Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց պատժենք այդ պաշտոնյային, մտածենք, որովհետեւ կարող է միտումնավոր չի արել, բայց ինձ համար նա իրականացրել է դավաճանական բնույթի արարք». Հովհաննես Իգիթյան

Փետրվար 11,2021 17:16

ԱԺ-ում քննարկվում է ԲՀԿ պատգամավորների հեղինակած նախագիծը՝ «Քրեական օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության եւ լրտեսության համար պատիժները: Գործող օրենսգրքով պետական դավաճանության համար 10-15 տարի ազատազրկում է սահմանվում, հիմա առաջարկվում է պատիժը դարձնել 15-20 տարի եւ ցմահ ազատազրկում:

Ի դեպ, Էնֆիաջյանի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ի կայքը ուղիղ հեռարձակումը դադարեցրեց ու պատգամավորն այստեղ միտում տեսավ:

Հարակից զեկուցող Սերգեյ Ատոմյանն ասաց, որ իրենց քաղաքական ուժը ողջունեց նախագիծն ու դրական եզրակացություն տվեց հանձնաժողովում, քանի որ բոլորը գտնում են, որ պետական դավաճանությունը պետք է խստագույնս պատժվի. «Լրտեսությունը եւ դավաճանությունը տարբեր են, բայց լրտեսը չի կարող լինել ՀՀ քաղաքացի, պիտի լինի օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, իսկ պետական դավաճանը պետք է լինի բացառապես ՀՀ քաղաքացի: Գործող օրենսգրքով 10-15 էր նախատեսվում դավաճանության եւ 8-12 տարի՝ լրտեսության համար»: Հանձնաժողովում քննարկման արդյունքում եկել էին եզրակացության, որ «մկրատ» թողնեն, որպեսզի դատավորը կարողանա հանցագործության օժանդակության համար ավելի մեղմ պատիժ սահմանել:

ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հարցրեց՝ հիմա այդ հոդվածով քրգործեր կա՞ն հարուցված ու հնարավո՞ր է տարանջատել՝ եթե որեւէ անձ ՊՆ-ի շենքը նկարեց, ուղարկեց թշնամուն, դրա համար ի՞նչ պատիժ է լինելու ու երբ պետական պաշտոնյան գիտակցաբար դա անում է, ինչպե՞ս են պատժելու, գնդակահարություն չունենք: Սերգեյ Ատոմյանը պատասխանեց. «Հենց դրանից ելնելով՝ մենք մկրատ ենք դրել: Երբ ինչ-որ մեկը ինչ-որ գումարի դիմաց, չհասկանալով իր արածի վտանգավորության աստիճանը, ռազմական օբյեկտ է նկարել ու ուղարկել թշնամուն, օգտագործվել է թշնամի պետության կողմից, այդ մարդուն ցմահ ազատազրկելը տեղին չի լինի: Իսկ երբ պետական պաշտոնյան գիտակցելով դա արել է, նրան ամենախիստ պատիժը պետք է սահմանվի, մեր օրենսդրությամբ դա ցմահ ազատազրկումն է, մահապատիժ չունենք: Կարող էինք նաեւ դա սահմանել, եթե ունենայինք»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն իր ելույթում ասաց. «Պատերազմի ժամանակ բարձրաձայնում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից արգելված զենքեր օգտագործելու հանգամանքը: Ներկայացնում ենք լուսանկարներ, տեսանյութեր, որտեղ պարզ երեւում է: Ադրբեջանն էլ ներկայացնում է իբր փաստեր, որ Հայաստանը օգտագործել է: Փաստ չունի, բայց որպես փաստ օգտագործում է ՀՀ բարձրաստիճան ռազմական պաշտոնյայի խոսքը, որը որպես լրագրողի սադրիչ հարցերի պատասխան՝ ասել է մեկ-երկու նախադասություն, որ Հայաստանը օգտագործել է սա…սա: Ադրբեջանը դա օգտագործում է որպես փաստ, որովհետեւ միջազգային պրակտիկայում գործող պաշտոնյայի հայտարարությունը համարվում է փաստարկ: Կարող է այդ պաշտոնյան անսթափ վիճակում էր կամ սադրիչ բնույթի հարց էր: Ո՞նց պատժենք այդ պաշտոնյային, մտածենք, որովհետեւ կարող է միտումնավոր չի արել, բայց ինձ համար նա իրականացրել է դավաճանական բնույթի արարք, որի համար մենք տարբեր միջազգային դատարաններում խնդիր ունենք հիմա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728