Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցեր՝ հանրահավաքին ընդառաջ

Փետրվար 20,2021 10:00

Այսօր՝ փետրվարի 20-ին, որը մեր նորագույն պատմության մեջ խորհրդանշական օր է, տեղի է ունենալու ընդդիմության, իրենց խոսքերով, «մեծ հանրահավաքը»:

Չգիտեմ, թե որքանով է այն «մեծ» լինելու, բայց քանակը, ճիշտն ասած, ինձ այնքան էլ չի հետաքրքրում: Ավելի կարեւոր են հարցերը, որոնց, ընդդիմությունն, իմ կարծիքով, դեռ չի պատասխանել: Շարադրեմ դրանցից մի քանիսը:

Փաշինյանի սխալը նրանում էր, որ նա չի ընդունել «Լավրովի պլա՞նը», նրանում, որ «հանձնվելու» փաստաթուղթը կարող էր ստորագրել, ասենք, պատերազմի 4-րդ օ՞րը, թե՞ նրանում, որ մենք հնարավորություն ունեինք հաղթելու պատերազմում, բայց ինչ-ինչ կազմակերպչական թերությունների պատճառով չկարողացանք դա անել: Կամ գուցե՝ բոլորը միասին:

Արդյո՞ք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը պետք է կատարվեն, թե՞ դրանք բոլորը կամ դրանցից մի քանիսը պետք է մերժվեն: Եթե պիտի կատարվեն, ապա ո՞ր մասով է Փաշինյանը դրանք սխալ կատարում, եւ ինչպես են ներկայիս ընդդիմադիրները դրանք կատարելու, եթե գան իշխանության:

Կա՞ որեւէ տարբերակ ադրբեջանցի զինծառայողներին հեռացնելու Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի մոտից, որպեսզի այդ հեռավորությունը մեր բնակչության համար պակաս վտանգավոր դառնա:

Ի՞նչ պետք է անի իշխանությունը գերիների եւ անհետ կորածների հարցում, որը հիմա չի անում:

Արդյո՞ք ընդդիմությունը գտնում է, որ Հայաստանի իշխանությունը պետք է ուղիղ, չմիջնորդավորված կապեր հաստատի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, թե՞ այդ կապերը պետք է միջնորդավորված լինեն Ռուսաստանի մասնակցությամբ: Եթե Թուրքիան առաջարկի առանց նախապայմանների բացել սահմանը Հայաստանի հետ, արդյոք այդ առաջարկը պետք է ընդունե՞լ, թե՞ մերժել:

Եթե պարզ է, որ Փաշինյանը հրաժարական չի տա, ինչպես նաեւ իշխանությունից չի հեռանա ո՛չ արտահերթ, ո՛չ էլ հերթական ընտրությունների արդյունքում, ապա ի՞նչ լծակներ ունի ընդդիմությունը՝ իշխանափոխություն իրականացնելու համար:

Եվ վերջապես, եթե Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար ազգային արժանապատվության խնդիրները կարեւոր չեն, եւ նրանք չեն գիտակցում կատարված աղետի ամբողջ ողբերգությունը, կա՞ն արդյոք միջոցներ հանրահավաքների միջոցով այդ արժանապատվությունն արթնացնելու:

Ես այդ հարցերի հստակ եւ վերջնական պատասխանները չունեմ, բայց նրանք, ովքեր պայքար են մղում իշխանության համար, կարծում եմ, պետք է ունենան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . Մենք այս պատերազմին պարտուեցանք, քանի որ, որեւէ դէպքում, ի վիճակի չէինք այս պատերազմը յաղթելու:

    . «Փաշինյանի սխալը նրանում է», որ այս պատերազմը՝ տեղի ունեցաւ:

    Եւ այդ սխալը, յանցանքն ու կոթողային էշութիւնը, կը սահմանուի հետեւեալ հիմնական երէք բաղադրիչներով՝
    – Արեւմուտքի հետ յուսալից սիրաբանութիւն, պղտորելով Հայաստանի յարաբերութիւնները Ռուսաստանի հետ;
    – Արցախի վերաբերեալ բանակցութիւնների քայքայում, մինչեւ անել կացութիւն;
    – Գրգռիչ, կռուազան խօսքեր, մարտահրաւէրներ, Ադրբեջանի դէմ – անտեսելով Թուրքիոյ ակնյայտ տրամադրութիւնները – ;
    – Ներազգային ծայրագոյն, աննախադէպ տարողութեամբ պառակտումի գոյացում եւ տեւական հրահրում;

