հրետանին, իսկ մենք տեղափոխվում էինք: Զոհեր էինք ունենում: Ընկերս՝ Արսենը զոհվեց, դիակն էդպես էլ չկարողացանք հանել…

Ես ՀՕՊ մասնագետ եմ, սակայն ինձ տարան որպես հետեւակ: Մենք ունեինք յուրաքանչյուրս մեկ զենք և չորս պահունակ փամփուշտ: Հրամանատարական կազմ չունեինք, ՄՈԲ-ի տղաներից մեկն էր նշանակվել հրամանատար: Երկու-երեք օրը մեկ մեզ հետ կապվում էին Շտաբից և ասում, թե ի՞նչ անենք:

Վերադառնալուց հետո աշխատել եմ և՛ Արցախի տեղեկատվական շտաբում, և՛ Civilnet-ում:

Պատերազմի հինգ-վեցերորդ օրը թիմով գնացինք Մարտունի, որտեղ տեսանք ԱԹՍ-ով խփված տուն: Սկսեցինք նկարել և այդ պահին քաղաքը սկսեց «գրադ»-ով հրետակոծվել: Մենք պատսպարվեցինք այդ տանը, «գրադ»-ը հիմնականում քաղաքի կենտրոնին էր խփում: Մեզ հետ նաև ֆրանսիական «Le monde»-ի թղթակիցներն էին: Այդ ժամանակ ես ոչ թե իմ մասին էի մտածում, այլ իմ թիմակիցների: Բոլորին ուղղորդում էի, գոռում էի՝ եկեք այս կողմ, այն կողմ: Երբ ամեն ինչ ավարտվեց, արագ նստեցինք մեքենան ու շարժվեցինք: Արդեն ճանապարհին իմացանք, որ «Le monde»-ի լրագրողը վիրավորվել է և միանգամից գնացինք հիվանդանոց: Այդ ժամանակ միայն մենք նրան նկարեցինք վիրահատարանում: Հետո նրան տեղափոխեցին Երևան, և, փառք Աստծո, ամեն ինչ լավ ավարտվեց:

– Ի՞նչ զգացիք նոյեմբերի 9-ի չարաբաստիկ գիշերը:

– Այդ ժամերին սովորաբար լրահոսի չեմ հետևում: Այդ օրն ընկերս զանգահարեց և ասաց, որ պատերազմն ավարտվել է: Ուրախացա: Մտա համացանց ու սկսեցի կարդալ ստորագրված հայտարարության հոդվածները՝ մեկ առ մեկ: Յուրաքանչյուր կետը նախորդից ավելի վատն էր: Մտածեցի՝ չար կատակ է, ապատեղեկատվություն, սկսեցի ստուգել բոլոր աղբյուրները, բայց ճիշտ էր… Մի պահ մեջս դատարկություն էր. չգիտեի՝ լավ է, թե՞ վատ, կարո՞ղ էր ավելի լավ լինել, կարո՞ղ էր ավելի վատ լինել: Այդ պահը տևեց ամբողջ գիշեր: Միակ լավ բանն այն էր, որ պատերազմն ավարտվեց,  էլ իմ եղբայրները, ընկերները չեն զոհվի, զոհերի շարքն ավարտվեց: Իսկ թե ի՞նչ պայմաններով և գնով՝ ինձ համար հարցի երկրորդ կողմն էր:

– Պատերազմում և՛ աշխատել եք, և՛ մասնակցել: Ունեցե՞լ եք տպավորություն, որ պարտությունը նախօրոք պլանավորված էր, պատերազմն էլ՝ բեմադրված, ինչի արդյունքում ունեցանք այսքան զոհեր և վիրավորներ. հիմա շատ են նման վերլուծությունները:

– Կան տարբեր կարծիքներ, որ պատերազմը «ծախված էր», մենք թույլ էինք, մեր բանակի մարտունակության մասին բարձր հայտարարությունները մեդիա-մանիպուլյացիա են: Ես համաձայն եմ բոլորի հետ: Միշտ չէ, որ զինվորն է որոշում պատերազմի ելքը: Զինվորը կոնկրետ պահի կոնկրետ վայրում կատարում է գործողություն, բայց ընդհանուր պատերազմի պատկերն այլ է:

– Պատմության մեջ մենք քիչ ենք եղել հաղթողի դերում: Այս 30 տարիներն այդ քիչ ժամանակներից էին, երբ մենք մեջքներս ուղիղ էինք քայլում: Հիմա նորից պարտված, կոտրված՝ ի՞նչ ենք անելու:

– Մենք պիտի ուսումնասիրենք պատմությունը, գտնենք մեր պարտությունների պատճառները և փորձենք դրանք վերացնել: Ես հիմա դա չեմ տեսնում: Կրթության ոլորտը պետք է արդիականացնել: Բանակը պետք է ուժեղացնել: Բանակը միայն զինվորը չէ, այն նաև տեխնոլոգիաներն են: Շատ հայեր կան, որոնք լավ մտքեր ունեն, օրինակ, ԱԹՍ-ների մասով, սակայն չկա նորմալ, ճիշտ ֆինանսավորում: Եթե լինի ճիշտ ոլորտներում նորմալ ֆինանսավորում՝ հնարավոր է նորմալ պետություն ստեղծել՝ իր բանակով, հրամանատարներով:

– Կա կարծիք, որ մենք շրջում ենք մեր պատմության վերջին էջը:

– Ես չգիտեմ, չեմ պատկերացնում, թե վաղն Արցախում ի՞նչ կլինի: Այսօր այստեղ կան ռուս խաղաղապահներ, որոնց առկայությունն ավելի շատ հարցեր բացում է, քան փակում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ էական փոփոխություններ պիտի լինեն, իրավիճակը չի կարող այսպես մնալ, ամեն ինչ դեռ առջևում է:

 

Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728