Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Այվազյանը Ժան-Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը

Փետրվար 11,2021 22:00

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Ի շարունակումն նախկինում ունեցած շփումների` ԱԳ նախարարները համընդգրկուն քննարկում ունեցան տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձ կատարեցին Արցախում հումանիտար իրադրության և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը` ընդգծելով Ադրբեջանի կողմից այդ գործընթացում խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը։ Այս առնչությամբ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի իր գործընկերոջը հարցը օրակարգում մշտապես բարձր պահելու համար:

ԱԳ նախարարները շեշտեցին ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և մտքեր փոխանակեցին համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ։

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաև երկկողմ օրակարգի հարցեր։ Զրուցակիցները բարձր գնահատեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի պատվիրակության վերջերս Հայաստան կատարած այցը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները տեղում քննարկելու համար, մտքեր փոխանակվեցին այցի արդյունքներով ձեռնարկվելիք հետագա քայլերի շուրջ։

ԱԳ նախարարներ Այվազյանը և Լը Դրիանը կարևորեցին տարբեր մակարդակներով փոխշփումների և խորհրդակցությունների շարունակականությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728