    Անկէ ետք, թէ հիմա ընդդիմութիւնը ինչ է ուզում, ինչ չի ուզում, ինչ է անում կամ չի անում… իսկապէս, ի՞նչ կարեւոր: (Մենք, ախպարներս կ’ասենք՝ որո՞ւն ճիվերուն ) :

    Արցախը կորսնցուցինք: Գնաց: Վսյո:

    Հազարաւոր նահատակ երեխաներն ալ չկան, ու չեն վերադառնար այս աշխարհը: Նախապէս զոհուածներն ալ, առարկայականօրէն… հա… բոլորն ալ՝ պարապ տեղը մեռան:

    Ուրեմն, այդ ամէնէն ետք, այս Փետրվարի 20ի հանրահաւաքը՝ ո՛չ մի իմաստ չունի այլեւս:

    Իմաստ կ’ունենար, եթէ նոյն ցուցարարները նոյն տեղը լինէին, նոյն կեցուածքով, Ապրիլ-Մայիս 2018ին:

    Հիմա, ինչպէս կ’ըսեն՝ too little, too late.

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Ի՞նչ իմաստ ունի կապել վերևի հարցերը հանրահավաքի հետ: Իհարկե, մարդիկ այդ հարցերի պատասխանները լսելու կարիք ունեն: Բայց չեմ կարծում, թե այս պահին տեղին է ասել, որ սա ընդդիմություն է (բառի դասական իմաստով), ու որ իրենք հիմա քաղաքական պայքար (նորից՝ բառի դասական իմաստով) են մղում իշխանության համար: Ուշ թե շուտ դա էլ կլինի, երևի: Հիմա նպատակը միակն է. կանխել արդեն բավական հստակ ուրվագծվող նոր արհավիրքը: Այս պահին նույնիսկ տեղին չէ խոսել կատարվածի հետևանքներն ուղղելու կամ մեղմելու մասին: Ինչպես հայտնի ռուսական մուլտի մեջ է ասվում. «Когда дому угрожают крысы, мышам лучше помалкивать!»

    • Սարգիս Զեյթունյան says:

      Նախավերջին հարցն, իհարկե, կարևոր է:

      • Հ.Շ. says:

        Աարդարեւ,

        . 9 Նոյեմբեր 2021-ի փաստաթուղթին գործադրուած բովանդակութիւնը անկարելի է յեղաշրջել:

        Ամենատարրական այն պատճառով որ՝ հայկական բանակ չկայ:

        . Ընդդիմութիւնը, սկիզբը միայն այդ ուղղութեամբ յոյսեր տուեց Հայութեան:

        Անկէ ետք սակայն, իրենց ըսածը այն է թէ, կատարուած իրողութիւններէն զատ, տակաւին կան՝ գալիք, մօտիկ ապագայի վերաբերող վտանգներ եւ էական վնասներ. եւ իրենք պիտի ջանան կանխել զանոնք: Սակայն նոյնիսկ եթէ կայ այդպիսի, տակաւին յառաջիկայ ծանր վնասների հաւանականութիւն, իրենք ալ պիտի չկարողանան անոնց առաջքը առնել:

        Ամենատարրական այն պատճառով որ՝ հայկական բանակ չկայ:

        • Հ.Շ. says:

          9 Նոյեմբեր «2020» գրել կ’ուզէի անշուշտ…

          լման մեկնաբանութիւն մը այդ ակնյայտ վրիպակը սրբագրելու թող չծառայէ, ուրեմն մի բան ել աւելցնեմ, բանակի չգոյութեան կապակցութեամբ՝

          զինուորներ, նախկին ազատամարտիկներ, հրապարակների վրայ խաղաղապաշտ քարոզներ են գոռում… իրենց ամենատարօրինակ հանկերգներից մին լինելով այն, որ եթէ պատերազմը կանգ չառնէր, ապա իրենք պիտի մեռնէին: Հա… բայց այդպէս է, չէ՞, երբ որ զինուոր ես… Կամ ալ, սկիզբէն դասալիք եղիր, փախչիր: Ոչ թէ՝ իբրեւ թէ կռիւի գնա, վախնալով որ, աման, յանկարծ կարող ես մեռնիլ…

