Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան․ «Սյունիքն այս պահին անվտանգ է, ի՞նչ է եղել Սյունիքում»

Մարտ 15,2021 20:25

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (Սյունիքից ընտրված) Արմեն Խաչատրյանն անդրադառնալով Կապանի N դիրքի վերաբերյալ համացանցում հայտնված տեսանյութերին ասաց՝ Սյունիքի հետ կապված շատ հարցերը փորձում են սարքել քաղաքական շահարկման առարկա, ինչը տագնապի զգացողություն է առաջացնում բնակչության մոտ։

Նա նշեց, որ սպասում է դատախազության պարզաբանմանը․«Զինվորականն իրավունք չունի նման հրապարակումներ անել, ես խիստ կասկածում եմ, որ այդ տեսանյութը զուտ քաղաքական նպատակներով չի արվել»։

Հարցին՝ գուցե պաշտոնական մարմիններն ավելի արագ են արձագանքում, երբ դեպքի վերաբերյալ սոցիալական ցանցերում են հրապարակումներ լինում, պարոն Խաչատրյանը պատասխանեց․ «Երկրի անվտանգության խնդիրները չի կարելի սոցիալական ցանցերում քննարկել։ Կան ծառայողական գաղտնիք եւ պետական գաղտնիք պարունակող նյութեր, որոնք առավել եւս սոցիալական ցանցերում քննարկման ենթակա չեն։ Հատկապես զինվորականները, պետք է դա շատ լավ գիտակցեն, եւ պետք է շատ լավ գիտակցեն, որ իր հրապարակումն առաջին հերթին ուսումնասիրելու է թշնամին։ Եթե անձը գիտակցելով այդքան հրապարակումներ է անում, այստեղ արդեն լուրջ խնդիր կա։ Պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է դա արել։ Այդ տեսանյութի իսկության, եւ այդ հանգամանքների իսկության եւ ով է մեղավոր, դատախազությունը ստուգում է իրականացնելու։ Եթե կպարզվի, որ մեղավորներ կան ե՛ւ այդ հենակետի անմխիթար վիճակի համար, ե՛ւ նաեւ հրապարակման համար, ապա բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Զանգեզուրի միջանցքի մասին հայտարարությանը, պարոն Խաչատրյանն ասաց՝ դա ցինիկ հայտարարություն է, եւ չի ուզում նույն ցինիկ տոնով եւ ցինիկ բառապաշարով․ «Որեւէ մեկը չի կարող մեզ որեւէ բան պարտադրել։ Հայտարարության պատճառն այն է, որ Ադրբեջանի շատ սպասումներ չեն իրականացվել կապված ճանապարհների եւ այլնի հետ՝ իրենց ցանկացած տարբերակով, չնայած Հայաստանը խախտում չի արել պայմանագրի, սակայն Ադրբեջանը գուցե այլ պատկերացումներ ուներ այդ ծրագրերի իրականացման հետ, ինչը բերել է նման ցինիկ հայտարարությանը»։

Պարոն Խաչատրյանի կարծիքով՝ այս պահին պատերազմի վտանգը հավասարեցված է զրոյի, պատերազմի վտանգ չկա․ «Սակայն դա չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է իր պաշտպանական հնարավորությունները չվերանայի։ Պաշտպանական հնարավորությունները պետք է հնարավորինս վերանայվեն, եւ մենք պետք է մեր նշաձողն ավելի բարձր դնենք: Մենք արդեն պետք է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Թուրքիային դիմակայելու մասին մտածենք: Մեր նշաձողը դա պետք է լինի: Դա ահռելի մեծ ու ծանր աշխատանք է»։

Վերադառնալով Սյունիքի մարզում պաշտպանական խնդիրներին, եւ դիտարկմանը՝ Սյունիքի համայնքապետերն ինքնուրույն են անվտանգության հարցերը լուծում, պարոն Խաչատրյանն ասաց․ «Բոլոր համայնքներն ու աշխատակիցներն ակտիվ մասնակցել են պատերազմի ժամանակ թիկունքային աշխատանքներին, ինչպես նաեւ ամբողջ ժողովուրդը, սակայն դա չի նշանակում, որ այնպիսի վիճակում է գտնվել երկիրը, որ համայնքապետերը պետք է ջոկատ կազմեին եւ գնային պայքարեին թշնամու դեմ։ Նման բան չի եղել, որեւէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել եւ դրա անհրաժեշտությունը չկա»։

Լրագրողի դիտարկմանը՝ Սյունիքի համայնքապետերն ասում են՝ որ իշխանությունն անտեսել է իրենց խնդիրները եւ իրենք սեփական ուժերով փորձում էին պայքարել ադրբեջանցիների դեմ, պատգամավորն այսպես արձագանքեց․«Որեւէ համայնքապետ կամ նրա ջոկատը տեսե՞լ եք, որ պայքարի ադրբեջանցիների դեմ։ Համայնքի վարչական ղեկավարը հանդիպել է ադրբեջանցի սպային, այնուհետեւ ահազանգել է ՊՆ, համապատասխան կորպուսը ժամանել է այդ վայր, պատերազմից հետո, բայց այսօր բացառում ենք որեւէ քաղաքացու շփումը ադրբեջանցու հետ, որովհետեւ նման դեպք չկա»։

Պարոն Խաչատրյանը վստահեցրեց՝ Սյունիքն այս պահին անվտանգ է․«Ի՞նչ է եղել Սյունիքում, ինչ-որ մեկը պատերազմից հետո Սյունիքում ինչ-որ վնաս կրել՞ է, հակառակորդի կողմից վնաս հասցվե՞լ է։ Պատերազմի հետեւանքներն, այո, ահռելի վնասներ են կրել, բայց քաղաքացու անվտանգության խնդիր չի առաջացել, որեւէ քաղաքացի ադրբեջանցիներից վնաս չի կրել»։

Լրագրողի այն դիտարկմանը՝ ԱԱԾ-ն զգուշացնում է՝ եթե մեկնում եք Սյունիք, հիշեք մեր հեռախոսահամարը, սա անհանգստություն չի՞ առաջացնում, պարոն Խաչատրյանն այսպես արձագանքեց․ «Ճիշտ է անում ԱԱԾ-ն։ Ես անձամբ առանց ներկայանալու ԱԱԾ-ի այդ զգուշացմանը, ականատես եմ եղել, որ զգուշացրել են ինձ։ Կանգնեցրել են եւ ասել են՝ եթե այս ճանապարհահատվածում ինչ-որ խնդիրներ կլինեն, մեքենայի անսարքության հետ կապված հարկադիր կանգառ կլինի, ցանկացած օգնություն ակնկալելու նպատակով զանգեք այս համարով։ Դա նշանակում է՝ այդ համարով զանգելու դեպքում կժամանեն, կօգնեն, նույնիսկ մեքենայի անսարքությունը կվերացնեն եւ այլն։ Եվ պետք է շնորհակալություն հայտնել մեր սահմանապահ զորքերին, որ անգամ պատրաստ են այդ ծառայությունը մատուցել։ Այս է, ոչ թե որ քեզ առեւանգեն՝ կզանգեք։ Որ առեւանգեն, ո՞նց ես զանգելու։ Որեւէ մեկը չի կարող առեւանգել, այստեղ արդեն շատ լուրջ քաղաքական եւ ռազմական խնդիրներ կառաջանան՝ եթե հանկարծ ՀՀ մի քաղաքացի ինչ-որ մի բանից տուժի»։         

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031