Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյանը հերքում է Արա Այվազյանին

Փետրվար 11,2021 20:21

«Թուրքիան միշտ սահմանների հարցում որպես պատրվակ բերում էր ԼՂ-ի, այսպես ասած, օկուպացված լինելը, երևի թե սա նկատի ուներ արտգործնախարարը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը: Լրագրողները հետաքրքրվել էին ԱԳ նախարար Արա Այվազյանի երեկ արած այն հայտարարությամբ, թե Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանները փակ պահելու պատճառ չունի։

Իր`Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ, սակայն, սահմանների փակ լինելը միայն Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետ չէր կապված, իսկ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շատ հեռու են բարեկամական լինելուց. «Երկար ժամանակ պետք է անցնի, Թուրքիայում փոփոխություններ պետք է լինեն, որ մենք կարողանանք նրան տեսնել որպես ուղղակի երկիր։ Ես այսօր չեմ տեսնում մթնոլորտ Թուրքիայում, այնտեղ առկա հայտարարությունները բավականին մտահոգիչ են, և ես կասեի՝ ռասիստական։

Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, ապա այն իրականացված փաստ է, որը շատ երկրներ հաստատել են։ Երբ Թուրքիան հասկանա՝ կճանաչի։ Մենք չենք խնդրում, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, երբ հասկանա, ու իր վրա ճնշումը մեծ լինի, կճանաչի»:

Անդրադառնալով Արցախի հարցին, Արցախի կարգավիճակի հարցին էլ իշխող ուժի պատգամավորը հարցեր է հնչեցնում. «Ո՞ւր մնաց Մինսկի խումբը, արդյո՞ք համարում ենք, որ Մինսկի խումբը էլ չունի իր դերակատարությունը: Ես բաց խոսում եմ Ֆրանսիայի կոլեգաների հետ՝ դուք Մինսկի խմբի համանախագահի պարտավորություն եք վերցրել ձեզ վրա, դուք ունե՞ք ինֆորմացիա, թե ի՞նչ է կատարվում այնտեղ, ի՞նչ է կատարվում Հադրութում, արդյո՞ք մենք, միջազգային հանրությունը կարո՞ղ է ունենալ այդ տեղեկությունները, իհարկե՝ ոչ»:

Ստեղծված իրավիճակի մասին Հովհաննես Իգիթյանն իր կարծիքն ունի. «Ի՞նչ էլ լինի, ի՞նչ հայտարարություն, խաղաղարար ուժեր` դա կարող է համարվել ժամանակավոր, ոչ երկարատեւ զինադադար, որը չի կարելի համարել երկարատեւ խաղաղություն: Պարզ է, որ միակ երաշխիքը, որ ես եմ տեսնում՝ դա միջազգային կարգավիճակն է, որը կերաշխավորի: Ինչպես կգանք այս վիճակին, դա արդեն կախված է ոչ միայն Հայաստանից»:

Այլ մանրամասները քիչ ուշ`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728