          շատերն ալ նահատակուեցան… ողբերգական թիւրիմացութեան մը պատճառով. կարծեցին
          թէ այս պատերազմի վերաբերեալ Հայութեան ոգին լինելու էր այն, որմով բնորոշուեցան 1988-1994ի մարտերն ու պատերազմը… եթէ գիտնային որ, երեսուն տարիներ ետք, այդ ոգիէն բան չէ՛ր մնացած, կամ իրենք ալ չէին երթար կռուելու – կամաւորների պարագային -, կամ իրենք ալ, աւելի կը մտածէին՝ ողջ մնալու մասին, քան թէ կռուելու. (այդ տեսակի նահատակների շարքին, ունեմ տասից աւելի ընկերներ կամ ընկերների զաւակներ… չեմ կարող երեւակայել անգամ թէ այժմ ինչ են զգում իրենց հարազատները… ուղղակի խուսափում եմ խօսելէ անոնց հետ…)

          այն երկվայրկեանին իսկ որ այս պատերազմը սկսաւ, արդէն պարտուած, վերջացած էինք

          չպէտք է որ սկսէր

          • Ջորդանո Գալիլյան says:

            Այո, իհարկե: Հաշվի առնելով այն ակնհայտ փաստը, որ նիկոլչիբեյը ամեն ինչ արեց պատերազմը հրահրելու, ձգձգելու ու երաշխավորված պարտության հասցնելու համար, կարելի է նույնիսկ ասել, որ այս պատերազմը չէր կարող չլինել, եւ նրա սկիզբը ոչ թե 2020 թ. սեպտեմբերի 27-ն է, այլ 2018 մայիսի 8-ը, երբ «դավադիր պատերազմի» գաղափարով զինված ոչնչությունը դարձավ վարչաղետ: Ճիշտ էր Դավիթ Շահնազարյանը, երբ պատերազմից դեռ շատ առաջ ասում էր, որ սրա իշխանության գալու միակ նպատակը Արցախը հանձնելն է…

        • Ջորդանո Գալիլյան says:

          Հայկական բանակ այժմ իրոք չկա, բայց ոչ թե բառացիորեն, այլ այն իմաստով, որ չկա բանակի ղեկավարություն. այն հանձված է նիկոլական կարիերիստներին: Նիկոլչիբեյին բանակ ընդհանրապես պետք չէ, նրան այժմ միայն իր թիկնապահ ժանդարմներն են հետաքրքրում: Իհարկե՝ հեշտ չի լինելու բանակի վերակենդանացումը, բայց դա էլ հնարավոր է միայն այս գերագույն գլխավոր ստահակի հեռացումից հետո: Իսկ որ Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը եւ այլոք կարող են այդ գործը գլուխ բերել, ես չեմ կասկածում…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Ավելի կարեւոր են հարցերը, որոնց, ընդդիմությունն, իմ կարծիքով, դեռ չի պատասխանել

    Իրականում բոլոր էական «հարցերի» պատասխանները տրվել են, բայց ես հասկանում եմ իհարկե, որ կարելի է ձեւացնել, թե պատասխան «դեռ» չկա եւ պահանջել «ընդդիմությունից» համապարփակ հաշվետվություն մանրակրկիտ «հարցուպատասխանի» տեսքով: Էլ չեմ ասում, որ Արցախի կորստով անիմաստ են դարձել եւ «հարցերը», եւ «պատասխանները»…

    • Հ.Շ. says:

      Ընդդիմութեան խնդիրը՝ այն տարօրինակ ուղին է, որու միջոցաւ ուզեցին փոխել իշխանութիւնը:

      Ուզեցին Փաշինյանին ընել այն, ինչ որ ինք ըրաւ՝ Սարգսյանին:

