Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանությունն այս երեք տարիների ընթացքում Հայաստանում որևէ լուրջ ծրագիր, որևէ բարեփոխում չի իրականացրել. Հովհաննես Սահակյան. «Փաստ»

Փետրվար 18,2021 10:33

Այս ապիկար, այս՝ բառիս բուն իմաստով անգրագետ, անպատասխանատու անհայրենիք իշխանություններն ամեն գնով փորձեցին քարը քարին դրված ամեն ինչ քանդել: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը՝ հետհայացք ուղղելով 2018 թ.-ից սկսված գործընթացներին:

Տեղի ունեցավ ամենասարսափելին

«Ի՞նչ տեղի ունեցավ չակերտավոր հեղափոխության գործընթացում: Պատերազմող երկրի համար ամենասարսափելին տեղի ունեցավ: Ի՞նչ արեցին՝ նախևառաջ քանդեցին բանակը և, քանդելով բանակը, առաջինը սկսեցին ճանապարհ անցած սպաներից ու գեներալներից: Բացի այդ, ոչ մի բանի ունակ իշխանությունը փորձեց նաև պիտակավորել, անուն կպցնել այս կամ այն գործընթացին: Այնուամենայնիվ, կարող ենք մի բան փաստել. այս իշխանությունն այս երեք տարիների ընթացքում Հայաստանում որևէ լուրջ ծրագիր, որևէ բարեփոխում, որևէ գործընթաց, որևէ քիչ թե շատ հասկանալի միջոցառում չի իրականացրել: Իրականում չեն կարող իրականացնել, որովհետև ունակ չեն: Նայեք մեր պետության ներաշխարհը. կարող է շատ ցավոտ ու վատ բան ասեմ, բայց փաստն այն է, որ մենք պատերազմում նահատակված մեր հերոս տղաների նույնիսկ անունը հրապարակելու և նրանց արժևորելու ականատեսը չենք: Յուրաքանչյուր օր հարյուրից ավելի զոհված տղաների անուն են հրապարակում, ու դա դարձրել են սովորական: Բայց մենք պետք է արժևորենք մեր տղաների նահատակվելը, ինչն ամենակարևորն է:

Ասում են՝ զոհվել են, բայց նրանք մարտիրոսացել են՝ հանուն մեր պետության և ի հեճուկս այս իշխանության ներկայացուցիչների այն զառանցանքների, թե տղաները հանուն ոչնչի են զոհվում: Նրանք նահատակվեցին, մի ողջ սերունդ գլխատվեց, որ հանկարծ ժողովուրդն այս ապիկար իշխանությանը հող հանձնելու մեջ չմեղադրի»,ասաց Հ. Սահակյանը՝ շեշտելով, որ գործող իշխանությունը խառնաշփոթ է ստեղծել բոլոր ոլորտներում: «Ինչպես խառնաշփոթ ձևով կառավարում են ամբողջ երկիրը, այդպիսի խառնաշփոթ էլ ստեղծեցին կռվի օրերին՝ բանակում, կռվի դաշտում: Սա է այն իրավիճակը, այն ընդհանուր պատկերը, որը սարսափելի է: Էլ չեմ ասում տնտեսական ծանրագույն իրավիճակի մասին: Ժողովրդին բերեցին ու հասցրին մի վիճակի, որ մտածի ոչ թե բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի, այլ նրա մասին, որ հանկարծ իր ինքնիշխան ու անկախ երկրի տարածքում մի քաղաքից մյուս քաղաք այցելելու ճանապարհին գերի չընկնի»,-ասաց նա:

Օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվել

Հիշելով Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ.-ից հետո արված հայտարարությունները՝ Հ. Սահակյանը հավելեց. «Այս մարդիկ պարտվել են, կապիտուլյանտը ստորագրել է կապիտուլյացիայի ակտ: Բայց մի տարօրինակ հանգամանք կա. իշխանափոխության առաջին ամիսներին ինքն այստեղից փորձում էր մանիպուլացնել Ադրբեջանի ժողովրդին ու հեղափոխություն կազմակերպել, արձագանքում էր Ալիևի ցանկացած շարժումներին: Հիմա թե՛ Ադրբեջանի ժողովրդի, թե՛ Ալիևի ծաղրի առարկան է դարձել, ու զրո արձագանք: Հիմա այս մարդն ինչպե՞ս է կարողանալու բանակցել: Պատերազմից հետո առաջին հանդիպման արդյունքներն արդեն տեսանք. երկու կարևորագույն՝ գերիների վերադարձի հարցն ու Արցախի կարգավիճակի խնդիրն անգամ չեն էլ քննարկել»: Նա շեշտեց՝ նաև այսօրվա իշխանություններն են, չէ՞, ասում, որ պատերազմի վտանգը դեռ կախված է, պետք է համախմբվել և այլն:

«Բայց մեկ անգամ պարտվածը, երկիրը խառնաշփոթի վերածողն ու այս իրավիճակին հասցնողը կարո՞ղ է երկիր կամ պատերազմ կառավարել: Իհարկե՝ ոչ: Պետք է թասիբ ունենան, մի փոքր հայրենասեր լինեն, օր առաջ կոչով դիմեն ժողովրդին ու ասեն՝ մեզ մոտ չի ստացվել: Պետք է օր առաջ հասկանան, որ իրենք ունակ չեն, չեն կարողանում ղեկավարել ու առանց խժդժության, առանց ավելորդ լարվածության թողնեն իշխանությունն ու գնան: Իսկ հաջորդն էլ՝ ով կգա, ում ժողովուրդը ձայն կտա, պետք է պատրաստ լինի լծվել պետականաշինության աշխատանքներին: Առհասարակ, յուրաքանչյուրս պետք է լծվենք այդ գործին՝ համախմբվելով ու մի կողմ դնելով ամբիցիաները: Այս իրավիճակում բոլորիս խնդիրը հավատն ու վստահությունն օր առաջ վերականգնելը պետք է լինի: 10 միլիոն հայությունը պետք է վստահի և հավատա մեր հայրենիքը կառուցողներին, ղեկավարներին և այդ գործընթացն առաջնորդողներին:

Եթե կարողանանք այդ հավատն ու վստահությունը վերականգնել, վստահ եմ՝ ամբողջովին այլ Հայաստան կունենանք: Օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվել ու բացատրել, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվել: Իրենք էլ գիտեն, որ չի ստացվել և չի ստացվելու, որովհետև իրենք քինախնդիր, մանրախնդիր մարդիկ են ու ունակ չեն գործ անել: Այս 3 տարվա իրենց ամբողջ գործունեությունը «նախկինները 30 տարի…» թեզի վրա է կառուցված եղել»,-եզրափակեց Հ. Սահակյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728