      Սակայն որոշիչ տարբերութիւնը հետեւեալն է – եւ բնաւ կարեւոր չէ ցուցարարների քանակը – ՝
      . Աժի փաշինյանիզթները, որեւէ «փողոցի ճնշումի» տակ, չեն յանձնուիր, որեւէ պարագայի
      . Վարչակարգը՝ իր բոլորը ուժայինները, իրենց ստամոքսային հաւատարմութեան յատուկ կատաղութեամբ, շղթայազերծած է
      . Փաշինյանը չի գիտեր կանգ առնել. իր էական բնոյթն է՝ երբեք իր սահմանները չճանաչել, որեւէ կարմիր գիծի կամ սահմանի չգիտակցիլ.
      (թերեւս այդ պատճառով է որ մասնաւոր խնդիր չունի նաեւ Հայաստանի սահմանների այժմու վիճակին հետ… (ի դէպ, «Open Society Foundations »ի հիմնական գաղափարաբանութեան մաս կը կազմէ՝ առանց ազգային սահմանների աշխարհի մը ցնորքն է… որու գինը կը վճարեն միայն փոքր ու տկար երկիրները…)

      • Ջորդանո Գալիլյան says:

        Ընդդիմությունն իրոք բարդ խնդրի առջեւ է կանգնած. փողոց փակելով դժվար կլինի հարցը լուծել, իսկ ընտրություններով՝ ոչ պակաս դժվար եւ այն էլ միայն ամիսներ հետո, երբ արդեն բանը բանից անցած կլինի: Ուրեմն էլ ի՞նչ անի խեղճ ընդդիմությունը, հո չի կարող ձեռքերը ծալած նստել ու նայել, թե ինչպես է քիրվայական սրիկան աննախադեպ ստորությամբ կործանման տանում Հայաստանը…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչպիսի հանրահավաք էլ լինի, ինչ հարց ու պատասխան էլ լինի, մենք երբեք ինքնակամ հրաժարական չենք տա: Եւ ինչ էլ լինի՝ մենք չենք դադարի բերման ենթարկել հայ ժողովրդին…

  5. Արթուր says:

    Նա կհեռանա կամ կդիմի փախուստի միայն և միայն 1 դեպքում, երբ ականջին շատ մոտ տարածքից լսվեն կրակոցներ….

    հգ. տես նրա անցած ուղին

  6. Aha says:

    համեստ առաջարկ՝ եթէ հնարավոր է հատուկ լրացուցիչ software օգտագործել comment-ների արդիւնավետ համակարգման համար։ Տեսնել Disqus.com

  7. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար: Հասկանում եմ, որ սովորաբար մեկնաբանելու ցանկություն ունեն ծայրահեղ իշխանամետ կամ ծայրահեղ ընդդիմադիր հայացքներ ունեցող ընթերցողները:

  8. Gagik says:

    Իրականում բոլոր հարցերի պատասխաններն էլ տրվել են։
    Բայց մի ուրիշ հարց էլ կա, որ կարան նույն բանը անեն բայց էֆեկտը լինի ուրիշ։
    Ասենք գերիների հարցով Նիկոլը զանգումա Պուտինին, Քոչարյաննելա զանգում Պուտինին։
    Մենք ապրում ենք մի ռեգիոնում, որտեղ անձնական կապերը հարաբերությունները հսկայական դերա խաղում։ Չնայած ամենուրեք էլ տենցա։ Նիկոլը իրան դրսևորելա որպես անվստահելի մարդ,

    Ու ստեղ ամենկարևոր հարցը ենա, որ ամեն օր ավել մնալով Նիկոլը նոր խնդիրներա ստեղծում ու ավելացնումա ձեր հարցերի քանակը։

    Ասենք եթե նոյեմբերի 10-ին հրաժարական տար ու նոր վարչապետ նշանակվեր հիմա գերիների հարցը կարար սենց չբարդանար։
    Նոր վարչապետը հայտարարում էր, որ մեր զորքը Լաչինի շրջանից դուրս չի գալու մինչև բոլոր գերիները չվերադարձվեն։
    Ու էլի շատ էականա թե ովա վարչապետը, ովա էտ ասում, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Դանիել Իոնիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արփի Դավոյանը, Քրիստինե Պողոսյանը թե ասենք Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը։

  9. Լավատես says:

    Այսօր մեզ ոչ ստանդարտ գաղափարախոսություն է պետք, շատ ենք հետ ընկել, անցյալին նայելը պետք է լինի միայն համեմատության համար այսօրվա հետ, իսկ ապագային նայելը՝ որպես ծրագիր, որն այսօր պետք է իրականացնել:
    Նորակոչիկից ինչքան էլ փնովես, թե զինվոր չի, ինքը զինվոր չի դառնա, միայն ծառայելով հմուտ զինծառայողների խիստ ու արդար հետեւողական դաստիարակության ու ուսուցման շնորհիվ է նորակոչիկը զինվոր դառնում: Ժողովուրդը նույն նորակոչիկն է, նա ինքնուրույն ազգ չի դառնա, ազգը դա քաղաքացիական բանակն է, իսկ քաղաքացին՝ նրա հմուտ քաղաքացիական զինվորը, սա է ազգ բանակը: Սովետից լավ բաները պետք է ընդօրինակել, դաստիարակել սկսած փոքր տարիքից՝ հոկտեմբերիկ, պիոներ, կոմերիտական, հետո կարծեմ կոմունիստական կուսակցության թեկնածու եւ կոմունիստ: Տարիքի ու հմտության հետ այս վերելակները շատ արդյունավետ էին, որը եւ գործում է նաեւ բանակում՝ պաշտոններ ու կոչումներ ստանալիս: Ժողովրդի կարծիքը քաղաքացիական, մասնավորապես ընտրական հարցերում համարել արժեքավոր նույն հիմարությունն է, ինչ նորակոչիկի կարծիքը համարել արժեքավոր ռազմական հարցերում: Երեխային առաջին դասարանից պետք է դաստաիարակել որպես ապագա զինվոր ու քաղաքացի եւ միայն զինվորական ծառայությունն անցածն իրավունք ունի դառնալ լիարժեք քաղաքացի, այսինքն՝ միայն հմուտ պատասխանատու պետական ծառայողը, որը զինվորական ծառայության ընթացքում բացի ռազմական արվեստից նաեւ քաղաքական քաղաքացիական արվեստն է ուսումնասիրում եւ կիրառում, իրավունք ունի դառնալ լիարժեք քաղաքացի, իսկ մինչ այդ՝ քաղաքացիության թեկնածու, ՝կոմերիտական՝, ՝պիոներ՝, ՝հոկտեմբերիկ՝:
    Երկրորդ կարեւոր հարցը, որը նույնպես ստանդարտ ձեւերով չես լուծի՝ ժողովրդագրական խնդիրն է, ամուսնանալու համար աղջիկների տարիքը թողնել նույնը, իսկ տղաներինը իջեցնել մինչեւ տասնհինգ տասնվեց տարեկան եւ ծառայության ուղարկել միայն սերունդ թողած տղաներին, հետո հզոր գաղափարախոսական աշխատանք տանել, որ աղջիկները իրենցից ջահելների հետ ամուսնանալը համարեն ազգապահպան հերոսություն, ինչպես ժամանակին է եղել, երգ կա նման բովանդակությամբ, բանակը հզոր է զինվորով, ազգը՝ քաղաքացիով, մեզ որակ ու քանակ է պետք, ես նույնիսկ բազմակնություն կքարոզեի եւ ժողովուրդին պետք է հասկացնել դրա անհրաժեշտությունը մեր ազգի գոյության համար: Մենք երկար դարեր մնացել ենք որպես ժողովուրդ եւ էլի երկար դարեր կարող ենք մնալ որպես ժողովուրդ, բայց եթե ուզում ենք հասունանալ ու ազգ դառնալ, պետք է ծառայել մեր հայ ռազմաքաղաքացիական բանակում եւ օգնել մյուս ժողովուրդներին ազգ դառնան:

  10. Հ.Շ. says:

    Վերը մի քիչ խճողուեցաւ, ուրեմն այստեղ գրեմ, քանի որ նիւթը կարեւոր է ՝

    . Բանակին խնդիրը, ինչպէս նաեւ ազգային ոգիի պակասը – Հայաստանի եւ նաեւ Արցախի մէջ -, ես չեմ կրնար լրիւ ու բացառապէս վերագրել միմիայն Փաշինյանին: Որքան որ ալ իր դէմ լինեմ, եւ ուզեմ որ ինքն ու իր դժոխածին վարչակարգը, իրենց քաղաքացիական զզուելի գործիչներով, քաղաքական դաշտէն վերջնականապէս անհետանան:

    ( Այս մասին գոնէ երեք հատ ընդլայնուած յօդուածներ գրած եմ, սակայն չեմ հրատարակած, որպէսզի անոնցմէ չօգտուի Փաշինյանը: Իր մեկնումէն ետք, կը հրատարակեմ… Պաշտպանութեան նախարարը եւ բանակին սպայական վերնախաւը հիմնական պատասխանատուներն են մարտադաշտում մեր կրած ջախջախիչ ու խորտակիչ պարտութեան: Նաեւ իրենք են, ամենայն հաւանականութեամբ եւ տրամաբանութեամբ, պատերազմի երկար տեւողութեան հիմնական պատճառը… Ես չեմ կրնար այդ ամէնը չնկատել, կամ մէկդի դնել ներազգային բախումների վերաբերեալ նկատառումներով. ոչ, երբ որ այդքան զոհեր եւ կորուստներ ունինք : Ու ես շռայլութիւնը ունիմ այս պարկեշտութեան, քանի որ ամենաառաջին օրէն սկսեալ եւ ի վեր է որ՝ հրապարակային հակա-յեղափոխական եմ. մինչ ուրիշներ հիմա չափազանցում են իրենց – շա՜տ ուշացած – հակափաշինյանիզմը, քանի որ սուր կարիքը ունին մոռցնելու – կամ իրենք իսկ մոռնալու – իրենց նախնական ու երկարատեւ զօրակցութիւնը կամ պարզապէս լռութիւնը այժմու անիծեալ վարչակարգին նկատմամբ, եւ հետեւաբար իրենց պատասխանատւութիւնը, տեղի ունեցած Հայոց Մեծ Աղէտին առնչութեամբ)  :

    . Իսկ թէ, ի սկզբանէ, Փաշինյանին միտումն էր՝ «Արցախը հանձնել», շատ հաւանական է, եթէ խօսքը կը վերաբերի առանց պատերազմի յանձնումին: Բանակցային սեղանի վրայ տեղատւութեան: Բան մը որ կրնար ընել, եւ չըրաւ, ու յանկարծ գնաց միւս ծայրայեղութեան: Ու վերոյիշեալ շարք մը յանցաւոր սխալներուն պատճառով, կորսնցուցինք հազարաւոր կեանքեր եւ յաւելեալ հողեր, ԼՂԻՄ-ին ալ մի խոշոր մասը:

    . «Կը ներէք» ուրեմն, որ իմ ձայնս չմիացնեմ մնացեալ, որոշ տեսակի մեղադրանքներուն – մինչեւ այն ատեն որ անոնք կանոնաւոր ու հաստատ կերպով չեն փաստուած – :

  11. Իրատես says:

    Ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չեն ասում արտագաղթի նոր ալիքը ինչպես են կասեցնելու։ Ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չեն ասում ինչ կլինի Հայաստանի անվտանգային համակարգի հետ, եթե Արևմուտքին հաջողվի քանդել Ռուսաստանը ներսից։ Բոլորը ասում են ինչ անել։ Բայց չեն ասում ինչպես անել։ «Պետք է անել X գործողությունը» կարգի պնդումները կարելի է բաժանել երկու խմբի՝ երբ պարզ է թե ինչպես է պետք անել, և երբ մեղմ ասած պարզ չէ։ Օրինակ եթե ասես «իջնեմ հաց առնեմ»՝ չեն ասի «էտ ո՞նց ես անելու»։ Շատ պարզ՝ քայլելով կգնամ կառնեմ կգամ։ Իսկ երբ ասում են արտագաղթը պետք է փոխարինել ներգաղթով …………….. ուզում ես դասականին մեջբերես։

  12. henri says:

    Կը միանամ Պ.Աբրահամեանի յօդուածին բոլոր ներկայացուցած տեսակէտներուն ։
    Այս պահուն իմ և ընկերներուս հիմնական մտահոգութիւնները ամփոփուած են հոն.
    Մերձաւոր անցեալի մասին ի վիճակի չեմ կարծիք յայտնելու, բաւարար տեղեկութիւն չունենալով այդ դէպքերու մասին ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728